Add to favourites

««Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
      1) 5-րդ կետում «պետական մարմնի ուժերի,» բառերից հետո լրացնել «աշխարհազորի,» բառը.
      2) լրացնել 9.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
   «9.1) աշխարհազոր՝ քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.»:
       ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝
       1) 1-ին մասի 4-րդ կետում «զարգացումը,» բառից հետո լրացնել «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը.
       2) 2-րդ մասի 9-րդ կետում «ծավալման,» բառից հետո լրացնել «աշխարհազորի պատրաստության,» բառերը.
       3) 3-րդ մասի 3-րդ կետում «կառուցվածքի» բառից հետո լրացնել «, աշխարհազորի կիրառումը» բառերը:
    ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «համալրումը» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով աշխարհազորայինների հավաքագրումը» բառերը:

       ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
      «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:»:
      ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «պատրաստության» բառից հետո լրացնել «, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու» բառերը:
       ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «զորակոչը» բառից հետո լրացնել «, աշխարհազորը» բառը:
       ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել 29.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
      «Հոդված 29.1. Աշխարհազորը
      1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
      2. Աշխարհազորի նպատակներն են՝
      1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
   2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
    3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
      3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝
   1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
     2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
      3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
  4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.
      5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:
  4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
    5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
     6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
  7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
    8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:
   9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված՝ խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
   10. Աշխարհազորային պայմանական բրիդադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
   11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝
     1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
     2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
     3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
 12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:»:
    ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
   2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Discussed

    24.08.2020 - 08.09.2020

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14728

Print

Suggestions

Արտակ Քյուրումյան

07.09.2020

Առաջարկում եմ վերանայել կից ներկայացվող տեղեկանքի այն պնդումը, որ «օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում» Համաձայն «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 7-ի «Աշխարհազորայինին ամրացվում է զենք, հատկացվում է համազգեստ»: Աշխարհազորայինների համար համազգեստի, զենքի և զինամթերքի ձեռքբերումը պետք է նախատեսվի պետական բյուջեներում: Հավանական հակառակորդի հարձակման դեպքում աշխարհազորայիններին տեղափոխելու համար անհրաժեշտ են լինելու տրանսպորտային միջոցներ, դրանց պահեստամասեր և վառելիք, որոնց ձեռքբերումը ևս պետք է նախատեսել առաջիկա տարիների պետական բյուջեներում:

Արտակ Քյուրումյան

07.09.2020

Առաջարկում եմ վերանայել հավանական հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի դեմ աշխարհազորի օգտագործումը և դիտարկել աշխարհազորն այլ նպատակներով օգտագործելու տարբերակները Համաձայն երեք նախագծերի հիմնավորումների «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:» Սովորաբար դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական և հատուկ օպերացիաներում ներգրավված ուժերը կազմված են հատուկ պատրաստություն անցած զինվորականներից և ակնկալել, որ որևէ հատուկ պատրաստություն չանցած աշխարհազորը կարող է արդյունավետ կերպով դիմակայել, չեզոքացնել և ոչնչացնել «հավանական հակառակորդի» այդ հատուկ ուժերը հավանաբար խիստ լավատեսական է: «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքների համաձայն ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների կազմում գործում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք հատուկ պատրաստություն են անցնում ահաբեկչական կառույցների դեմ պայքարի և պետական կարևորագույն օբյեկտների պահպանության համար: Այդ ուժերը կարող են ավելի արդյունավետ լինել հավանական հակառակորդի «դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի» դեմ պայքարում: Աշխարհազորը կարող է արդյունավետ լինել բնակավայրերում կարգ ու կանոնի պահպանության (քանի որ, ենթադրաբար, ոստիկանության ուժերի զգալի մասը ներգրավված է լինելու այլ գործառույթներում) և դրանց պաշտպանության ժամանակ, պայքարի պարտիզանական մեթոդների և այլ գործողություններում, որոնց իրականացման համար զինված ուժերի, ոստիկանության և այլ ծառայությունների մարդկային ռեսուրսները բավարար չեն:

Արտակ Քյուրումյան

07.09.2020

Առաջարկում եմ զերծ մնալ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց և նախատեսել աշխահրազորի և վերջինիս հրամանատարական կազմի ձևավորում զուտ կամավորության հիման վրա Առաջարկվող նախագիծը նախատեսում է աշխարհազորի ձևավորում կամավորության սկզբուքնի հիմա վրա և վերջինիս ենթակայություն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով ԽՍՀՄ-ից ժառանգած «կամավոր-պարտադիրության» փորձը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավար դերը կարող է աղավաղել աշխարհազորի «կամավոր» բնույթը: Աշխարհազորում ընդգրկվելու սահմանափակումները բարելավման կարիք ունեն (ենթակա է, պարտադիր զինվորական ծառայության, հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող, պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում): Անհրաժեշտ է դիտարկել նաև աշխարհազորային դառնալ ցանկացողի առողջության հետ կապված հարցերը, դատվածությունը, այլ հանգամանքներ: Օրինակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է բացատրվելու այն հանգամանքը, որ առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին կարող է անդամագրվել աշխարհազորին (եթե նա ի վիճակի չէ կատարել պարտադիր զինվորական ծառայության գծով պարտականությունները, ինչպես կարող է կատարել աշխարհազորի հետ կապված պարտականությունները):

See more