ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, դրան առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման, ժամանակին համընթաց երկարաժամկետ ռազմավարության մշակման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 364.2 կետի միջոցառման կատարմամբ ակնկալվող արդյունքին հասնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս, ոլորտում կապիտալ ներդրումների կամ շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) արժեքի հաշվարկման հիմքում հիմնականում դիտարկվում են Խորհրդային տարիներին մշակված՝ 1984թվականին հաստատված ելակետային (բազային) տվյալներն ու դրանց պարբերաբար ինդեքսավորման սկզբունքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման Կարգի մեթոդաբանությամբ՝ առկա բանաձևերը փոխկապակցված են 1984թվականի գնացուցակների և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսների ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, որոնք արդիականացման կարիք ունեն:
Գործող (ЕРЕР) ժողովածուներում բացակայում են նոր նյութերով, կառուցվածքներով, սարքավորումներով, մեքենաներով, մեխանիզմներով, կաղապարամածային համակարգերով իրականացվող աշխատանքների (տեխնոլոգիաների) նկարագրերը և նախահաշվային նորմերը:
Կիրառելի չեն նաև նախկին արտադրական նորմերը (ЕНиР) նոր շինարարական նյութերի արժեքի, աշխատավարձի իրական ծախսերի որոշման համար՝ տեխնիկական նոր միջոցների՝ մեքենա-մեխանիզմների, սարքավորուների և շինարարական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:
Գնագոյացման նորմատիվային բազայի անկատարությունը հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների, նպաստելով ներդրումային (կառուցապատման) ծրագրերի անարդյունավետ ընթացքին:
Պետական ներդրումային ծրագրերի պարագայում նախահաշվային փաստաթղթերի մշակման հիմքում դիտարկվում է բազիսաինդեքսային (այն է՝ ոլորտում գործող նորմատիվ ակտերով սահմանված նախահաշվի կազմման) մեթոդը, որը չի համապատասխանում մրցակցային շուկայում գործող առաջարկ-պահանջարկ սկզբունքին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ բազիսաինդեքսային մեթոդի փոխարեն Նախագծով առաջարկվում է ներդնել շինարարությունում գնագոյացման ռեսուրսային հաշվարկի մեթոդաբանությունը՝ այն է՝ ընթացիկ գների հաշվառմամբ քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքի որոշման ամենաարդյունավետ տարբերակը, որի շրջանակներում կարևորվում է մոնիտորինգային կենտրոնների և բազային տվյալների շտեմարանի ստեղծման անհրաժեշտությունը:
Գործընթացը ենթադրում է նաև մեծ ծավալով օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, բարեփոխումներ և հաջորդական կատարելագործում, շինարարության BIM ինֆորմացիոն մոդելի ձևավորման սկզբունքների կիրառում:
Հայեցակարգով նախատեսվող միջոցառումների արդյունքային ցուցանիշները
- ուղղակի արդյունքների մասով ֆինանսական միջոցներ չեն պահանջի,
- միջանկյալ արդյունքների մասով կպահանջվեն որոշակի ֆինանսական միջոցներ նորմատիվ փաստաթղթերի մի մասի մրցութային կարգով ձեռքբերման համար,
- վերջնական արդյունքի մասով ֆինանսական ներդրումների կանխատեսումները կարող են հստակեցվել միայն ուղղակի և միջանկյալ արդյունքներն ապահովելու պարագայում:
Հայեցակարգին կից ներկայացված է նաև առաջնահերթ այն միջոցառումների ծրագիրը, որոնք ֆինանսավորում չեն պահանջի 2021-2023թթ հատվածում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կարող են նախատեսվել՝ միջոցառումների ծրագրի կատարման անհրաժեշտությամբ։
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև մասնագիտական դիրքորոշումներ ներկայացրած հաստատություններն ու կազմակերպությունները՝ Հայաստանի շինարարների միություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Հայնախագիծ» ԲԲԸ, ՀՀ նախագծողների միություն:
4. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ: