Добавить в избранное

Находится в правительстве РА

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը նպատակ ունի փոխել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկա­մտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարած­քա­յին համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև՝ կարգավորմանը տալ ավելի ընդգծ­ված սոցիալական նշանակություն:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Ավելի քան հինգ տարի գործողության մեջ գտնվող կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծ­ված տնտեսական նշանակությամբ: Առանց սահմանափակումների, այն նախատեսում էր վճար­ված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոտեկային վարկերի դիմաց վճարած տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել է՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել է, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել է 55 մլն․ դրամով:

Արտոնության կիրառության տարիների ընթացքում և, հատկապես, վերջին երկու տարի­նե­րին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է: Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են դարձել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան աճը կազմել է մոտ 2000, իսկ 2020 թվականին՝ 5200 մարդ: Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաև պետա­կան բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները: Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոց­ների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ․ դրամ, ապա 2019 թվականին աճը կազմել է 3.3 մլրդ․ դրամ, իսկ 2020 թվականին՝ 5.4 մլրդ․ դրամ՝ հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին կկազմի ավելի քան 20 հազ մարդ, որոնց միջին հաշվով պետական բյուջեից վերադարվում է 1.1-ական մլն․ դրամ: Այս տարվա բյուեջից վերադարձված եկամտային հարկի հանրագումարը կկազմի մոտ 21 մլրդ․ դրամ: Այս ցուցանիշները վկայում են ծրագրային արտոնության՝ տնտեսական և սոցիալական ավելացող ազդեցության մասին:

Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթաց­քում հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածու­թյան ավելացում: Առավել մտահոգիչ է, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. Երևանից դուրս իրակա­նաց­վող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը չի գերազանցում ընդհանուրի 7%-ը:

Հաշվի առնելով այս ծրագրի տնտեսական և սոցիալական զգալի ազդեցությունը՝ սույն փոփո­խությամբ առաջարկվում է արտոնությանը տալ ուղղորդող այնպիսի նշանակություն, ինչը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվա­ծու­թյանը, ինչպես նաև՝ ավելի ընդգծել ծրագրի սոցիալական նշանակությունը: Առաջիկա երեք տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարա­րու­թյան բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխեն դեպի Երանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիա­­­կանության և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիպո­տե­կային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։ Մասնավո­րա­պես, նախագծով առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,

բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,

գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,

դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Այսպիսով, առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ սկսած 2025-ից առանց ժամկե­տա­յին սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր:

Միաժամանակ, հաշվի է առնվել նաև ընթացքի մեջ գտնվող կառուցապատման ծրագրերի համար այսօր գործող պայմանները չվատթարացնելու կարևորությունը: Ներդրողների շահերը պաշտ­պանելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ ներկայումս սահմանված արտո­նու­թյուն­­ները կշարունակեն կիրառվել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինա­րա­րու­թյան թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքով սահմանվող վերջ­նա­ժամկետները։ Այս շրջա­նակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումար­ներն այնպես, ինչպես ստացել են մինչև սույն օրենքի ընդունումը։

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճար­ված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռու­թյան շրջանակն ու ժամկետներն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Առա­ջարկվող փոփո­խու­թյունը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական և սոցիալական դրական ազդեցությունը և միաժամանակ դրանց կավե­լացնի մեկ նոր՝ ավելի հավասարաչափ քաղաքաշինական զարգացման ազդեցություն, որն էապես կբարելավի նաև այլ քաղաքային բնակավայրերում կյանքի որակը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի առա­ջաց­­նում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 

 

  • Обсуждалось

    12.08.2021 - 27.08.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8080

Принт

Предложения

Երեմ Ասատրյան

14.08.2021

Նախագծի հիմնավորումներում ներկայացված է միայն վերադարձված և վերադարձվող եկամտային հարկի հաշվարկը, մինչդեռ կառուցապատման և հետևաբար նաև տնտեսության վրա բացասաբար ազդող սույն նախագծի ներկայացման պարագայում անհրաժեշտ և պարտադիր է ներկայացնել նաև կառուցապատման և բնակարանների վաճառքի արդյունքում պետական բյուջե վճարված հարկերը, որոնք գերազանցում են վերադարձվող եկամտահարկի գումարները։ Նման հաշվարկների չներկայացումը համոզմունք է ձևավորում, որ այս նախագիծը ուղղակի համապատասխան քննարկումները չանցած, փորձագիտական և մասնագիտական համայնքի կողմից ուսումնասիրության չենթարկված նախագիծ է, որը ամեն գնով փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, այնինչ այն աղետալի ազդեցություն կունենա կառուցապատման ոլորտի` հետեւաբար նաև տնտեսության վրա։

Eduard Gasparyan

14.08.2021

❕Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատան ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար: «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված այսօրվա Կառավարության հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված 19-րդ հարցի` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը: Հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում: Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին: Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։ Ցավով պետք է փաստենք, որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Узнать больше