Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ ապրելու և հասարակության մեջ լիարժեք և հավասար մասնակցության նախապայման է։ Առանց ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրությանը հասանելի այլ հարմարությունների և ծառայությունների մատչելիության, հաշմանդամություն ունեցող անձինք չեն ունենա մասնակցելու հավասար հնարավորություններ: Մատչելիությունը այն սկզբունքներից մեկն է, որի վրա հիմնված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2010 թվականին։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 9-րդ հոդվածի (Մատչելիությունը) 1-ին մասը սահմանում է մի շարք պարտավորություններ մասնակից պետություններ, որոնք առնչվում են նաև տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությանը.

«1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը, ինչպես նաև այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և´ քաղաքներում, և´ գյուղական վայրերում: Այս միջոցները, որոնք ներառում են խոչընդոտների և արգելքների բացահայտումը և վերացումը, կիրառվում են մասնավորապես. 

ա) կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների և աշխատավայրերի նկատմամբ.

բ) տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների նկատմամբ, ներառյալ էլեկտրոնային ծառայությունները»:

Նույն հոդվածի 2-րդ մասը նշում է, որ պետությունները պետք է մշակեն, տարածեն և վերահսկեն հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարությունների և ծառայությունների մատչելիությունն ապահովող նվազագույն չափորոշիչների և ուղեցույցների իրականացումը։ Պետությունները նաև պարտավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել տեղեկատվական ու հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ու համակարգերի, այդ թվում` ինտերնետի մատչելիությունը։

Նույն կոնվենցիայի 21-րդ հոդվածը (Խոսքի ու կարծիքի ազատությունը և տեղեկատվության մատչելիությունը) համացանցի մատչելիությունը դիտարկում է խոսքի ազատության տեսանկյունից՝ ընդգծելով, որ զանգվածային լրատվական միջոցներից և ինտերնետի միջոցով տեղեկատվություն տրամադրողներից, այդ թվում՝ պետական մարմիններից, պետք է պահանջել իրենց ծառայությունները մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ Մատչելիության մասին իր 19-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունում (CRPD/C/11/3) նշում է. «Պետք է ջանքեր գործադրվեն նաև ապրանքների և ծառայությունների փոխգործելիությանը հասնելու համար, հատկապես տրանսպորտի, տեղեկատվության և կապի, ներառյալ ինտերնետը և այլ ՏՀՏ, միջազգայնորեն ճանաչված մատչելիության ստանդարտների խթանման միջոցով:

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով ամրագրվեց տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համար մատչելի և նախընտրելի ձևաչափերով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը»։ Նույն հոդվածի 9-րդ մասով Օրենքն ամրագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը պետք է համապատասխանեն պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջներին, որոնք հաստատում է Կառավարությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության վերաբերյալ բազմաթիվ տարածաշրջանային և ազգային քաղաքականություններն ու օրենսդրությունները մեծացրել են մարդկանց հետաքրքրությունը համացանցի մատչելիության նկատմամբ: Իր հերթին, շատ կազմակերպություններ և կառավարություններ ընդունում են Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության ուղեցույցները՝ դարձնելով դրանք իրենց քաղաքականության մաս, որպեսզի մարդիկ կարողանան մուտք գործել համացանց՝ անկախ հաշմանդամությունից: Սա ներառում է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցները (WCAG), վեբ բրաուզերների և մեդիա նվագարկիչների (UAAG) և վեբ հեղինակային գործիքների (ATAG) մատչելիության ուղեցույցները:

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ինչպես վերոնշյալ, այնպես էլ մյուս միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, այնպես էլ ներպետական օրենսդրության պահանջները։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։

Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար:

Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։

Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Նախագծում արտահայտված կարծիքները պատկանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ տեսակետների հետ։

Նախագծի մշակմանն իր փորձագիտական աջակցությունն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի շրջանակներում ակնկալվում է ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները, ընդլայնել պաշտոնական տեղեկատվության և պետական ծառայությունների տրամադրման մատչելիությունը և ներդնել մեխանիզմներ՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է ծրագրի N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթներից՝ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում։

 

 

 

  • Discussed

    23.02.2022 - 10.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4852

Print