Հարգելի գործընկեր, ներկայացնում եմ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ մեր առաջարկությունները ըստ կետերի
9. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
Դիտարկում. Իսկ եթե վերոգրյալ սովորողը մասնակցում է քննություններին և ստանում է անբավարար գնահատական, այդ դեպքում նշանակվու՞մ է անբավարար գնահատականը իր հետևանքներով, թե ստանում է վկայական առանց քննական գնահատականների:
20. Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել 2 և ավելի օրերի ընթացքում՝ կախված Հաստատության սովորողների թվից:
Դիտարկում. Ողջունում եմ այս փոփոխությունը :
44. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, Հաստատությունից դուրս մնալու դեպքում իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.
Դիտարկում. 9-րդ դասարանի համար 19 տարին լրանալու շեմը, կարծում եմ, իրատեսական չէ, կարելի է 19 տարին փոխարինել 16-ով: Հասկանալի է, որ 19 տարին լրացած լինելը բխում է պարտադիր միջնակարգ կրթության պայմանից, այդ պատճառով առաջարկում եմ 16 տարին լրացած 9-րդ դասարանը չավարտող սովորողների համար նախատեսել 9-ամյա կրթության մասին դպրոցի կողմից տրվող տեղեկանքի կամ առանց քննական գնահատականների վկայականի հիման վրա միջին մասնագիտական հաստատություններում որոշակի մասնագիտությունների (օրինակ, արհեստագործական) գծով ուսումը շարունակելու հնարավորություն:
46. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) մինչև 3 առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով:
Դիտարկում. մինչև 3 առարկաներից ներառյալ տարեկան 1-3 միավոր, ավելացնել «ներառյալ» բառը:
47. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում 1 կամ 2 առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ
2) ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:
48. Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է 47-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
Դիտարկում. ըստ 48-րդ կետի, եթե սովորողը չի հանձնում նախորդ տարվա վերաքննությունը, ապա կրկնում է ոչ թե նախորդ դասարանի չյուրացրած դասընթացը, այլ արդեն փոխադրված դասարանի դասընթացը, ինչը տրամաբանական չէ: Այսինքն, ստացվում է, որ սովորողը մնում է նույն դասարանում, ոչ թե չսովորածը այնուամենայնիվ սովորելու, այլ որպես պատիժ վերաքննությունը չհանձնելու համար:
Առաջարկություն. Որպեսզի ծնողը և սովորողը ավելի պատասխանատու վերաբերվեն վերաքննությանը, անբավարար ստանալու դեպքում սովորողը մնա դասընթացը կրկնելու նախորդ դասարանում, որի դասընթացը չէր յուրացրել: Հասկանալի է, որ այս դեպքում սովորողը մեկի դեպքում երկու տարի է կորցնում, բայց դա կարծում եմ արդարացված է, եթե հաշվի ենք առնում, որ դպրոցն էլ ծնողի դիմումի հիման վրա լրացուցիչ աշխատանք է տանելու սովորողի հետ: Հակառակ դեպքում, բոլոր նման դեպքերում ծնողը կարող է դիմում գրել առանց լուրջ պատասխանատվություն ստանձնելու. ծնողի համար էլ ի՞նչ տարբերություն, որ դասարանում կմնա երեխան մեկ տարի:
51. 1-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով սահմանված հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար:
Դիտարկում. Քանի որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն երկարօրյա ուսուցման կազմակերպման հնարավորություն, առաջարկում եմ նշել, որ այս կետը կարող է գործել երկարօրյա ուսուցման առկայության դեպքում:
60. Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած, 2022-2023 ուսումնական տարվանից՝ էլեկտրոնային համակարգում առնվազն երեք անգամ հայտ ունեցող սովորողի բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:
Դիտարկում. «...տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն» և «Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում» մտքերն իրար հակասում են, ձևակերպումները հստակ չեն, հասկանալի չէ թե ինչպես է որոշվելու տարեկան գնահատականը:
Հարգանքով՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյան