ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 1-ին մասում «64-րդ» բառից առաջ լրացնել «63.1-ին,» բառը:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-ին հոդվածով.
«Հոդված 63.1. Ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքները
- ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 10 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
- ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ԱՏԳ ԱԱ 0201, 0202, 0203, 0204, 0206, 0301, 0302, 0303, 0304, 0401, 0701, 0702, 0703, 0704, 0705, 0706, 0707, 0708, 0709, 0710, 0806, 0807, 0808, 0809, 0810, 1001, 1002, 1003, 1004, 1005 ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող գործարքները։
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ապրանքների մատակարարման ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 9.0 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե՝
1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.
2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.
3) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել.
4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետը.
«1.1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված 63.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված ապրանքների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը հաշվանցվում է Կառավարության սահմանած կարգով: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների ձեռք բերման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքը Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ: Սույն կետով սահմանված հաշվանցումը չի տարածվում ԱԱՀ վճարողներից ձեռք բերվող ապրանքների վրա.»։
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
- Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: