ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետում նշված «Բնապահպանական ծրագրեր» հասկացությունը կրում է շատ ընդհանուր բնույթ և չունի հստակ սահմանում, համաձայն որի կարելի է ծրագրերը որակել, որպես բնապահպանական։ Վերոնշյալ օրենսդրական բացը հանդիսանում է բավականին լուրջ խոչընդոտ՝ պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի բացահայտման, դասակարգման և ֆինասավորման համար։ Միաժամանակ հնարավոր չէ հաշվարկել պետական բյուջեով ֆինանսավորվող այլ ոլորտային ծրագրերում ներառված բնապահպանական ուղղվածություն ունեցող ենթածրագրերը, ինչը էականորեն կարող է փոփոխել իրականացվող հաշվարկները և վերլուծությունների արդյունքները։ Բնապահպանական ծրագրերի բացահայտման հստակ գործիքակազմի բացակայության հետևանքով չի ապահովվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարումը/տես աղյուսակ 1./
|
2017
|
2018
|
2019
|
ՀՀ պետական բյուջեով Շրջակա միջավայրի պաշտպանությանը նպատակաուղղվող հատկացումներ (մլրդ.դրամ)
|
5.4
|
11.6
|
11.9
|
Բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջե փաստացի մուտքագրված մուտքեր (մլրդ.դրամ) (աղբյուր՝ ՀՀ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվություն)
|
42.2
|
54.2
|
58.3
|
Վճարների հասցեական օգտագործման ցուցանիշը (տոկոս)
|
24
|
22
|
20
|
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝ սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումից հետո ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարման լիարժեք ապահովում, այդ թվում նաև բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերի կանոնակարգում, հստակեցում և արդյունավետության բարձրացում, ինչն իր հերթին կբերի իրականացվող ծախսերի նպատակային օգտագործման ապահովմանը, հանրապետության շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ոլորտի հիմնախնդիրների թիրախավորման և դրանց արդյունավետ լուծմանը: