Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Justice Group 07.04.2021 16:39:56 ԿԱՐԾԻՔ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն, ըստ էության, անպատասխան է թողնում տեղեկատվության՝ գաղտնիության կամ հասանելիության սահմանափակման չափանիշների սահմանման սկզբունքներն ու դրանց համակարգային լուծումները։ Բացի վերոնշյալ խնդիրների վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը, նախագիծը պարունակում է բազմաթիվ հակասական, իրավաբանական տեխնիկայի կանոններին հակասող ձևակերպումներ։ 21-րդ դարում տեղեկատվության հասանելիության հնարավորությունների, հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում տեղեկատվության սահմանափակման ծավալների փոփոխությունները զարգացած երկրներում ձևավորեցին նոր իրավակարգավորումների, այդ գործընթացում նոր սկզբունքների արմատավորում, որոնք առաջնայնորեն նպատակադրված են ապահովել մարդու իրավունքները հանրային կյանքի տեղեկատվության հասանելիության բնագավառում՝ չհակադրելով դրանք պետության անվտանգության ապահովման նպատակով տեղեկատվության որոշ տեսակի և ծավալի սահմանափակման անհրաժեշտությանը։ Ընդ որում, վերոնշյալ անհրաժեշտության ընկալումը ձևավորվեց նաև հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր պետություններում։ Եզակի բացառություններից է հանդիսանում ՀՀ-ն, որտեղ դեռևս գերիշխում է պետության կողմից տեղեկատվության հասանելիության սահմանափակման անսահմանափակ հնարավորությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2014 թվականից քննարկվող ոլորտում ՀՀ ին իրավական աջակցության շրջանակներում ԵԱՀԿ գրասենյակի կողմից պետական կառույցներին առաջարկվել է ոլորտը կարգավորող համապարփակ, իրավական առումով բովանդակալից և ժամանակի տեսանկյունից իրատեսական նախագիծ, որի ընդունման պարագայում կհստակեցվեին տեղեկատվության այն շրջանակը և ծավալը, ինչը որևէ պարագայում սահմանափակվել չէր կարող։ Ընդ որում, առաջարկվող նախագծում լուծումը տրված էր տեղեկատվության սահմանափակման սկզբունքների և չափանիշների ամրագրման եղանակով։ Ելնելով այն հանգամանքից, որ ԱԱԾ կողմից ներկայացված նախագիծն առնչվում է պետական գրեթե բոլոր գերատեսչությունների գործունեությանը, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող այլ սուբյեկտներին, անհրաժեշտ ենք համարում հետ կանչել նախագիծը՝ վերջինիս մշակման գործընթացում մասնակցային ժողովրդավարության սկզբունքի խախտման պատճառաբանությամբ, ձևավորել նախագծի մշակման գերատեսչական հանձնաժողով, մասնակից դարձնել նաև հասարակական կառույցների ներկայացուցիչներին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի-Վանաձորի գրասենյակ ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Կարեն Թումանյան, փաստաբան Չի ընդունվել: Նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, իսկ ինչ վերաբերում է նախագծի մշակմանը հասարակական կազմակերպությունների կամ առանձին անձանց ներգրավմանը, ապա վերջիններս իրենց դիտողությունները և առաջարկությունները կարող էին ներկայացնել նախագծի հանրային քննարկման դրված լինելու ժամանակ: Օրենսդրական տեխնիկայի կանոնները նախագծում պահպանված են:
2 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:00:53 1. Դրական ենք գնահատում նախագծով գաղտնիության աստիճանների հասկացությունների սահմանումը, հատկապես՝ թե որ տեղեկությունները կարող են համարվել «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի»: Միաժամանակ, նախագծում մնացել է գործող օրենքի այն դրույթը, համաձայն, որի՝ «գաղտնի» աստիճանին համապատասխանող «ծառայողական գաղտնիք» է համարվում այն տեղեկությունը, որը «որպես կանոն» պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը (նախագծի հոդված 3, 1-ին մասի 2-րդ կետ): • Գտնում ենք, որ պետք է բացառվի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության մաս չկազմող որևէ տեղեկության գաղտնագրումը՝ նույնիսկ ամենացածր գաղտնիության աստիճանին համապատասխան: Ուստի առաջարկում ենք դրույթը վերաշարադրել՝ դրանից հանելով «որպես կանոն» բառակապակցությունը կամ ընդհանրապես նախագծից հանել «ծառայողական գաղտնիք» հասկացությունը՝ գաղտնիության «գաղտնի» աստիճանը թողնելով որպես բացառապես պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության ամենացածր աստիճան : Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 68-73 էջերում https://bit.ly/2PSZgjQ Չի ընդունվել: Ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միայն պետական գաղտնիքի մաս կազմող տեղեկություններով սահմանափակելու դեպքում կառաջանան խնդիրներ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ տեղեկություններն ինքնին չհանդիսանան պետական գաղտնիքի մաս, սակայն դրանց համադրումը կամ ընդհանրացումը մասնակի բացահայտի պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ:
3 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 2. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն, ինչպես և գործող օրենքով՝ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝ - պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (հոդված , մաս 3, «3» կետ), - պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին (հոդված 8, մաս 3, «4» կետ) , - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (հոդված 8, մաս 3, «6» կետ): Հաշվի առնելով «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ: • Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա ՝ առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «3» կետը վերաշարադրել, դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով. • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «4» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները»: • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «6» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում https://bit.ly/2PSZgjQ Չի ընդունվել: Նախապատվությունը տրվել է նախագծի ներկայիս խմբագրությունը, քանի որ դրանում առավել նպատակային են արտացոլված պետության կողմից պահպանության ենթակա տեղեկությունները:
4 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 3. Նախագծի 9-րդ հոդվածով անփոփոխ է թողնվում գործող օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում չներառելով այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես. - մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները, - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - հանցավորության մակարդակի մասին տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բարձրաստիճան պաշտոնատար անձանց առողջական վիճակի մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և բնության ու շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին: Օրենքում տեղ գտած «քաղաքացիներ» եզրույթը տեսական հնարավորություն է թողնում պետական գաղտնիքի շարքին դասելու այլ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների սահմանափակումների, խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը լրջագույն խնդիր է առաջին հերթին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված՝ այդ թվում քաղաքացիության հիմքով խտրականության արգելքի հիմնարար դրույթի տեսանկյունից: • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը ՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով. - բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները», - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - հանցավորության մակարդակի մասին տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բարձրաստիճան պաշտոնատար անձանց առողջական վիճակի մասին տեղեկությունները, - բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։ • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները»: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում https://bit.ly/2PSZgjQ Մասամբ է ընդունվել: 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քաղաքացիների» բառը փոխարինվել է «մարդկանց» բառով, ինչպես նաև խմբագրվել է 3-րդ կետը, իսկ մյուս առաջարկությունների մասով նախապատվությունը տրվել է գործող խմբագրությանը:
5 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 4. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից»: Ինչպես և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, նախագիծը ևս ընդհանրական կերպով սահմանում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների պարտականությունը՝ հիմնավորելու տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժետությունը (հոդված 11, 2-րդ պարբերություն), սակայն միևնույն ժամանակ չի ամրագրում պաշտոնատար անձանց հստակ պարտականությունը՝ տեղեկությունները գաղտնիքների շարքին դասելիս նշելու տեղեկատվությունը գաղտնագրելու և հատկապես կոնկրետ ժամանակահատվածով գաղտնագրելու պատճառ հանդիսացող հիմքերը: Մասնավորապես նախագծի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությամբ սահմանվում է միայն, որ տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է Կառավարության կողմից սահմանված կարգով , յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով՝ գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխան: Պաշտոնատար անձի կողմից տեղեկությունը գաղտնագրելը խիստ մեխանիկորեն՝ ուղղակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխանության ստուգման միջոցով, այդ գործընթացում որևէ ուղեկցող հիմնավորում նշելու պարտականության բացակայությունը անառարկելիորեն նպաստում է կամայականության և տեղեկությունները գաղտնի պահելու չափից շատ դեպքերի թվի մեծացմանը: Հակառակը, նման պարտականության սահմանման դեպքում տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը պարտավորված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքում իրապես գնահատել կոնկրետ տեղեկատվության կոնկրետ ժամանակահատվածում կամ մինչև կոնկրետ պայմանի վրա հասնելը հրապարակման հետևանքով որոշակի վնասի առաջացման հնարավորությունը: Ինչը բխում է նաև միջազգային չափորոշիչներից և միջազգային լավագույն իրավաստեղծ փորձից : • Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում տեղեկություններ գաղտնագրելիս, դրանց՝ գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխան գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու պարտականության հետ մեկտեղ սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշել գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից Վարչապետի աշխատակազմ կատարված հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը մշակել է նշված կարգը, հղում է կատարվել Կառավարության՝ Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին թիվ 173 որոշմանը, որով նման կարգ չի սահմանվում: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 102-103 էջերում https://bit.ly/2PSZgjQ Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող գաղտնագրման կարգը հնարավորինս հստակ է, տեղեկությունները գաղտնագրվում են գերատեսչական ցանկերին համապատասխան, որոնք ենթակա են վերանայման ոչ ուշ քան յուրաքանչյուր 5 տարին մեկ: Մյուս առաջարկությունները կքննարկվեն և ըստ անհրաժեշտության հաշվի կառնվեն նախագծից բխող այլ իրավական ակտերի մշակման ընթացքում:
6 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 5. Գործող օրենքի պես, նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և որ «գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք:»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրել ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է (Տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջ 95 https://bit.ly/2PSZgjQ ): Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ: Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին՝ նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը, հատկապես ներկայիս օրենքով սահմանված բովանդակությամբ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների մասով և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան : (Տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջեր 96-99 https://bit.ly/2PSZgjQ ) Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում : ( Տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջեր 98-99 https://bit.ly/2PSZgjQ ) Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի ( Տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջ 99 https://bit.ly/2PSZgjQ ): Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018թ. տարեկան հաղորդման մեջ: • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 100 էջում https://bit.ly/2PSZgjQ ) , նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը: Չի ընդունվել: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելու պետական մարմինների իրավասությունը հանելու դեպքում խնդիրներ կառաջանան տեղեկությունների գաղտնագրման գործընթացում, բացի այդ թե գործող օրենքով և թե նախագծով սահմանված են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները և ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելիս դրանում ներառում են պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են: Ըստ էության, գերատեսչական ցանկերում առավել մանրամասնորեն ներառվում են նաև Կառավարության կողմից սահմանված ցանկից բխող անհրաժեշտ տեղեկությունները:
7 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 6. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում են գաղտնագրված տեղեկությունների՝ որպես այդպիսիք պահպանելու ժամկետները, ըստ այդմ թողնված է գործող օրենքի կարգավորումը, համաձայն որի՝ «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները կարող են պահպանվել մինչև 30 տարի՝ «ելնելով անհրաժեշտությունից» ավելի երկար և ըստ էության անսահմանափակ ժամկետով պահպանելու հնարավորությամբ (Կառավարության որոշմամբ), իսկ «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի: Միևնույն ժամանակ չի նախատեսվել հնարավորություն տեղեկությունը գաղտնագրել ոչ միայն հստակ ժամանակահատվածով, այլ մինչև որոշակի պայմանի/իրադարձության վրա հասնելը: Չի սահմանվել նաև դրույթ, որը կպարտավորեցնի կիրառողին առաջնորդվել տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ սահմանափակման սկզբունքով: • Նման երկար ժամկետներ սահմանող կարգավորումը, ինչպես նաև տեղեկատվությունն ըստ էության անսահմանափակ ժամկետով գաղտնագրելու հնարավորությունը բացարձակապես չեն բխում միջազգային փորձից և տեղեկատվության ազատության կանխավարկածից: Հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձը ուսումնասիրությունը ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում https://bit.ly/2PSZgjQ )՝ առաջարկում ենք. ա) վերանայել սահմանված ժամկետները՝ սահմանելով պահպանության հետևյալ առավելագույն ժամկետները. «Հատուկ կարևորության» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 20 տարի, «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 10 տարի, «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 5 տարի. բ) սահմանել Կառավարության լիազորությունը երկարացնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը գաղտնի պահելու ժամկետը, սակայն ոչ ավել քան նախորդիվ սահմանված ժամկետով. • Հաճախ տեղեկատվության գաղտնագրման անհրաժեշտությունը կարող է փոխկապակցված լինել կոնկրետ իրադարձության կամ պայմանի հետ, ուստի արդյունավետ չի կարող համարվել նման դեպքերում ևս տեղեկությունը գաղտնագրել կոնկրետ ժամկետով, ինչը կբերի այն անհիմն կերպով հնարավորինս երկար ժամկետով գաղտնագրելուն: Ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության, հանգամանքի) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորություն սահմանող դրույթով, ինչը ևս կիրառվում է մի շարք պետություններում ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 80 էջում https://bit.ly/2PSZgjQ ). • Առաջարկում ենք նաև նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները հնարավոր և իրապես անհրաժեշտ նվազագույն ժամկետով գաղտնագրելու՝ պաշտոնատար անձանց պարտականությունը սահմանող դրույթով: Չի ընդունվել: Նախապատվությունը տրվել է նախագծի գործող խմբագրությանը: Պահպանության ժամկետները փոփոխելու և պահպանության ժամկետները երկարացնելու կարգերը համապատասխանում են արդի իրողություններին: Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն` պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանվում են օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի համար նախատեսված առավելագույն ժամկետով, եթե դրանց համար առանձին ժամկետներ սահմանված չեն, ինչը չի խոչընդոտում որպեսզի սահմանվեն այլ ժամկետներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և հիմքերի առկայությամբ գաղտնազերծվեն ավելի վաղ: Կառավարության կողմից միայն մեկ անգամ մինչև 5 տարի ժամկետով երկարաձգելու վերաբերյալ առաջարկությունը նույնպես ընդունելի չէ, քանի որ որոշակի հանգամանքներով պայմանավորված կարող է անհրաժեշտություն առաջանալ պահպանության ժամկետը մեկ անգամից ավել 5 տարի ժամկետով երկարաձգել:
8 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 7. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը: • Հիմնվելով միջազգային փորձի վրա ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում https://bit.ly/2PSZgjQ ) առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ: Չի ընդունվել: Նշված կոնկրետ տեղեկատվության արդիականության կորցնելու դեպքում օրենքի նախագծով (հոդված 15) նախատեսված է դրույթ դրանց գաղտնազերծման վերաբերյալ:
9 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 8. Նախագծի 15-րդ հոդվածով, որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն: Միաժամանակ, պայմանավորված նախագծում տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորության բացակայությամբ, նախատեսված չէ նաև այդպիսի պայմանի վրա հասնելով պայմանավորված` տեղեկությունները գաղտնազերծելու՝ պետական մարմինների և պատասխանատու պաշտոնատար անձանց պարտականությունը: Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ («Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից կատարված հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։ Տես նաև՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները), իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում (Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել): Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը: • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա ՝ (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում https://bit.ly/2PSZgjQ ) առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով: Չի ընդունվել: Նախագծով ներկայացված կարգավորումները հստակ են և դրանք լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն չկա:
10 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասն, ինչպես և գործող օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը: Ստացվում է, որ հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ են հանձնվում «ըստ անհրաժեշտության», թե ինչ է արվում դրանք չհանձնելու դեպքում՝ նախագիծը չի մասնավորեցնում (դրանք մնում են արխվացված համապատասխան պետական մարմնի մոտ կամ կրկին ոչնչացվում են): Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում https://bit.ly/2PSZgjQ): Չի ընդունվել: Կան դեպքեր երբ, օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում են, սակայն դրանց հրապարակայնացումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգության շահերին և նշված տեղեկությունները պետք է ոչնչացվեն:
11 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 10. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում https://bit.ly/2PSZgjQ ) : • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ: Չի ընդունվել: Տեղեկությունների գաղտնազերծման նախաձեռնությունը պետք է բխի դրանք գաղտնագրող մարմինների կողմից, այլ ոչ թե ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների` ելնելով օրենքի պահանջներից:
12 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 07.04.2021 18:23:25 11. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում https://bit.ly/2PSZgjQ ): Չի ընդունվել: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նշված անձինք կենթարկվեն ոչ թե վարչական այլ կարգապահական պատասխանատվության: