ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 858-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կանոնադրությամբ սահմանված գործունեության հիմնական նպատակների փոփոխություններով: Փոփոխությունների և լրացումների արդյունքում Հիմնադրամին հնարավորություն կընձեռնվի զբաղվել գործունեության մի շարք տեսակներով, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել կանոնադրությամբ արդեն իսկ սահմանված և նոր նախանշվող նպատակներին, իրականացնել առավել ընդլայնված գործունեություն:
1. Մասնավորապես, չնայած որ Կանոնադրությամբ որպես նպատակ սահմանվում է օրենսդրություն մշակելու կարողությունների ընդլայնված վերապատրաստումների իրականացումը, սակայն գործնականում առաջանում են խնդիրներ, երբ տրամադրված հմտությունների հիման վրա օրենքների կամ այլ նորմատիվ ու անհատական իրավական ակտերի իրացումը հնարավոր չի լինում պատշաճ կազմակերպել: Նման պարագայում նախատեսվում է որպես ընդհանուր նպատակ սահմանել Հիմնադրամի կողմից ինչպես օրենսդրության մշակման վերապատրաստումները, այնպես էլ ընդունված օրենքներից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանվող գործընթացների կամ մեխանիզմների կիրառման հետ կապված կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները՝ զարգացնելով իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունները:
2.Բացի այդ, Հիմնադրամը որոշ դատական գործերով ներկայումս աջակցում է վարչապետի, Կառավարության և Արդարադատության նախարարության շահերի ներկայացմանը՝ Արդարադատության նախարարության անունից:
Հիմնադրամի կողմից դատարաններում Կառավարության և Արդարադատության նախարարության անունից իրականացվող դատական ներկայացուցչության գործընթացի՝ ինստիտուցիոնալ առումով կազմակերպումն ու իրականացումը հնարավորություն կտա ճկուն գործիքների և փորձառու կադրերի ներգրավման միջոցով առավել արդյունավետ դարձնել նշված գործընթացը: Կանոնադրությամբ նման նպատակի սահմանումը բխում է Արդարադատության նախարարությանը վերապահված՝ դատական ներկայացուցչություն իրականացնելու ոլորտում օպտիմալացման նպատակներից, քանի որ դատական ներկայացուցչություն իրականացնելու գործառույթը մեկ վայրում կենտրոնացնելու պարագայում երաշխավորվելու է այդ աշխատանքների համաչափ և խելամիտ բաշխումը, և առավել քիչ ռեսուրսներով ակնկալվելու է առավելագույն արդյունք: Հիմնադրամի կողմից դատական ներկայացուցչության իրականացման և/կամ աջակցության պարագայում ապահովվելու է Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից դատական ներկայացուցչություն իրականացնելու ոլորտում պրոֆեսիոնալիզմը՝ Հիմնադրամի կողմից համապատասխան մասնագետների և փաստաբանների ներգրավման միջոցով: Վերոնշյալ հանգամանքը կապահովի նաև Արդարադատության նախարարությանը վերապահված՝ Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից իրականացվող դատական ներկայացուցչության ոլորտի բարձր հաշվետվողականությունը: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնադրամի նպատակներից է հանդիսանում օրենսդրության կատարելագործումը՝ Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների անունից դատական ներկայացուցչության իրականացումն ու դատական գործերին անմիջական մասնակցությունը կնպաստի իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրմանը, կօգնի վեր հանել իրավական նորմերի թերությունները և իրավական բացերը, դրա հիման վրա կորոշվեն օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությունները և կապահովվի դրանց իրականացումը:
3. Ներկայումս Արդարադատության նախարարությունն իրականացնում է էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման լայն աշխատանքներ՝ հիմք ընդունելով դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը: Նշված գործընթացում նախարարությունը կարիք է ունենում ներգրավելու փորձառու և պրոֆեսոնիալ կադրերի, որի միջոցով հնարավորություն կունենա բարձրացնելու էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից տեխնիկական և մասնագիտական վերահսկողությունը: Բացի այդ, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը մեծապես կախված է նաև դատավարական օրենսդրության զարգացման և կիրառման ուղղությունների հետ, ինչը ներկայումս վերապահված է հիմնադրամին: Հետևաբար, նշված երկու ուղղությունների զուգակցումը մեկ հարթակում հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման գործընթացի արդյունավետությունը:
4. Հիմնադրամի կանոնադրությունում առկա են նաև այլ կարգավորումներ, որոնք կարիք ունեն վերանայման՝ կապված Հիմնադրամի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պետական կառավարման համակարգում 2018թ.-ից կատարված փոփոխությունների հետ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով Կառավարությունը, որպես հիմնադրամի հիմնադիր, առաջարկում է փոփոխություններ իրականացնել հիմնադրամի կանոնադրության մեջ, որով՝
1) հիմնադրամին հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել և իրականացնել Արդարադատության նախարարությանը վերապահված՝ վարչապետի, Կառավարության և Արդարադատության նախարարության շահերի ներկայացումը դատական ատյաններում.
2) հնարավորություն է տրվում աջակցություն ցուցաբերել Արդարադատության նախարարությանը՝ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման գործում՝ վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման միջոցով՝ համապատասխան ոլորտի փորձագետների ներգրավմամբ.
3) վերացվում են նաև այն հակասությունները, որոնք առաջացել են 2018թ.-ին պետական համակարգի կառուցվածքային փոփոխությունների և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի ընդունմամբ.
4) փոփոխվում է նաև խորհրդի հերթական նիստերի անցկացման քանակը, սահմանելով, որ խորհուրդը հերթական նիստերը գումարում է տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ՝ համահունչ դարձնելով հիմնադրամների մասին օրենսդրությանը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների, դրանցից բխող միջոցառումների պատշաճ իրականացումը, Հիմնադրամի արդյունավետ գործունեությունն ու կառավարումը, կանոնադրությունը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 858-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:
-
Discussed
14.10.2021 - 29.10.2021
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5303
Print