ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հաշվի առնելով Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ) ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք պայմանավորված են էլեկտրոնային հարթակի միջոցով հրապարակվող հանրագրերի առանձնահատկությունների հետ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք): Համապատասխան փոփոխությունները և լրացումները անհրաժեշտ են հետևյալ հիմնավորումներով․
- Նախագծով առաջարկվում է հստակեցնել «կոլեկտիվ հանրագիր» հասկացությունը՝ հասկացության մեջ ներառելով նաև այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում գլխավոր նախաձեռնողի կողմից և որին միացել են մեկ կամ ավել անձինք:
- Նախագծով հստակեցվել է «կրկնակի հանրագիր» հասկացությունը, մասնավորապես հանրագիրը, որը մեկ տարվա ընթացում կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է պատասխան կամ իրավասու մարմնի կողմից կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում:
- Էլեկտրոնային հարթակի միջոցով և էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագրերի միջև տարընկալումից խուսափելու նպատակով, առկա է անհրաժեշտություն հստակ սահմանել «Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ», «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագիր» հասկացությունները: Այսպիսով՝ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակը պետք է ընձեռի հնարավորություն ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքանակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց հետ: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է, օգտվելով էլեկտրոնային տիրույթի հնարավորություններից, Հանրագրերի էլեկտրոնային հարթակում ներկայացնել թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ հանրագրերը, ինչպես նաև նշել հանրագրի չհրապարակման մասին: Տարընկալումներից խուսափելու նպատակով առաջարկվում է չսահմանել հրապարակային հանրագիր հասկացությունը:
- Հանրագրի ներկայացման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը ստանում է լիազորություն Հանրագրերի էլեկտրոնային հարթակում հրապարակել անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) հանրագրի ներկայացման կարգը: Առաջարկվում է հստակեցնել հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ապահովել Էլեկտրոնային հարթակի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացվող հանրագրերի նույնաբովանդակությունը, մասնավորապես՝ առաջարկվում է հանրագրի բովանդակության մեջ ներառել հանրագրի վերնագիրը, ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը, էլեկտրոնային փոստի հասցեն, Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի, իսկ Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների տվյալները: Օրենքը հստակ սահմանում է, որ եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը, սակայն որևէ նշում չկա օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը կցելու մասին այն դեպքում, երբ հանրագիրը ներկայացվում է օրինական ներկայացուցչի միջոցով:
- Հաշվի առնելով էլեկտրոնային հարթակի զարգացման միտումները և այն, որ էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագրերի առանձնահատկությունները՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են Էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագրերը ներկայացնելու, էլեկտրոնային հարթակում հրապարակելու, հանրագիրը քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու և հրապարակելու, հանրագիրը իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու առանձնահատկությունները:
- Նախատեսվում է հանրագրի հրապարակման և գրանցման կարգում հստակեցնել գրանցամատյանում մուտքագրվող տվյալները:
- Նախատեսվում է հստակեցնել հանրագրի վերադարձման կարգը, մասնավորապես՝
- Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հանրագիր ներկայացնող անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս հարցով:
- Հաշվի առնելով, որ Օրենքի 1-ին հոդվածում սահմանված է հանրագրի հասկացությունը՝ ուղենշելով հանրագրով շոշափվող հարցերի շրջանակը, այնուամենայնիվ, ո՛չ հանրագրերի վերադարձման, ո՛չ դրանց քննարկումը մերժելու հիմքերի շրջանակում չի նախատեսվում ներկայացված առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին չհամապատասխանելու հանգամանքը: Ուստի, հանրագրի քննարկման մերժելու հիմք պետք է լինի նաև առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հանրագրի հասկացությանը չհամապատասխանելը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ ունենալով հստակեցնել առկա կարգավորումները և լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք կարգավորվում են «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ առավել կհստակեցվեն օրենքում օգտագործվող հասկացությունները, հանրագրերի ներկայացման, քննարկման, գրանցման, հրապարակման, վերադարձման, մերժման, հանրագրերի վերաբերյալ ընդունված որոշումների մասին ծանուցելու և հանրագրի պատասխանը ուղարկելու կարգը: