Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու անհրաժեշտությամբ:
Վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:
Գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:
Գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծ-ման, գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվող թույլտվության, գաղտնի տեղեկությունների պաշտպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկատվությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ` արդի իրողություններին և միջազգային փորձին համապատասխան:
Միաժամանակ, հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության ոլորտում առկա միջազգային պայմանագրերի կարգավորումները:
Օրենքի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվի պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների` ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, ինչպես նաև կներդրվեն գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ:

Ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    23.03.2021 - 07.04.2021

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10643

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

11. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում https://bit.ly/2PSZgjQ ):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

10. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում https://bit.ly/2PSZgjQ ) : • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասն, ինչպես և գործող օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը: Ստացվում է, որ հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ են հանձնվում «ըստ անհրաժեշտության», թե ինչ է արվում դրանք չհանձնելու դեպքում՝ նախագիծը չի մասնավորեցնում (դրանք մնում են արխվացված համապատասխան պետական մարմնի մոտ կամ կրկին ոչնչացվում են): Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում https://bit.ly/2PSZgjQ):

See more