Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկման և գնահատման ծրագիրը և ֆինանսական շրջանակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի 1-ին կետի։

Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

2

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունը միջին եկամուտ ունեցող երկրների վերին խմբում է, որը վերջին տասնամյակների սոցիալ-տնտեսական բարեփոխումների արդյունքում արձանագրել է երկրում աղքատության մակարդակի զգալի կրճատում և մարդկային կապիտալի նշանակալի զարգացում։ Սակայն վերջին տարիների կրկնակի ճգնաժամերը՝ համավարակը և պատերազմը, ու դրանց հաջորդած քաղաքական-տնտեսական ցնցումներն իրենց բացասական ազդեցությունն են թողել զարգացման միտումների վրա՝  դանդաղեցնելով աղքատության նվազեցման տեմպերը,  սրելով մարդկանց խոցելիությունն ու անհավասարությունները և վտանգելով մարդկային կապիտալի զարգացման ձեռքբերումները:

Մասնավորապես՝ 2020 թ․-ին ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ նվազեց 7․4%-ով։ 2021 թ․-ին տնտեսությունը սկսեց որոշակիորեն վերականգնվել՝ գրանցելով 5․7% ՀՆԱ աճ։ 2020 թ․-ին սկսված գնաճը, որի ամենաբարձր արժեքը արձանագրվել էր 2021 թ․-ի նոյեմբերին (9.6% նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատ), սկսեց կայուն նվազել՝ 2022 թ․-ի փետրվարին հասնելով 6․5%-ի։ Ըստ Համաշխարհային բանկի գնահատումների (The World Bank, 2022)՝ ՀՀ կառավարության կողմից վարված ճկուն մակրոտնտեսական և ֆիսկալ քաղաքականության շնորհիվ 2021 թ․-ին երկրում աղքատության մակարդակի աճը ցածր էր կանխատեսվածից։

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունը դեռևս առերեսվում է երկրում սոցիալ-տնտեսական զարգացումը և աշխարհաքաղաքական կայունությունը խաթարող մի շարք ներքին և արտաքին մարտահրավերների, որոնց շարքում են ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք էական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Արդյունքում, 2022 թ․-ի համար կանխատեսվում է 1․2% տնտեսական աճ, մինչդեռ մինչև հակամարտության սկիզբը կանխատեսումը 5․3% էր։ Ակնկալվում է, որ  դանդաղ տնտեսական աճի հետևանքով կնվազեն պետական եկամուտները և կմեծանա պետական ծախսերի բեռը՝ հատկապես ընդլայնվող սոցիալական աջակցության պայմաններում։

Միաժամանակ, 2020 թ․-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվում է շուրջ 20,000 տեղահանված անձ, որոնց համար կայուն եկամտի աղբյուրների ստեղծումը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրումը շարունակում են մնալ առաջնահերթ խնդիրների շարքում:

Վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև համակարգի զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած համակարգային խնդիրները զգալի բացասական ազդեցություն են թողնում աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի վրա, որոնք ընդհանրացված են ստորև։

 

ԵՐԵԽԱՆԵՐ

(-9 – 5, 6- 17)

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ

(Երիտասարդներ, Աշխատանքային միջին տարիքի  անձինք)

ՏԱՐԵՑՆԵՐ

(63+)

(-9 – 5)

▪ Ոչ անվտագ հղիություն և պատշաճ նախածննդյան ու հետծննդյան ծառայության անհասանելիություն

▪ Վաղ զարգացման պատշաճ խնամքի բացակայություն

▪ Առողջապահական ծառայությունների անհավասար հասանելիություն

▪ Տարիքին համապատասխան սննդակարգի բացակայություն

▪ Տարիքին համապատասխան ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում

▪ Լքում, անտեսում և բռնություն

(6 – 17)

▪ Շահագործում

▪ Կրթությունից դուրս մնալ

▪ Առողջապահական ծառայությունների անհավասար հասանելիություն

▪ Բազմաչափ աղքատություն

▪ Բռնություն և կրկնվող ճնշում (bullying)

▪ Մեկուսացում, ընտանիքից բաժանում/լքում

▪ Կերակրողի կորուստ

▪ Տեղահանված և փախստական երեխաներ

 

Երիտասարդներ

▪      Մասնագիտական հմտությունների բացակայություն

▪      Գործազրկություն

▪      Ուսուցման ու վերապատրաստման հնարավորությունների բացակայություն

▪      Մեկուսացում

 

Աշխատանքային տարիք

▪ Գործազրկություն

▪ Աղքատություն և անապահովություն

▪ Անապահովության պայմաններում երեխաների խնամք

▪ Անապահովության պայմաններում ծնողների խնամք

▪ Առողջապահական ծառայությունների անմատչելիություն

▪ Պարենային անապահովվածություն

▪ Անապահովության պայմաններում վարկեր/պարտքեր

▪ Տեղահանված և փախստական ընտանիքներ

▪ Աշխատանքի և վարկերի անհավասար հասանելիություն

▪ Կենսաթոշակի անբավարարություն

▪ Սոցիալական մեկուսացում, անտեսում ու բռնություն

▪ Ակտիվ ապրելակերպի հնարավորությունների և կարողությունների նվազում

▪ Խնամքի բացակայություն

▪ Տեղահանված և փախստական տարեցներ

3

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ռազմավարության մեթոդաբանական հիմքը ՀՀ վարչապետի 2021 թ․ դեկտեմբերի 30-ի N 1508-Լ որոշմամբ հաստատված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգն» է, համաձայն որի՝ սույն Ռազմավարությունը ոլորտային, միջին մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է։

Ռազմավարությունը սահմանում է սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ըստ ժամանակացույցի։ Բարեփոխումների մանրամասն նկարագիրը, գործողությունների մակարդակի տրոհումը տրվելու է Ռազմավարության ընդունումից հետո՝ համապատասխան ենթառազմավարություններով ու ռազմավարական այլ փաստաթղթերով։

Նախագծի շրջանակներում կարևորվել են 3 գերակա ուղղություններ՝

 

1.     Ամրապնդել աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի դերն աշխատանքի խրախուսման, զբաղվածության խթանման և աղքատության նվազեցման հարցում։

2.    Բարելավել սոցիալական երաշխիքների, աջակցության և ծառայությունների տրամադրման արդյունավետությունը, ծածկույթն ու չափը, ներառյալ՝ արտակարգ իրավիճակներում։

3.    Կատարելագործել աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ և մասնագիտական ներուժը։

Նախագիծը նպաստելու է ՀՀ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը առավել համակարգված ձևաչափով։

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ռազմավարության մշակման աշխատանքներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ «Պրիզմա» և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունների միջոցով։

Ռազմավարությունը մշակման տարբեր փուլերում քննարկվել է շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման գործընկերների ու այլ գերատեսչությունների հետ։

5

Ակնկալվող արդյունքը

 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարությամբ սահմանվել է հետևյալ տեսլականը․ աշխատանքի խթանում՝ կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով , սոցիալապես արդար, արդյունավետ  և ճգնաժամային վերափոխումներին դիմակայուն միջավայր՝ կանխարգելիչ, կարիքին և իրավունքին համահունչ աջակցությամբ և ապահովությամբ:

Նախագծով հաստատվող Ռազմավարության նպատակներն են՝

1.     Ապահովել երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր

2.    Խրախուսել արժանապատիվ աշխատանքը, խթանել զբաղվածությունը և ապահովել իրավունքին համահունչ երաշխիքներ, կարիքահենք և թիրախային աջակցություն

3.    Ապահովել տարեցների սոցիալ-տնտեսական, մտավոր, ֆիզիկական ակտիվության համար նպաստավոր պայմաններ և տրամադրել սոցիալական երաշխիքներ  

4.    Ապահովել սոցիալական պաշտպանության համակարգի նախաձեռնողականությունը, արդյունավետությունը, դիմակայունությունը, արագ արձագանքման կարողությունը՝ մասնագիտական բարձր ներուժի, ժամանակակից տեխնոլոգիաների և փաստահենք կառավարման միջոցով

Ռազմավարության արդյունքային շրջանակը կառուցված է հետևյալ տրամաբանությամբ․ տեսլականի իրագործման համար սահմանվել են ռազմավարական նպատակներ և դրանցից բխող մասնավոր նպատակներ։ Ռազմավարական ու մասնավոր նպատակների իրագործման արդյունքները ներկայացված են համապատասխանաբար ազդեցության և վերջնարդյունքի ցուցիչների տեսքով։ Մասնավոր նպատակները տրոհված են ծրագրերի, որոնք առաջիկայում համապատասխանեցվելու են բյուջետային ծրագրերին։ Ծրագրերի արդյունքները ներկայացված են միջնարդյունքի ցուցիչներով։ Ռազմավարության ցուցանիշները թվային արտահայտությամբ ներկայացված են Հավելված 3-ում։

6

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ֆինանսական շրջանակը ներկայացված է Հավելված 4-ում, որի հիման վրա կապահովվի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան բյուջետային հայտերի համապատասխանեցում։

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

 

Ռազմավարությունը նախանշում է առաջիկա 5 տարվա համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները, հետևաբար վերջինիս հայեցակարգային շրջանակն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության առաջնահերթություններով, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով, տեղական ու միջազգային գործընկերների հետ համագործակցության համաձայնագրերով, փոխըմբռնման հուշագրերով, ինչպես նաև հաշվի է առնում ոլորտում ընթացիկ համակարգային բարեփոխումներն ու առկա տեղական և միջազգային փորձն ու գիտելիքը։ Ռազմավարությունը մասնավորապես համահունչ է՝

▪   ՀՀ 2050 վերափոխման ռազմավարությանը,

▪   Կայուն զարգացման նպատակներին,

▪   Ոլորտին առնչվող վավերացված կոնվենցիաներին և միջազգային գործընկերների հետ համագործակցության համաձայնագրերին,

▪   ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրին,

▪   Այլ գերատեսչությունների կողմից մշակված, ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթղթերին և բարեփոխումներին։

ՀՀ 2050 վերափոխման ռազմավարություն Ռազմավարության կարևորագույն շեշտադրումներից է կյանքի ողջ ընթացքում մարդկային կապիտալի զարգացման միջոցով աշխատանքի խթանումը, որը պայմանավորված է վերափոխման ռազմավարության «հաղթահարենք աղքատությունը աշխատանքով» դրույթով և նպաստելու է նրան, որ մարդն ունենա իր ստեղծարար ներուժը զարգացնելու և աշխատանքի միջոցով իրացնելու հնարավորություններ։ Սույն Ռազմավարության նպատակների իրականացումը նպաստելու է նաև Վերափոխման Ռազմավարության 4-րդ և 5-րդ մեգանպատակներին, քանի որ ապահովելու է պետական հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ, ինչպես նաև խթանելու է բազմազավակ կանանց և տղամարդկանց աշխատելու և զարգանալու համար հավասար նպաստավոր պայմաններ։

Կայուն զարգացման նպատակներ Սույն Ռազմավարությունը նպաստելու է ՀՀ-ի հանձնառությանը՝ հասնելու ԿԶՆ-երին։ Այս առաջընթացը չափելի դարձնելու համար Ռազմավարության նպատակների արդյունքային շղթան և հատկապես մշակված չափորոշիչները էապես պայմանավորված են ԿԶՆ-երով և միջազգայնորեն կիրառվող թիրախներով։ Մասնավորապես՝ սույն Ռազմավարության հաջող իրականացումը խթանելու է 1-5, 8, 10, 13 և 16-րդ ԿԶՆ-երը։

Միջազգային կոնվենցիաներ և համագործակցություն Սույն Ռազմավարության հայեցակարգային շրջանակը համաշունչ է և հաշվի է առնում ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով սահմանված հիմնարար դրույթները, մասնավորապես՝

▪   Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

▪   Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան,

▪   Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան,

▪   Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան,

▪   Նվազագույն տարիքի մասին ԱՄԿ կոնվենցիան,

▪   Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին ԱՄԿ կոնվենցիան,

▪   Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին կոնվենցիան,

▪   Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման մասին ԱՄԿ կոնվենցիան,

▪   Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան։

Ռազմավարությունը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի, համաձայն որի՝  «աշխատանքի և  սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվելու է ոլորտի առկա խնդիրներին համալիր արձագանքող ռազմավարական փաստաթղթի հիման վրա»։ Ռազմավարությամբ սահմանված տեսլականն ու նպատակները, թիրախային արժեքները բխում են կառավարության ստանձնած հանձնառություններից։

Ի լրումն վավերացված կոնվենցիաների՝ սույն Ռազմավարության բովանդակությունն ու առաջարկված մոտեցումները հաշվի են առել աշխատանքի և սոցիալական պաշտպանության այլ միջազգային նորմեր, ինչպիսիք սահմանված են, օրինակ՝

▪   Սոցիալական պաշտպանության (նվազագույն ստանդարտներ) մասին № 102 կոնվենցիայում,

▪   Աշխատանքի վիճակագրության մասին կոնվենցիայում,

▪   Ոլորտին վերաբերող այլ միջազգային հայտարարագրերում։

Ռազմավարության հայեցակարգային շրջանակը պայմանավորված է նաև Հայաստանում գործող միջազգային զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ կնքած համագործակցության համաձայնագրերով, ինչպիսիք են՝ Եվրոպական Միության և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակը», Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  հետ առկա «Հայաստանի Հանրապետությանը ուղղակի տրամադրվող աջակցության» համաձայնագրերը, և այլն։

 

  • Discussed

    28.06.2022 - 14.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8293

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.4-ի՝ 2023 թվականի թիրախը չի համապատասխանում ծրագրի նպատակներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի 77D բջջի «հաշմանդամների» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «հաշմ.» բառերը՝ «հաշմանդամություն» բառով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 3-ի միջնարդյունքի ցուցիչ 2.2.5.3-ի համար նախատեսված թիրախները համապատասխանեցնել այս պահին ուժի մեջ մտած կառավարության որոշումների հետ, մասնավորապես՝ մինչև 2023 թ. նախատեսել առնվազն մեկ կենտրոնի ստեղծում։

See more