«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
5 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներման ինստիտուտն իրենից ներկայացնում է հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ մարդու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, արդարության սահմանադրական սկզբունքների անմիջական գործողության դրսևորում[1]: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված բազմաթիվ երկրների օրենսդրությամբ դատապարտյալներին ներում շնորհելու իրավական հնարավորության ընձեռումը:
Ներման իրավունքի վերաբերյալ կարգավորումներ են պարունակում նաև մի շարք միջազգային իրավական ակտեր՝ մասնավորապես` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը հոդված 6[2], Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան փոփոխված 11-րդ արձանագրությամբ, հոդված 40[3], Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիան հոդված 35[4] և այլն:
Ներման իրավունքին անդրադարձել է նաև Վենետիկի Հանձնաժողովը` նշելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում առկա են գթասրտության դրսևորման երկու հիմնական միջոցներ՝ համաներումը և ներումը: Համաներումը անհատական բնույթ չի կրում և վերաբերելի է բոլոր մարդկանց, իսկ ներումը՝ կոնկրետ անհատի կամ անհատների խմբին: Եթե ներումն, որպես կանոն, ուղղված է արդեն իսկ նշանակված պատժի ներմանը, ապա համաներումը կարող է կիրառվել մինչ քրեական գործի սկիզբը կամ դրանից հետո ցանկացած փուլում: Եթե համաներումը, որպես կանոն օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է, ապա ներման շնորհումը պետության ղեկավարի բացառիկ իրավասությունն է: Ներման շնորհումը ենթադրում է հայեցողական ակտ, որի բնույթից բխում է, որ այդպիսի ակտերը վերացման ենթակա չեն[5]:
Հարկ է նշել, որ մինչև 2015 թվականի սահմանադրաիրավական բարեփոխումները ներման խնդրանքի իրավունքը իր ամրագրումն էր ստացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այսուհետ՝ Սահմանադրություն 2005 թվականի խմբագրությամբ 20-րդ հոդվածում, որի համաձայն` յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք, իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվում էր ՀՀ Նախագահի՝ դատապարտյալներին ներում շնորհելու իրավասությունը:
Հատկանշական է, որ ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 20-րդ հոդվածը չէր պարունակում ներման իրավունքի իրացման մանրամասների օրենսդրական կարգավորման պահանջ: Խնդրո առարկա իրավունքի հետ կապված հարաբերությունների կանոնակարգման համար իրավական հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆՀ-183-Ն հրամանագիրը (այսուհետ՝ Հրամանագիր):
2015 թվականի սահմանադրաիրավական բարեփոխումների արդյունքում ներման խնդրանքի իրավունքը, որպես հիմնական իրավունք, իր ամրագրումը ստացավ Սահմանադրության 70-րդ հոդվածում, որն ամրագրում է. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Միաժամանակ, Սահմանադրության 135-րդ հոդվածով սահմանվեց, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի համատեքստում ներման իրավունքը չի դիտարկվում որպես արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցման կամ լրացուցիչ սահմանափակումների ենթակա իրավունք:
Սահմանադրության վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումների համատեքստում ներման խնդրանքի իրավունքի իրացման բոլոր մանրամասները և ՀՀ Նախագահի կողմից ներում շնորհելու հարցի լուծման հետ կապված հարաբերությունները պետք է հստակ կարգավորվեն օրենքով, ինչը առաջին հերթին ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի հետևողական կենսագործմանը:
Բացի այդ, ներման իրավունքի հետ կապված հարցերի օրենսդրական հստակ կարգավորման նախատեսումը նաև Սահմանադրության մեկ այլ կարևոր պահանջի՝ հիմնական իրավունքների վերաբերյալ սահմանադրորեն ամրագրված դրույթների էության անխախտելիության պահպանման լրացուցիչ երաշխիք է հոդված 80:
Հարկ է նշել, որ ներման ինստիտուտի էությանը անդրադարձ է կատարել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանը 05.02.2008 թվականի ՍԴՈ-733 որոշմամբ ներման ինստիտուտի կիրառման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման ուսումնասիրության հիման վրա արձանագրել է, որ ներում հայցելու իրավունքի իրացման համար որևէ նախապայման սահմանված չէ, ներում կարող է հայցել յուրաքանչյուր դատապարտյալ, ներումը կարող է շնորհվել յուրաքանչյուր դատապարտյալի՝ անկախ կատարված հանցագործության բնույթից, ծանրությունից ու այլ հանգամանքներից, մասնավորապես՝ պատժաչափից, պատժի կրած մասից:
Ներում շնորհելու համար որևէ պարտադիր չափանիշ նախատեսված չէ, այն ամբողջությամբ թողնված է ՀՀ Նախագահի հայեցողությանը: Նախագահի` ներում շնորհելու իրավունքը սահմանափակված չէ ո´չ դատապարտյալների շրջանակով, ո´չ հանցագործությունների բնույթով, ո´չ պատժատեսակներով ու պատժաչափերով: Ներում հայցելու իրավունքի իրացումը որևէ նախապայմանով պայմանավորված չէ, ինչի արդյունքում որևէ կերպ չի սահմանափակվում ներում հայցելու իրավունք ունեցող դատապարտյալների շրջանակը` անկախ պատիժը կրելու ժամկետից, և, հետևաբար, այդ իրավունքից կարող է օգտվել յուրաքանչյուր դատապարտյալ:
Մեկ այլ, 13.09.2004 թվականի ՍԴՈ-502 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ներման դրսևորումների մասով ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը[6] տարբերակում է ներման երկու տարատեսակ՝ լրիվ ներում (պատժից լրիվ ազատում, ներառյալ՝ հետևանքները) և մասնակի ներում (պատժից մասնակի ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով)[7]:
Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրության 70-րդ, 135-րդ հոդվածներով առաջադրվող ներման իրավունքի իրացման և ներում շնորհելու գործընթացների օրենսդրական հստակ կարգավորման պահանջը, անհրաժեշտ է մշակել Ներման մասին ՀՀ օրենքի նախագիծ՝ որդեգրելով այնպիսի մոտեցում, որն առավելագույնս կապահովվի ներման հիմնարար իրավունքի երաշխավորվածությունը:
Այս առումով պետք է առանձնացնել այն հիմնական խնդիրները, որոնք իրենց կարգավորումը պետք է ստանալ Ներման մասին ՀՀ օրենքի նախագծով:
Անհրաժեշտ է հստակ կանոնակարգել ներման դրսևորման խնդիրը, քանի որ ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ Հրամանագիրը ընդլայնել է ներման դրսևորումների ցանկը: Մասնավորապես՝ Հրամանագրի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներում շնորհելով կարող է պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատել պետության օգտին դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից, ինչը խնդրահարույց է ՀՀ քրեական օրենսգրքի հետ համապատասխանության տեսանկյունից: Բացի այդ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ նյութական վնասի հետագա հատուցումից անձը ներման դեպքում չի ազատում:
Ներման դրսևորումների մեջ անհրաժեշտ է ներառել նաև պատժի չկրած մասի՝ ավելի մեղմ պատժաչափով փոխարինման հնարավորությունը:
Եթե պետության գլխի լիազորությունների մեջ ընդգրկված է պատժից ընդհանրապես ազատելու իրավունքը, ապա ակնհայտ է, որ նա լիազորված է այդ իրավունքն իրականացնել նաև մասամբ, իսկ պատժի մեջ է մտնում պատժի ինչպես չափը, այնպես էլ տեսակը[8]:
Բացի այդ, ներման ինստիտուտի ներկայիս իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ կանոնակարգված չեն ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ներման խնդրագրին ներկայացվող պահանջները, հստակեցման և վերանայման կարիք ունեն ներման խնդրագրի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի կողմից հաշվի առնվող հանգամանքների շրջանակը, ներման խնդրագրերի քննարկման փուլում առաջարկություններ ներկայացնող մարմինների շրջանակը, առկա է նաև ներում շնորհելու ինստիտուտի՝ առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու անհրաժեշտությունը և այնպիսի իրավակարգավորումների նախատեսման անհրաժեշտություն, որոնք առավելագույն կապահովեն նաև հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը:
Այժմ անդրադառնանք ներման իրավունքի իրացման կառուցակարգերի վերաբերյալ միջազգային փորձին:
Այսպես, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ներում շնորհելու իրավական հիմքը սահմանվում է սահմանադրությամբ: Դաշնությունում անհատին ներում շնորհելը կարող է իրականացվել երկու տարբեր մակարդակներով, որի պատճառ է հանդիսանում Գերմանիայի դաշնային պետություն լինելը: Մասնավորապես՝
1) Գերմանիայի նախագահն իրավունք ունի ներում շնորհելու անհատին.
2) Դաշնային յուրաքանչյուր կառավարությունն իրավունք ունի ներում շնորհելու անհատին:
Գերմանիայում ցանկացած անձ, ով դաշնային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, կարող է ներում շնորհելու մասին դիմում ներկայացնել: Դիմումը փաստաբանի միջոցով ներկայացնելու պահանջ առկա չէ, իսկ դիմումում պետք է ներկայացվեն այն հիմքերը, որոնց պատճառով պատժի հետագա կրումը կհանգեցնի պատժի նպատակներից շեղման: Ներում շնորհելու մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան մարմինը իրավունք ունի ամբողջապես կամ մասնակի կերպով ազատել անձին պատժի կրումից, հետաձգել պատժի կրումը:
Իսպանիայի Թագավորությունում ցանկացած դատապարտյալ իրավունք ունի դիմել ներում ստանալու համար: Թագավորը չի կարող ներում շնորհել վարչապետին կամ կառավարության այլ անդամներին: Գործընթացի թափանցիկության ապահովելու համար ներման ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում: Ներում շնորհելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատապարտյալի, ցանկացած անձի, դատարանի, դատախազի և կառավարության կողմից: Դիմում ներկայացնողը պետք է դիմումի մեջ ներառի դատապարտյալի և գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Դիմումը պետք է ներկայացվի արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը դիմումին առնչվող բոլոր փաստաթղթերը հավաքում և ներկայացնում է կառավարությանը: Եթե կառավարությունը հավանություն է տալիս դիմումով ներկայացված առաջարկին, ապա արդարադատության նախարարությունը դիմումը ներկայացնում է թագավորին՝ առաջարկելով ներում շնորհել դատապարտյալին:
Հատկանշական է, որ ներման կիրառման ընդհանուր կանոնների մասին օրենքը սահմանում է երկու պայման, որոնց առկայության դեպքում անձը կարող է ներում ստանալ՝
1) ներման շնորհումը չպետք է որևէ ձևով ոտնահարի երրորդ անձանց իրավունքները.
2) ներման գործընթացում պետք է իրավունք տրվի տուժող կողմին արտահայտելու իր բողոքները ներում շնորհելու վերաբերյալ:
Նշվածից հետևում է, որ Իսպանիայի Թագավորությունում ներման իրավունքի իրացման առումով առկա են հետևյալ առանձնահատկությունները.
- ներման խնդրագրեր ներկայացնող անձանց շրջանակը լայն է.
- գործընթացում ներգրավված են Արդարադատության նախարարությունը, կառավարությունը և թագավորը.
- նախատեսված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում ներում չի շնորհվում.
- ներման վերաբերյալ ակտերը ենթակա են հրապարակման:
Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ նախագահը ունի անհատական ներում շնորհելու իրավունք: Այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել կարող են նախագահին ներում շնորհելու դիմում ներկայացնել: Միակ պայմանը այն է, որ պատիժը լինի վերջնական և կատարման ենթակա: Այսինքն՝ դատավճռի բողոքարկման բոլոր հնարավորությունները պետք է սպառված լինեն:
Ներում շնորհելու մասին դիմումը ներկայացվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահին: Դիմումը կարող է ներկայացվել դատապարտյալի, փաստաբանի կամ դատախազի կողմից: Բացի այդ, դիմումը կարող է ներկայացվել իրավաբանական անձի կամ երրորդ անձանց կողմից:
Դիմումն ուսումնասիրելուց հետո դատախազը (այն դատախազը, ով տվյալ գործով մեղադրանքի կողմն է հանդիսանում) այն փոխանցում է արդարադատության նախարարության քրեական գործերի և ներման վարչություն: Վերջինս պետք է կարծիք հայտնի դիմումի վերաբերյալ: Եթե կարծիքը դրական է, ապա արդարադատության նախարարությունը ներման հրամանագրի նախագիծը ուղարկում է նախագահին: Համաձայնության դեպքում նախագահը ստորագրում է հրամանագիրը: Քրեական օրենսգրքին համապատասխան՝ հրամանագիրը պետք է ստորագրվի նաև վարչապետի և արդարադատության նախարարի կողմից: Ներման հրամանագիրը պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվում, սակայն դատապարտյալը, ում վերաբերյալ ներման հրամանագիր է հրապարակվել, տեղեկացվում է վերջինիս մասին:
Վերոգրյալը թույլ է տալիս առանձնացնել Ֆրանսիայի Հանրապետությունում ներման իրավունքի իրացման գործընթացի հետևյալ առանձնահատկությունները.
- ներման խնդրագրեր ներկայացնող անձանց շրջանակը լայն է.
- գործընթացում ներգրավված են Դատախազությունը, Արդարադատության նախարարությունը և նախագահը.
- ներման իրավունքի իրացումը որևէ պայմանով սահմանափակված չէ.
- ներման վերաբերյալ ակտերը ենթակա չեն հրապարակման:
Բելգիայի Թագավորության Սահմանադրության համաձայն Բելգիայի թագավորը իրավունք ունի ներում շնորհել (պատիժը կրճատելու կամ պատժից ազատելու) դատարանի կողմից կիրառված պատժի դեպքում:
Բելգիայի Թագավորությունում առկա են ներում շնորհելու սահմանափակումներ: Մասնավորապես՝ եթե Բելգիայի գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել նախարարին կամ կառավարության աշխատակցին կամ ցանկացած պետական պաշտոնյայի, ապա թագավորը կարող է ներում շնորհել միայն այն դեպքում, երբ ներկայացուցիչների պալատը կամ Պառլամենտը ներկայացրել է ներում շնորհելու դիմում: Բացի այդ, Բելգիայում գործում են վարչական մեխանիզմներ, որոնց միջոցով ներում շնորհելու ընթացակարգը վերահսկվում է:
Բելգիայում ներում շնորհելու ընթացակարգը հետևյալն է.
1) Ներում շնորհելու ընթացակարգի նախաձեռնողի դերում կարող են հանդես գալ դատապարտյալը կամ ցանկացած շահագրգռված անձ: Ներում շնորհելու համար դիմումը կարող է ուղարկվել թագավորին, արդարադատության նախարարին կամ ուղղակիորեն արդարադատության ներման վարչություն.
2) դիմումը ներկայացնելուց հետո Արդարադատության նախարարության աշխատակիցը ուսումնասիրում է դիմումը, վերլուծում և կարծիք է հայտնում ներում շնորհելու վերաբերյալ: Այնուհետև՝ կարծիքը ուղարկվում է Ներման վարչության ղեկավարին և Օրենսդրական, հիմնարար իրավունքների և ազատությունների վարչության ղեկավարին.
3) երկու վարչությունների ղեկավարները իրենց կարծիքն են ամփոփում և ներկայացնում գլխավոր դատախազին.
4) վերջինս դիմումի վերաբերյալ իր կարծիքը ուղարկում է արդարադատության նախարարին՝ նախկինում ներկայացված կարծիքների, դատավճռի, դատապարտյալի դատվածության և նրա վարքագծի վերաբերյալ հաշվետվության հետ միասին.
5) Արդարադատության նախարարը իր եզրակացությունն է ներկայացնում թագավորին.
6) վերջնական որոշումը կայացնում է թագավորը:
Թագավորը անհատական գործի փաստերի հիման վրա կայացնում է վերջնական որոշում: Թագավորի որոշումը պարունակվում է թագավորական հրամանագրի մեջ, որը ստորագրվում է նաև արդարադատության նախարարի կողմից: Միաժամանակ հարկ է նշել, որ թագավորը պարտավոր չէ հիմնավորել ներում շնորհելու կամ մերժելու մասին որոշումը:
Ամփոփելով՝ նշենք հետևյալ առանձնահատկությունները.
- գործընթացում ներգրավված են Դատախազությունը, Արդարադատության նախարարությունը և թագավորը.
- նախատեսված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում ներում չի շնորհվում:
Հունգարիայի Հանրապետության Սահմանադրության համաձայն` նախագահը անհատական ներում շնորհելու իրավունք ունի:
Անհատական ներում շնորհելու իրավունքի իրացման գործընթացում արդարադատության նախարարը պատասխանատու է հետևյալի համար՝
- նախապատրաստել գործը ներման վարչության հետ միասին.
- հաստատել և ստորագրել նախագահի հրամանագիրը:
Հունգարիայում առկա է ներում շնորհելու ընթացակարգի նախաձեռնման երկու եղանակ. ներումը կարող է հայցվել անձի կողմից, և կարող է նախաձեռնվել պաշտոնատար անձանց կողմից: Ներման խնդրագրի դեպքում դատապարտյալը, դատապարտյալի փաստաբանը, անչափահաս դատապարտյալի օրինական ներկայացուցիչը կամ մեղադրյալի կամ դատապարտյալի հարազատները կարող են դիմել ներման համար:
Ներման խնդրագիրը ներկայացվում է առաջին ատյանի դատարան: Այնուհետև՝ դատարանը հավաքում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ՝ քրեակատարողական համապատասխան հիմնարկի, պրոբացիայի ծառայողի կարծիքները, ոստիկանության հաշվետվությունը և այլն: Դատարանը ստացված բոլոր փաստաթղթերը 30 օրվա ընթացքում ուղարկում է արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարը ստացված փաստաթղթերը, ինչպես նաև ներման խնդրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը ներկայացնում է Հանրապետության նախագահին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման հիման վրա (տե՛ս օրինակ Magyar v. Hungary, գանգատ թիվ 73593/10) Հունգարիայի Հանրապետությունում ներում շնորհելու ինստիտուտը կրեց որոշակի փոփոխություններ: Մասնավորապես՝ ներդրվեց ներում հայցելու պարտադիր ընթացակարգ, ինչպես նաև հիմնադրվեց Ներման հարցերով հանձնաժողովը: Ըստ այդմ՝ ներում շնորհելու գործընթացն ստացավ հետևյալ պատկերը.
1) դատապարտյալը, ով կրել է իր նկատմամբ նշանակված պատժի 40 տարին, հայտարարում է, որ ցանկություն է ունի դիմել պարտադիր ներման ընթացակարգի համար.
2) արդարադատության նախարարը պետք է 60 օրվա ընթացքում իրականացնի ողջ գործընթացը.
3) արդարադատության նախարարը տեղեկացնում է Կուրիայի առաջնորդին, ով էլ ձևավորում է 5 անդամից բաղկացած Ներման հարցերով հանձնաժողովը.
4) Ներման հարցերով հանձնաժողովը բանավոր ընթացակարգով հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ 90 օրվա ընթացքում ներկայացնում է կարծիք.
5) Կարծիքը պետք է 15 օրվա ընթացքում ուղարկվի Հանրապետության նախագահին.
6) Կարծիքը ստանալուց հետո Հանրապետության նախագահը որոշում է շնորհել ներում, թե ոչ.
7) Եթե ներում չի շնորհվում, նույն գործընթացը կրկնվում է 2 տարի հետո:
Բուլղարիայի Հանրապետությունում ներում շնորհելու իրավասությունը նույնպես պատկանում է նախագահին: Ներման իրավունքի իրացման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է ներման հանձնաժողով, որը գործում է Բուլղարիայի սահմանադրությամբ օժտված լիազորությունների հիման վրա: Այն ունի խորհրդատվական գործառույթ նախագահի ներման քաղաքականության ոլորտում: Ներման հանձնաժողովը բաղկացած է քրեական իրավունքի, հոգեբանության, քրեագիտության ոլորտի մասնագետներից, որոնցից յուրաքանչյուրին նշանակում է Բուլղարիայի նախագահը: Ներման հանձնաժողովը ուսումնասիրում է ներում շնորհելու յուրաքանչյուր դիմում և պատրաստում պատճառաբանված կարծիք առաջարկությունների հետ միասին: Հանձնաժողովի նիստը հրավիրվում է յուրաքանչյուր ամսվա մեջ երկու անգամ և նիստերին մասնակցություն ունենալու նպատակով կարող են հրավիրվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մասնագետներ՝ առանց ձայնի իրավունքի: Այդուհանդերձ, նախագահը պարտավոր չէ ընդունել Հանձնաժողովի առաջարկները, ինչպես նաև ներկայացնել մերժման հիմքերը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Նախագծում առաջարկվում են հետևյալ առանցքային կարգավորումները.
1) հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ներման շնորհման դեպքում հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով, կամ կարող է հանվել դատվածությունը.
2) հստակ նախատեսվել են այն անձանց շրջանակը, ովքեր ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունեն՝ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ և վերջիններիս փաստաբանները, օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանները, դատապարտյալի մերձավոր ազգականները.
3) ամրագրվել է ներման խնդրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները.
4) նախատեսվել են այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվել ներման խնդրագրերը քննարկելիս՝ կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը, ռեցիդիվի առկայությունը, մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին, առողջական վիճակը, սոցիալական դրությունը, ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառվելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու, մինչև դատվածության մարումը կամ հանումը դիտավորյալ հանցագործություն կատարելու, ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5) Նախատեսվել է ներման խնդրագրերի քննարկման հստակ և արդյունավետ մեխանիզմ՝ մասնավորապես որպես ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին առանձնացվել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հաշվի առնելով վերջինիս իրավասության շրջանակում ներման խնդրագրերի քննարկման համար հիմք ընդունվող հանգամանքների մասին առավել ամփոփ տեղեկատվություն հավաքելու, այն գնահատելու և դրա հիման վրա առավել հիմնավոր առաջարկ ներկայացնելու հանգամանքը:
6) Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի հրապարակման պահանջ
7) Կարգավորվել են ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ, 135-րդ և 139-րդ հոդվածներին համահունչ հստակ կկանոնակարգվեն ներման իրավունքի մանրամասները, ներման խնդրագրերի ներկայացման, քննարկման, ներում շնորհելու ընթացակարգերը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման դեպքում առաջանալու է Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆՀ-183-Ն հրամանագրի ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
[1] Տես ՀՀ Սահմանադրական դատարանի 05.02.2008 թվականի ՍԴՈ-733 որոշումը:
[2] Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:
[3] Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:
[4] Անձը, որի նկատմամբ կայացվել է վերջնական և կատարման ենթակա դատավճիռ, չի կարող նույն արարքի համար հետապնդվել, դատապարտվել կամ ենթարկվել պատժի մեկ այլ Պայմանավորվող պետությունում եթե նշանակված պատիժը համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել
[5] Տես http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2013)009-e
[6] Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
[7]Տես ՀՀ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ՍԴՈ-733 որոշումը:
[8] Տես ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, Գ.Հարությունյանի, Ա.Վաղարշյանի խմբագրությանմբ, Եր.: Իրավունք, 2010, էջ 650:
-
Discussed
11.09.2017 - 29.09.2017
-
Type
Law
-
Area
Justice, Penitentiary, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 13189
Print