Add to favourites

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակով, ինչպես նաև տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողների և տնտեսավարողների համար անհարկի վարչարարության կրճատման և տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

  1. Առկա իրավիճակը

Ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Վերոգրյալով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասի» օրենքում                փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով տեսչական մարմինների համար  նախատեսվել է նոր գործիքակազմ, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը և սննդամթերքի անվտանգության  ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազորվել են իրականացնել վերահսկողություն՝ տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման:          Այսպիսով, տեսչական մարմինը՝ առանց նախապես ծանուցելու, համապատասխան հրամանի հիման վրա իրականացնում է ստուգայց, ստուգայցի արդյունքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում է սանիտարական կանոնների պահպանման վերաբերյալ արձանագրություն, իսկ ստուգայցի արդյունքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում նախազգուշացնում է կազմակերպությանը միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին:                                                                                               Ստուգայցի արդյունքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով վարույթ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Այսպիսով, Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինները վարույթը իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր ընթացակարգերի պահպանմամբ, ինչը ժամանակատար է և խնդրահարույց թե վարչական մարմինների թե տնտեսավարողների համար: Հարկ է նշել նաև, որ նախկինում ստուգայցի արդյունքում իրականացվող վարույթի առանձնահատկություններ չեն նախատեսվել՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն և համապատասխան պարտադիր պահանջները սահմանվել են Պարետի որոշումներով:       Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սկ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, ի թիվս բազմատիվ այլ կանոնների սահմանվել է նաև դրույթ անձանց կողմից՝ աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ) ներկայացնելու պահանջ /բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում/:                     Ըստ այդմ, տեսչական մարմինները, ի թիվս այլ պահանջների, վերահսկողություն են իրականացնում նաև նշված պահանջների պահպանման նկատմամբ՝ խախտումներ հայտնաբերելու պարագայում իրականացնելով վարույթ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ, որոնք բավականին ժամանակատար են և հաշվի առնելով տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ծավալները՝ պահանջում են բավականին մեծ ռեսուրսներ, մասնավորապես՝ հիշյալ հրամանի ուժի մեջ մտնելուց հետո՝ միայն 10-օրյա կտրվածքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է 3022 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 96 արձանագրություն, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ 831 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 51 արձանագրություն:

  1. Կարգավորման նպատակը

          Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները՝ նախատեսելով, որ  Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ  խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալով պայմանավորված նույնաբովանդակ փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Հարկ է նշել նաև, որ առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կիրառվելու է միայն այն պարագայում, երբ առկա են լինելու խախտման առկայության ակնհայտ հիմքեր, որոնք տվյալ պահին չեն վիճարկվելու տվյալ խախտումը թույլ տված անձի կողմից՝ վերջինիս համաձայնությամբ, քանի որ գործնականում ներկայում առկա է մի իրավիճակ, երբ առկա են ակնհայտ խախտումներ, որոնք անգամ տնտեսավարողների կողմից չեն վիճարկվում բացահայտման պահին, սակայն տեսչական մարմինը գործող օրենսդությամբ չունի լիազորություն տեղում կիրառել պատասխանատվության միջոց:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի  Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ վարույթների իրականացման արդյունավետությունը, կնվազի ժամանակատարությունը և անհարկի վարչարարությունը:  

  1. «Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եվ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  • Discussed

    25.10.2021 - 09.11.2021

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4653

Print