«Ներման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Ներման մասին օրենսդրությունը
1. Ներման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն օրենքով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ներման շնորհում՝ խրախուսական ակտ, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով, կամ կարող է հանվել դատվածությունը.
2) ներման խնդրագիր՝ գրավոր դիմում, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ ներում շնորհելու նպատակով:
ԳԼՈՒԽ 2.
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Ներման խնդրագրերի ներկայացման կարգը
1. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի՝
1) հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ.
2) սույն մասի 1-ին կետով նախատեսված անձի փաստաբանը, օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանը, մերձավոր ազգականը (ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները), եթե նրանք ստացել են այդ անձի համաձայնությունը:
2. Ներման խնդրագիրը պետք է պարունակի՝
1) այն ներկայացնող անձի անունը, ազգանունը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից ներկայացնելիս՝ նշում այն մասին, թե ում համար է ներկայացվում ներման խնդրագիրը.
2) ծանուցման վայրի մասին նշում.
3) գործի հակիրճ նկարագրությունը.
4) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.
5) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
3. Ներման խնդրագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ներման խնդրագրի օրինակելի ձևը չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար:
4. Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
5. Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Հոդված 5. Ներման խնդրագրերի քննարկման կարգը
1. Ներման խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
2. Ներման խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուղարկվում են Ներման հարցերով հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
3. Ներման խնդրագրին կից Ներման հարցերով հանձնաժողովին ներկայացվում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմված գործը:
4. Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմված գործը պետք է պարունակի դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկատվություն պարունակող տեղեկանք, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի գործը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա:
6. Ներման հարցերով հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Ներման հարցերով հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը: Առաջարկությանը կցվում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմված գործը և Ներման հարցերով հանձնաժողովի եզրակացությունը:
8. Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման հարցերով իրավասու ստորաբաժանումը։
9. Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հոդված 6. Ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքները
1. Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվում են հետևյալ հանգամանքները՝
1) կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը.
2) դատապարտյալի անձը.
3) պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը.
4) ռեցիդիվի առկայությունը.
5) մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին.
6) առողջական վիճակը.
7) սոցիալական դրությունը.
8) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
9) նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառվելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու.
10) մինչև դատվածության մարումը կամ հանումը դիտավորյալ հանցագործություն կատարելու.
11) ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Հոդված 7. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ իր առարկություններով այն վերադարձնում առաջարկություն ներկայացնող մարմին:
2. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը համապատասխան ակտը իր առարկություններով վերադարձնում է առաջարկություն ներկայացնող մարմին և առաջարկություն ներկայացնող մարմինը չի ընդունում Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունը, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքով:
3. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը համապատասխան ակտը իր առարկություններով վերադարձնում է առաջարկություն ներկայացնող մարմին և առաջարկություն ներկայացնող մարմինը ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունը, ապա առաջարկություն ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությանը համապատասխան խմբագրում է համապատասխան ակտի նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
4. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները առաջարկություն ներկայացրած անձի կողմից չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հրամանագրերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
6. Ներման շնորհումը անձին չի ազատում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու պարտականությունից:
7. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձին:
Հոդված 8. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը
1. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն ուշադրության արժանի նոր հանգամանքներ, առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման նոր խնդրագրերը Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից 2 տարի հետո, իսկ այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման նոր խնդրագրերը՝ 1 տարի հետո։
2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը կցվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ առկա նյութերին և ենթակա չեն քննարկման։
ԳԼՈՒԽ 3.
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 9. Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարումը
1. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը կատարման նպատակով ուղարկվում են՝
1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
2. Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքներն ստանալուն պես։ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման մասին հաղորդագրությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ուղարկում այն մարմինները, որոնց վրա դրված է դրանց կատարման պարտականությունը։
3. Այն դատապարտյալների նկատմամբ, որոնց ներում է շնորհվել, կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման հարցերով իրավասու ստորաբաժանմանը:
4. Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հոդված 10. Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը
1. Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման հարցերով իրավասու ստորաբաժանումը:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հոդված 12. Օրենքի գործողությունը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի և այն խնդրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռևս չեն քննարկվել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածում «,կամ կարող է վերացվել դատվածությունը» բառերը փոխարինել «կամ պատժաչափով կամ կարող է հանվել դատվածությունը» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի և այն խնդրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռևս չեն քննարկվել:
-
Discussed
11.09.2017 - 29.09.2017
-
Type
Law
-
Area
Justice, Penitentiary, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 13186
Print