ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- 1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:
- 2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից նկատվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերը զանգվածաբար հանում և վաճառում են վերոհիշյալ կատալիզատորները, քանի որ վերջիններիս արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, մասնավորապես՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում։ Արդյունքում, առանց կատալիզատորների շահագործվող մեքենաներից արտանետումները բարձր են սահմանված չափանիշներից, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը սկսել է կրել զանգվածային բնույթ։
- 3. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N83-Ն որոշմամբ որպես լիազոր մարմին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվում է
թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզիա։
- 4. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծով առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ։
- 5. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- 6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է սահմանափակել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը, որն իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կրճատմանը։