Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը նպատակ ունի փոխել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև՝ կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ավելի քան հինգ տարի գործողության մեջ գտնվող կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական նշանակությամբ: Առանց սահմանափակումների, այն նախատեսում էր վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոտեկային վարկերի դիմաց վճարած տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել է՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել է, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել է 55 մլն․ դրամով:
Արտոնության կիրառության տարիների ընթացքում և, հատկապես, վերջին երկու տարիներին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է: Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են դարձել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան աճը կազմել է մոտ 2000, իսկ 2020 թվականին՝ 5200 մարդ: Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաև պետական բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները: Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ․ դրամ, ապա 2019 թվականին աճը կազմել է 3.3 մլրդ․ դրամ, իսկ 2020 թվականին՝ 5.4 մլրդ․ դրամ՝ հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին կկազմի ավելի քան 20 հազ մարդ, որոնց միջին հաշվով պետական բյուջեից վերադարվում է 1.1-ական մլն․ դրամ: Այս տարվա բյուեջից վերադարձված եկամտային հարկի հանրագումարը կկազմի մոտ 21 մլրդ․ դրամ: Այս ցուցանիշները վկայում են ծրագրային արտոնության՝ տնտեսական և սոցիալական ավելացող ազդեցության մասին:
Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության ավելացում: Առավել մտահոգիչ է, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. Երևանից դուրս իրականացվող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը չի գերազանցում ընդհանուրի 7%-ը:
Հաշվի առնելով այս ծրագրի տնտեսական և սոցիալական զգալի ազդեցությունը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ ուղղորդող այնպիսի նշանակություն, ինչը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությանը, ինչպես նաև՝ ավելի ընդգծել ծրագրի սոցիալական նշանակությունը: Առաջիկա երեք տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխեն դեպի Երանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։
Այսպիսով, առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ սկսած 2025-ից առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր:
Միաժամանակ, հաշվի է առնվել նաև ընթացքի մեջ գտնվող կառուցապատման ծրագրերի համար այսօր գործող պայմանները չվատթարացնելու կարևորությունը: Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ ներկայումս սահմանված արտոնությունները կշարունակեն կիրառվել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
Նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարներն այնպես, ինչպես ստացել են մինչև սույն օրենքի ընդունումը։
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակն ու ժամկետներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական և սոցիալական դրական ազդեցությունը և միաժամանակ դրանց կավելացնի մեկ նոր՝ ավելի հավասարաչափ քաղաքաշինական զարգացման ազդեցություն, որն էապես կբարելավի նաև այլ քաղաքային բնակավայրերում կյանքի որակը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: