Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության համակարգում իրականացվող ներկայիս բարեփոխումներով, տվյալ դեպքում՝ ազգային, ինչպես նաև միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմով համալրելու անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանում բուժքույրական կրթությունը հասանելի է միայն միջին մասնագիտական կրթության մակարդակում և այն տրամադրվում է քոլեջների կողմից։ Այն սովորաբար եռամյա կրթական ծրագիր է, որը շնորհում է բուժքույրական գործի դիպլոմ: Նշենք նաև, որ բուժքույրերը կրթական թիմի հիմնական անդամ չեն, քանի որ բժիշկներն են դասավանդում բուժքույրական գործի ուսանողներին (Nazarians, 2015): Բուժքույրերի համար գործում է երեք առանձին մասնագիտացումներ` բուժքույրական գործ, բուժքույրական գործ ախտորոշիչ ծառայություններում, բուժքույրական գործի կառավարում (Akopyan et al., 2015)։ Ապագա բուժքույրերի նախապատրաստման վերաբերյալ հրահանգները ստանդարտացվում և տրամադրվում են «քոլեջներ» կոչվող ուսումնական հաստատությունների կողմից: Պետական բուժքույրական քոլեջներից երկուսը գտնվում են Երևանում, մնացած ինը՝ Հայաստանի տարբեր շրջաններում:

«Բուժքույրական գործն աշխարհում 2020թ.» զեկույցի համաձայն` միայն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, մինչև 2030 թվականը, բուժքույրերի 6 միլիոն նոր աշխատատեղերի անհրաժեշտություն կլինի (WHO, 2020)։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մասսայական ներդրումներ կատարել բուժքույրական կրթության ոլորտում՝ ի պատասխան համաշխարհային և ներքին առողջապահական մարտահրավերների:

Բուժքույրական գործի էությունն ու առանձնահատկությունները, որպես մասնագիտություն, թույլ են զարգացած Հայաստանում (Sahakyan, Akopyan, & Bedrosyan, 2020): Բուժքույրերը դժվարանում են գործել որպես անկախ մասնագետներ և առավել հաճախ գործում են բժիշկների կցորդ: Ըստ Առողջապահական Ազգային Ինստիտուտի (2018)՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 56,5 գործող բուժքույր, որը ցածր է մեկ շնչի հաշվով նախատեսված միջին թվից (Sahakyan et al., 2020)։ Հայաստանում գործող բուժքույրերը մասնագիտացված են հետևյալ բնագավառներում՝ ախտորոշիչ ծառայություններ (լաբորատորիա, ճառագայթաբանություն), բուժքույրական գործի կառավարում, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնաբուժական տեխնոլոգիա, բժշկական կոսմետոլոգիա և բուժական մերսում։ Գրանցված բուժքույրերից շատերը աշխատում են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններում` որպես ղեկավար և անձնակազմի բուժքույրեր։ Հայաստանի գյուղական համայնքներում բուժքույրերը և/կամ մանկաբարձները աշխատում են բուժկետում։ Բացի այդ, նրանք աշխատում են մասնավոր ախտորոշիչ կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում և ծերանոցներում (Akopyan et al., 2015)։ Որոշ բուժքույրեր ստանձնում են իրենց մասնագիտական դերերը՝ ձեռք բերված փորձի, այլ ոչ թե մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի արդյունքում:

Նշենք, որ բուժքույրերը առողջապահական համակարգի անբաժանելի մասն են կազմում։ Ստեղծման օրվանից բուժքույրի մասնագիտությունը զարգացել է` դառնալով անկախ գիտական ճյուղ, որը շարունակում է զարգանալ՝ հիվանդների առողջության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար: Ներկայումս ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ներառյալ հարևան Վրաստանում և Իրանում, կան բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության ծրագրեր։ Վերջերս կատարված հետազոտություններից մեկի տվյալներով՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներում բակալավրի աստիճան ունեցող բուժքույրերի քանակի 10%-ով ավելացումը իջեցնում է հիվանդների մահացության հավանականությունը 10.9%-ով։ Մեկ այլ հետազոտություն, որում ներգրավվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) հիվանդանոց ընդունված 46,993 հիվանդներ վկայում է, որ բակալավրի աստիճան ունեցող բուժքույրերի քանակի 10%-ով ավելացումը կարող է փրկել 9 կյանք` 1000 դուրս գրված հիվանդի հաշվով։ Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն հիվանդանոցները, որոնք աշխատանքի են ընդունում բակալավրի աստիճանով կամ  բարձրագույն կրթությամբ բուժքույրերի, ունեն թրոմբոզից և թոքային էմբոլիայից ավելի ցածր մահացության ցուցանիշներ։

Բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության կարևորությունը բազմիցս շեշտադրվում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսինն է Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիան։ Այս ասոցիացիայի նախագահների խորհուրդը վերահաստատում է  դիրքորոշումն այն մասին, որ բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթությունը պետք է լինի պրոֆեսիոնալ բուժքույրական գործունեության ոլորտ մուտք գործելու պահանջ։

ԱՄՆ-ում նոր ընդունվող բուժքույրերը հնարավորություն ունեն դիմելու բակալավրի աստիճան ստանալու համար (Bachelor of Science in Nursing/BSN), իսկ պրակտիկայում գործող բուժքույրերը, ովքեր ունեն միջին մասնագիտական բուժքույրական կրթություն և աշխատող բուժքույրեր են, կարող են ստանալ բակալավրի աստիճան՝ դիմելով RN (Registered Nurse)-TO-BSN ծրագրերին, որոնք կենտրոնանում են բուժքույրության ոլորտում առաջնորդության և մենեջմենթի, հետազոտական հմտությունների, հանրային և համայքի առողջության և ավելի մասնագիտացված բուժքույրական խնամք տրամադրելու վրա։ RN-TO-BSN ծրագրերը նախատեսված են հիմնականում աշխատող բուժքույրերի համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական պարտականությունները և բավարարել գործատուի պահանջները՝ ստանալով բուժքույրության ոլորտում բարձրագույն կրթություն։

2019 թվականի մայիսին ԱՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում գնահատողական այցի շրջանակներում առողջապահական համակարգի մարդկային ներուժի ընթացիկ իրավիճակի իրականացված գնահատման արդյունքում այլ խնդիրների շարքում մատնանշվել է նաև հետևյալ խնդիրները.

Բուժքույրերը ստանում են մասնագիտական ​​ուսուցում բուժքույրական քոլեջներում, սակայն մեկ անգամ որակավորվում են, և այնուհետ   հետագա  ուսուցման կազմակերպման   հնարավորություններ նախատեսված չեն:

Հայաստանի Հանրապետությունում  Բուժքույրական գործելակերպը հետ է մնում միջազգային չափորոշիչներից, ինչն անբարենպաստ է ազդում բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հարցում:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Պայմանավորված վերոթվարկյալով և ոլորտում առկա կրթական բացը լրացնելու ձգտումով` Հայաստանում բուժքույրական կրթության վերաբերյալ կառուցվածքային և ուսումնական պլանների փոփոխման անհրաժեշտթույթուն է առաջացել՝ մշակելու նոր կրթական ծրագիր՝ «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիր (Bachelor of Science in Nursing/BSN):

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Առաջարկվող «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը նպատակ ունի կատարելագործելու բուժքույրերի նախապատրաստումը՝ տրամադրելով առաջավոր գիտելիք, որպեսզի նրանք կարողանան գործել արհեստավարժ, գրագետ և նոր ունակություններով։ 

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

 

6. Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկ»-ում «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագրի ընդգրկելը:

 

7. Այլ տեղեկություններ

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նախատեսվում է ՀՀ  կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Առողջապահության նախարարության» բաժնի 23.4 միջոցառման շրջանակներում։

  • Discussed

    14.03.2022 - 30.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4992

Print

Suggestions

Անդրանիկ Աթոյան

19.03.2022

Կարծումեմ, որ նման քայլի գնալ չի կարելի, քանի որ ինչպես Երևանում, այնպեսել մարզերում կան և պետական և ոչ պետական քոլեջներ և ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցանվում է 《քույրական գործ 》 մասնագիտությունը, մասնավորապես Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում և շատ այլ քոլեջներում։ Նման ֆակուլտետի բացումը էլ ավելի կծանրաբեռնի ԲՈՒՀ-երի ծանրաբեռնվածությունը, քանի որ օրինակ Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը դիմորդների պակաս չունի, իսկ առջևում նպատակ է դրել ավելացնել և մաքսիմալի հասցնել արտասահմանցի ուսանողների քանակը, իսկ հավելյալ ֆակուլտետի բացումը ավելի կծանրաբեռնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքը, միաժամանակ անգործ թողնելով այլ քոլեջների և ուսումնարանների դասախոսական կազմերին։ Ես կարող եմ առաջարկել, որ եթե կա աշխատաշուկայում բուժքույրերի և բուժակների պակաս, իրականացվի մի ծրագիր, ըստ որի բժշկական համալսարաններում սովորող ուսանողները սկսած 4-րդ կուրսից կստանան լիցենզիա աշխատելու 《քույրական գործ》 մասնագիտությամբ, միաժամանակ լուծելով և ուսման վարձի խնդիրը, և կլրացնեն աշխատաշուկան և ձեռք կբերեն մասնագիտական պրակտիկ գիտելիքներ, քանի որ նրանցից շատերն այդկերպ աշխատում են, ուղակի այն օրենքով չի կարգավորվում ։ Ինչպես նաև կառաջարկեմ Ձեզ, որպեսզի հնարավորության դեպքում վերականգնվի մանկաբուժական ֆակուլտետը , քանի որ նրա բացակայությունը էապես ազդում է հանրային առողջության վրա։ Շնորհակալություն

See more