ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ Ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է բարենպաստ գործունեության ապահովման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը, գյուղատնտեսության ոլորտում ռազմական և արտակարգ դրության հետևանքների մեղմմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը։ Սույն նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ Ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։ Միաժամանակ, Նախագծով պետական աջակցության ծրագրերի այն շահառուները, որոնք ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որի հետևանքով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո առաջացել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ Ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը կամ լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շահառուներ։ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերը 2021 թվականին կավելանան շուրջ 100 մլն դրամով։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարացնելու այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակելու օգտվել պետական աջակցությունից, ծավալելու գործունեություն և մարելու վարկային պարտավորությունները։