Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ
10.05.2021
ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքին ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում Երևանի ավագանու որակումները Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հասցեին։ Անընդունելի է, որ կայքում գրանցված՝ Երևանի ավագանու էջում տեղադրված կարծիքի հեղինակը հանդես է գալիս ՀՀ մայրաքաղաքի ավագանու անունից և հավակնում է ներկայացնելու ավագանու հավաքական և պաշտոնական տեսակետը։ ՀՀ բուհերի կառավարման հիմնախնդիրների, կրթության զարգացման երկարաժամկետ ծրագրի բացակայության վերաբերյալ թվացյալ «մտահոգություններից» զատ, տրված են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ, ինչպես նաև անհիմն՝ «ինչ ուզեմ՝ կանեմ» ձևակերպմամբ «մեղադրանք» է առաջադրված ռեկտորներին, շաղախված «քծնողների բանակ», «ուրացող» և այլ ուղղակի վիրավորանքներով։ Մինչդեռ՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորներն աշխատում են ՀՀ օրենսդրության պահանջներին և բարձր արժեքային կողմնորոշումներին համապատասխան, պատվով իրականացնելով հազարավոր երիտասարդների կրթության ու դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ բուհական ոլորտում կան թերություններ և բացթողումներ, սակայն դա իրավունք չի վերապահում համայնքի ավագանու անդամին՝ անձնական վիրավորանք հասցնել պատկառելի և հարգված անձանց: Ռեկտորները տարիներ շարունակ պայքարում են բարձրագույն կրթության որակյալ օրենք ունենալու համար և այդ նպատակով ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն է միայն ընդունվել: Տեղի են ունեցել շահագրգիռ հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, Ազգային ժողովում, Հանրապետության նախագահի հետ։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քանիցս ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված իր կարծիքը և հավաքական ու հիմնավոր եզրակացությունները օրենքի նախագծի վերաբերյալ, հանդես է եկել իր սկզբունքային դիրքորոշումները և առարկություններն արտահայտող մի շարք հայտարարություններով, որոնք իշխանություններին հաճո չէին։ Իսկ ս. թ. մայիսի 3-ին իրավասու մարմիններին և իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի վերջին հայտարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որը կարդացողը հստակ կկարողանա տարբերել քծնանքը սկզբունքային հարցադրումներից։ Ցավում ենք, որ տարրական դաստիարակության կարոտ և բարոյական նորմերից հեռու անձն ընտրվել է Երևանի ավագանու անդամ և թաքցնելով սեփական անուն-ազգանունն ու թաքնվելով ավագանու անվան տակ, իրեն թույլ է տալիս վիրավորանք հասցնել կյանքի լուրջ ճանապարհ անցած, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց պատվին ու արժանապատվությանը՝ չգիտակցելով, որ իր արարքը ենթակա է իրավական պատասխանատվության ու պատժի։ Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկում ենք լրջագույնս ուսումնասիրել Երևանի ավագանու անունից պաշտոնապես հրապարակված կարծիքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության նորմերին ու բարեվարքության կանոններին և ըստ այդմ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ