«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
14.09.2017
Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, նախատեսելով, որ, ըստ էության, ռոյալթի վճարվի նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից: Չնայած Օրենսգրքրի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ռոյալթիի վճարողներ են հանդիսանում ընդերքօգտագործման թափոններից վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալու հանգամանքի, սակայն 197-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված՝ ռոյալթիի սահմանումը չի վերաբերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքին: Կարծում ենք, որ պետք է տարանջատել ընդերքօգտագործման թափոնների գոյացման ժամանակահատվածները: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող կազմակերպությունները վճարում էին բնօգտագործման վճար՝ արդյունահանված հանքաքարից և ռոյալթի՝ շահութաբերության 25 տոկոսը գերազանցող մեծությունից: 2012 թվականի հունվարի 1-ից վերանայվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահում իրականացնող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարի և ռոյալթիի հաշվարկման մոտեցումները՝ երկու վճարատեսակի փոխարեն սահմանվեց մեկ միասնական վճարատեսակ ռոյաթի, վերանայելով նաև ռոյալթիի հաշվարկման կարգը: Անցումային ժամանակահատվածի համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվեց, որ 2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նշված օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում: Նման դրույթի սահմանումը նպատակ ուներ արդեն մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում բացառել այդ մետաղական օգտակար հանածոների մասով կրկնակի անգամ վճարելու դեպքը: Կարծում ենք, որ նույն խնդիրն առկա է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարման մասով ռոյալթիի հաշվարկման դեպքում և անհրաժեշտ է բացառել կրկնակի հարկումը բոլոր այն դեպքերում, երբ այդ մետաղական օգտակար հանածոների մասով արդեն իսկ վճարվել է բնօգտագործման վճար: