Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ  ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման համաձայն ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովների միջոցով ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի համապատասխանեցումը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հաշվառված անձանց ցուցակների ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
  3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր բնակարանային հաշվառման ընդգրկված 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առաջնահերթությամբ, իսկ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր բնակարանային հաշվառման ընդգրկված այլ շահառուներին՝ սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված առաջնահերթության իրավունքից օգտվող շահառուների բնակարանային խնդիրները լուծելուց հետո:
  4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի նոր աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի ու վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին պայմանագրի ձևերը:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում (ըստ մարզերի և Երևան քաղաքի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ ձևավորված շուկայական միջինացված գների մասին:
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետով.

«1.1 Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի .......-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության մասին» N   -Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ծագած հարաբերությունների վրա:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

  • Discussed

    30.06.2017 - 15.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8988

Print