ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N88Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 24-ի N314Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Արևային էլեկտրակայանների գործունեության իրավակարգավորումների բարեփոխումներով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն, 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն և 2018 թվականի մայիսի 30-ի №180Ն որոշումների մեջ, որոնցով նախատեսվել էր մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով համապատասխան լիցենզիաների տրամադրում և համապատասխան սակագների սահմանում՝ 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ գումարային 200 ՄՎտ հզորության շրջանակում։ Ընդ որում, 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում նախատեսվել էր լիցենզիաներ տրամադրել՝ մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար՝ միաժամանակ դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելով բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին հավասար՝ հետագայում դրանք ճշգրտելով հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով նախատեսված կարգով։ Նշված սահմանաչափերի ամրագրումը միտված էր փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման խթանմանը։
Վերը նշված իրավական ակտերում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում և 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն իսկ արևային էլեկտրակայանների համար նախատեսված 200 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ՝ ընդհանուր շուրջ 199,87 ՄՎտ հզորությամբ:
Հանձնաժողովի կողմից վերը նշված արտադրության լիցենզիաների տրամադրումից հետո լիցենզավորման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում տեղի են ունենում փոփոխություններ (հիմնականում բարելավումներ), որոնք կարող են հանգեցնել այլ ներդրողների նկատմամբ ոչ հավասար պայմանների և խաթարեն փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման համար ի սկզբանե որդեգրած սկզբունքը։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրության լիցենզիաների հայտերի ուսումնասիրության և տրամադրման գործընթացը վերը նշված սահմանաչափի շրջանակում իրականացվում էր ըստ այդ լիցենզիաների տրամադրման հայտերի (դիմումների) ժամանակագրական հերթականության, այդ հայտերի հիմքում ընկած փաստաթղթերում հետագա փոփոխությունները ի սկզբանե եղած ելակետային ցուցանիշների (տրամադրված տեխնիկական պայմաններով պայմանավորված ներդրումների ծավալ, համապատասխան նշանակությամբ հողատարածքների մակերեսը և այլն) նկատմամբ լիցենզավորված ընկերությունների համար ապահովում են առավել նպաստավոր պայմաններ։ Հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները, ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակը, արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում փոփոխություներ կատարելու դեպքում նախատեսվում են փոփոխություններ կատարել այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մեծությունները սահմանող կարգավորումներում։
Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով կատարելագործել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու գործընթացները և էլեկտրական ցանցերին միացման մասով տնտեսվարողների համար ներդնել կանխատեսելի կարգավորումներ, առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող անձնանցից լիցենզիա ստանալու փուլում պահանջել ներկայացնել բաշխման կամ հաղորդման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք, որն այնուհետև հիմք է հանդիսանալու ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու համար։ Նախագծերով կարգավորվում են նաև վերոնշյալ տեղեկանքի տրամադրման ընթացակարգերը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշումների նախագծերով նախատեսվում են 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում փոքր հզորությամբ արևային էլեկտրակայաններում արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում փոփոխություներ կատարելու դեպքում (եթե փոփոխվել են էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով ներկայացված՝ հողատարածքը կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման պայմանները, որոնք բերում են կայանի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման, քան դրանք կլինեին նշված փոփոխությունների բացակայության դեպքում)՝ սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել համապատասխան ժամանակահատվածի համար ձևավորված սակագնի մեծության և 0.9 գործակցի արտադրյալին հավասար։ Միաժամանակ, նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև մեթոդիկայով սահմանված ժամկետներում կառուցված նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առաջին սակագինը սահմանելուց հետո վերոհիշյալ փոփոխությունները տեղի ունենալու դեպքում։
Առաջարկվում է նաև դեռևս լիցենզիա ստանալու փուլում ներդրողների համար կանխատեսելի դարձնել էլեկտրական ցանցին միացման գործընթացները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ընթացքում լիցենզավորման գործընթացի հետ կապված հիմնախնդիրներով (մասնավորապես՝ լիցենզիաների տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում փոփոխություններով) պայմանավորված սակագնային կարգավորումները և լիցենզավորման գործընթացը՝ էլեկտրական ցանցերին միացման առումներով։