ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
6 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով՝ որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետև՝ ԱԱՏՄ) վերահսկողություն է իրականացնում՝ «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու», «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության» և «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման» տեխնիկական անվտանգության կանոններով» սահմանված պահանջների նկատմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածով սահմանված ստուգաթերթերի հիման վրա: Իսկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետև՝ ՇՎՏՄ) վերահսկողություն է իրականացնում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման N 1 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները (այսուհետ՝ Կանոններ), որոնց նկատմամբ միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից:
Հարկ է նշել, որ «Տեխնիկական անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:
Մինչդեռ, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:
Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները:
Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով:
Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:
Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:
Հաջորդիվ, Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված՝ առանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվության ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելու հետ կապված վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը վերապահված է միաժամանակ ՇՎՏՄ և Տեղական ինքնակառավարման մարմններին:
Հարկ է նշել, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է տեսչական մարմինների նպատակը՝ որպես օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:
Ավելին, ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 4-րդ կետով սահմանվել են ՇՎՏՄ վերահսկողության հետևյալ ոլորտները՝ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանումը, չափումների միասնականության ապահովումը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանումը, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացումը, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառության իրականացումը, և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 732-Լ որոշմամբ հաստատված ՇՎՏՄ կանոնադրության 11-րդ կետով սահմանվել են վերջինիս լիազորությունների շրջանակը:
Հաշվի առնելով վերոգրյալը, և արձանագրելով այն հանգամանքը, որ մտավոր սեփականության ոլորտը ըստ էության դուրս է ՇՎՏՄ գործառույթների շրջանակից և չի հանդիսանում վերահսկողության ենթակա անվտանգության ոլորտ, անհրաժեշտություն է առաջացել կատարել համատասխան փոփոխություններ Օրենսգրքում:
Այնուհետև, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի պահանջների համաձայն՝ ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են խստորեն պահպանել և հետևել դրանով սահմանված վաճառքի սահմանափակումներին: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է... վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց:
Ըստ այդմ, Օրենսգրքի 173.1-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման համար, իսկ 244.7-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ այդ գործերի քննությունը վերապահված է ՇՎՏՄ:
Հարկ է նշել, որ ՇՎՏՄ ստուգումներ է իրականացնում համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, որի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված է, որ ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ ՇՎՏՄ ստուգումից բացի, լիազորված չէ իրականացնելու վերահսկողական և վարչաիրավական այլ գործառույթներ այդ ոլորտում խախտումները հայտնաբերելու համար, իսկ անմիջապես ստուգում իրականացնելու ընթացքում, որպես կանոն, նման խախտումներ չեն հայտնաբերվում, քանի որ տնտեսավարողները ստուգման ընթացքում առավել քան ուշադիր են և արդյունքում զերծ են մնում նման խախտումներ կատարելուց: Ավելին, նման խախտումները բացահայտելու համար պահանջում են արագ արձագանքման համակարգ, տարածքային ստորաբաժանումներ և այլ գործիքակազմ, որոնց ՇՎՏՄ չի տիրապետում:
Միաժամանակ, 18 տարին չլրացած անձին ծխախոտ վաճառելու վերաբերյալ բողոքները իրականացվող վարույթի քննության արդյունքում, որպես կանոն, կարճվում են՝ ապացուցողական հիմքի բացակայության պատճառով:
Ելնելով վերոշարադրյալից՝ Նախագծով առաջարկվում է նշված գործառույթը վերապահել ՀՀ ոստիկանությանը:
2.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:
Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ԱԱՏՄ և ՇՎՏՄ բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:
-
Discussed
10.08.2022 - 26.08.2022
-
Type
Legal code
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 3810
Print