Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազան չի կարող փոքր լինել անշարժ գույքի հարկման նպատակով Օրենսգրքով սահմանված հարկման բազայից՝ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքներից:
Խնդիրը կայանում է նրանում, որ անշարժ գույքի հարկով հարկվող բազաների շուկայական արժեքների մոտարկման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացել են հրատապ լուծում պահանջող մի քանի խնդիրներ: Մասնավորապես՝
ա. անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք իրենց մեջ, ըստ էության, արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ: Արդյունքում, ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների հաշվարկման առումով նշյալ արժեքները հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով և շահութահարկով հարկվող բազայի մեջ, ինչը հակադրվում է նշյալ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը,
բ. նոր կառուցապատվող բազմաբնակարան շենքերի դեպքում անշարժ գույքի վաճառքը շատ հաճախ սկզբնապես տեղի է ունենում անշարժ գույքի գնման իրավունքի վաճառքի ձևով, և անշարժ գույքի փաստացի օտարումը տեղի է ունենում միայն հետագայում՝ բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտելուց հետ: Ընդ որում, օտարվող անշարժ գույքի գինը որոշվում է գնման իրավունքի վաճառքի փուլում և հետագայում, որպես կանոն, փոփոխման ենթակա չի լինում: Խնդիր կայանում է նրանում, որ հարկային օրենսդրության կիրառության իմաստով հարկվող գործարքը տեղի է ունենում անշարժ գույքի փաստացի օտարման փուլում, մինչդեռ օտարվող անշարժ գույքի գինը, հետևաբար նաև՝ հարկվող բազան որոշվում է նախօրոք՝ գնման իրավունքի վաճառքի փուլում: Գնման իրավունքի վաճառքի և անշարժ գույքի փաստացի օտարման միջև ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում կարող են տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա: Արդյունքում հարկային օրենսդրությամբ ամրագրված կարգավորումները անշարժ գույքի կառուցապատողների համար ձևավորել են մի շարք անորոշություններ, որոնք պայմանավորված են այն հանգամանքի հետ, որ բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում անշարժ գույքի գների բարձրացման և դրա հետևանքով անշարժ գույքի մոտարկված արժեքների հնարավոր բարձրացման հետևանքով, ըստ էության բարձրանալու են նաև այդ գույքի մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաները՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների մոտ ձևավորվելով չկանխատեսված լրացուցիչ հարկային պարտավորություններ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
ա. անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը,
բ. 2021 թվականի հունվարի 1-ից հետո կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից ձևավորվող հարկման բազաների հաշվարկման համար հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի փաստացի օտարման պահի դրությամբ որոշվող անշարժ գույքի հարկով հարկման բազան, այլ բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ որոշված անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսը,
գ. մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ անշարժ գույքի օտարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկով և շահութահարկով հարկման բազաները որոշելու նպատակով նույնպես հիմք են ընդունվելու վերոնշյալ կարգավորումները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների հաշվարկման կարգավորումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել անշարժ գույքի հարկման բազաների վերանայման արդյունքում կառուցապատող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: