Add to favourites

«Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ


N_____-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «դ» ենթակետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 18-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 


Հավելված 
ՀՀ կառավարության 2022թ. –ի
N ______ -Ն որոշման

ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հասատություն) սովորողների նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու և նրանց մոտ հետևյալ ունակություններն ու տեղեկատվությունն ապահովելու նպատակով՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության վերաբերյալ պատկերացումների ձևավորում.
2) ազգային բանակում ծառայելու գիտակցության ձևավորում.
3) զորամասերի զինվորական անձնակազմի կյանքին և կենցաղին, զենքին ու զինվորական տեխնիկային ծանոթացում.
4) տեսական և գործնական պատրապմունքների միջոցով շարային ու կրակային պատրաստությունների իրականացում.
5) ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու դաստիարակում.
6) ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով մասնագիտական կողմնորոշման ընտրություն.
7) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի հիմունքների յուրացման ապահովումը,
8) քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով գործելու, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու, առաջին օգնություն ցուցաբերելու ունակությունների, արտակարգ իրավիճակներում գործելու հմտության և անհրաժեշտ վարվելակերպի ձևավորում:

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

3. Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունը կազմակերպվում և անցկացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման, ինչպես նաև գործնական պարապմունքների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում կրակային պատրաստության իրականացման միջոցով:
4. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրային և ուսումնական նյութատեխնիկական բազան ընդգրկում է`
1) ուսումնամեթոդական դասագրքերը և ձեռնարկները.
2) հատուկ կահավորված դասասենյակ, որն օգտագործվում է միայն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման համար,
3) ուսումնական զենքն ու ռազմամթերքը, փոքր տրամաչափի հրացանները, դրանք պահելու համար կահավորված զենքի պահպանման սենյակը,
4) մարտավարության, շարային պատրաստության և քաղաքացիական պաշտպանության պարապմունքների վայրերը,
5) ֆիզիկական կուլտուրայի, ուժային վարժությունների, պաշտպանամարզական միջոցառումների հրապարակները,
6) ժամապահի, օրապահի պարտականությունների գործնական պարապմունքների անցկացման կետերը,
7) ուսումնական զենքի մաքրման և յուղման, հրաձգության գործնական հնարքների կատարման մշակման տեղերը,
8) քաղաքացիական պաշտպանության ուսումնական գույքը, պաշտպանական անհատական միջոցները, ճառագայթային և քիմիական հետազոտությունների ուսումնական սարքերը.
9) ուսումնադիտողական ձեռնարկները, ուսուցման տեխնիկական միջոցները:
5. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագիրը հաստատում է կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարը` ծրագրի նախագիծը համաձայնեցնելով պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ազգային անվտանգության, ոստիկանության բնագավառների պետական լիազոր մարմինների հետ:
6. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ծրագիրը ներառում է առարկայական չափորոշիչները, տեսական և գործնական պարապմունքների ժամանակացույցը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը, ուսումնական հաստատության տնօրենի հրամանով հաստատվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում գործնական պարապմունքների ու կրակային պատրաստության իրականացման ժամանակացույցը, որի կազմման նպատակով ուսումնական հաստատությունը համագործակցում է կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ազգային անվտանգության, ոստիկանության բնագավառների պետական լիազոր մարմինների իրավասու ստորաբաժանումների հետ:
7. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման և գործնական պարապմունքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ուսումնական հաստատություններին ապահովում է ուսումնական զենքով և ռազմամթերքով, փոքր տրամաչափի հրացաններով, զինվորական գործին տիրապետելու համար անհրաժեշտ ուսումնադիտողական ձեռնարկներով ու ուսուցման տեխնիկական միջոցներով, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ապահովում է քաղաքացիական պաշտպանության ուսումնական գույքի, պաշտպանական անհատական միջոցների, ճառագայթային և քիմիական հետազոտությունների ուսումնական սարքերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտին առնչվող անհրաժեշտ ուսումնադիտողական ձեռնարկների ու ուսուցման տեխնիկական միջոցների հատկացումը: Կրակային պատրաստության իրականացման նպատակով ուսումնական հաստատությունները կցվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամասերին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանումները, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, վերահսկողություն են իրականացնում ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի և ռազմամթերքի, փոքր տրամաչափի հրացանների պահպանման նկատմամբ:
8. Ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումն իրականացնում է ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (այսուհետ՝ զինղեկ), որը պատասխանատու է սովորողների նախազորակոչային պատրաստության պատշաճ կազմակերպման և անցկացման, ուսումնական հաստատության ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծման և համալրվածության համար: Զինղեկը հանդիսանում է նաև ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը և ապահովում է ուսումնական հաստատությունում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացը: Զինղեկի պաշտոնային պարտականությունների և որակավորման պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ:
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինները համագործակցում են զինղեկների ընտրության և նշանակման, նրանց վերապատրաստման ու մեթոդական աջակցության գործընթացում: Զինղեկներին օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հատկացվում է զինվորական համազգեստ:

 

 

  • Discussed

    21.10.2022 - 06.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4010

Print

Suggestions

Սամվել Հարությունյան

06.11.2022

Առաջարկում ենք նաև 1. Տրամաբանական շղթան աւարտելուց յետոյ կազմակերպել մարտախաղ-մրցոյթներ հարեւան դպրոցների միջեւ սովորած գիտելիքները կիրառելու եւ մարտական գործողութիւնները պատկերացնելու նպատակով։ Մարտախաղը անցկացնել համայնքային, քաղաքային, մարզային եւ հանրապետական փուլերով 2.կրակային պատրաստութեան տարածքները կահաւորել նաեւ մարտավարական մարզումներ իրականացնելու համար 3.Դասագրքերի և/կամ ձեռնարկների մշակման գործում ներգրավել ոչ միայն պետական լիազոր մարմինների այlև ռազմամարզական գործունեություն իրականացնող կառոյցների միութեան միջոցով (ոչ առանձին կառոյցների)։ 4. Կարիք կայ վերանայել նաև զինղեկների նշանակման/ընտրութեան կարգը, քանի որ փաստացի ռազմամարզական կառոյցները աւելի շատ աշխատանք են իրականացրել, քան բոլոր զինղեկները միասին։ Ընդանուր առմամբ առաջարկում ենք նաև ֆիզկուլտուրայ առարակայի, պարի, ՆԶՊ֊ի դասերը վերնայել և դարձնել համալիր աւելացնելով նաև առաջին բուժօգնութիւն։

Սևադա Աղաջանյան

28.10.2022

Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հատկացվող զինվորական համազգեստի հատկացման դեպքում այն պետք է ունենա նաև որոշված «Օգտագործման ժամկետ»: Բացի այդ պետք է հստակություն մտցվի ինչ տիպի համազգեստ /դաշտային, թե ամենօրյա/: Միայն ամառային համազգեստով պիտի սահմանափակվե°ն, թե ձմեռայինի մասին էլ հոգ կտարվի: Այն ինչ պիտի տրվի համապատասխան հոդվածի մի կետով պետք է նշվի հետագա բարդություններից խուսափելու համար:

Սևադա Աղաջանյան

28.10.2022

Անհրաժեշտ է նաև լուծել զինղեկների զինվորական հագուստի կրման թույլտվության հարցը /պահեստազորի ոչ բոլոր սպաներն ունեն զինվորական հագուստի կրման թույլտվություն/:

See more