ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____________ 2020 թվականի N __ Լ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել սոցիալական պաշտպանության ծրագրերով, տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը՝ հնարավորինության շրջանակներում դիտարկելով սոցիալական պաշտպանության պետական ծախսերի և պետական բյուջեի ծախսային մասի հարաբերակցության աճ՝ տնտեսական աճի տոկոսի չափով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
--------------- --- ի N --Լ որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
2020 – 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Այն համապարփակ ռազմավարական փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հայեցակարգային շրջանակը, առկա հիմնախնդիրները, դրանց լուծումներն ու անհրաժեշտ կառուցակարգերը։
- Սույն ռազմավարության մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերը, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական պաշտպանությանը վերաբերող կոնվենցիաներն ու խորհրդատվական դրույթները, սոցիալական պաշտպանության միջազգայնորեն ընդունված սահմանումը, ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտին փոխառնչվող այլ ռազմավարական փաստաթղթերը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի իրականացումից քաղած դասերը:
- Սույն ռազմավարության մեջ սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական գերակայությունները.
- Բնակչության սոցիալական պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում` բացառելով խտրականության որևէ դրսևորում,
- աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման համար նախատեսված ինստիտուցիոնալ կառույցների շարունակական զարգացում,
- անձի բնականոն զարգացման ու սոցիալական ներառման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների երաշխավորում նրա ողջ կյանքի ընթացքում,
- աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշտադիտարկման, արդյունավետության գնահատման և կայուն ֆինանսավորման միջոցով գործող ծրագրերի հետևողական բարելավում, ծառայությունների ու ծրագրերի ծածկույթի ընդլայնում, նոր ծրագրերի ներդրում,
- աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչությանը և հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության և դիմակայունության շարունակական բարելավում, այդ թվում՝ «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության միջոցով:
- Սույն ռազմավարության մեջ ամրագրված գերակայությունները վերաբերում են սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտներին և մինչև 2025 թվականն ուղենիշ կլինեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի և միջազգային գործընկերների համար՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ ջանքերի համախմբման համար:
- Սույն ռազմավարության մշակման և իրագործման համար հիմք է ծառայում նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համապարփակ օրակարգը:[1]
- Սույն ռազմավարության իրագործելիությունը մեծապես պայմանավորված է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությամբ, ինչն արտացոլված է սույն ռազմավարության հավելված 2-ում՝ միջոցառումների իրականացման գլխավոր պատասխանատուների և համակատարողների սահմանմամբ։
- ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ
2.1 Հայեցակարգային շրջանակը
- Հիմք ընդունելով սոցիալական պաշտպանությանն առնչվող ՀՀ սահմանադրության և օրենքների, ՄԱԿ, ՏՀԶԿ, ԱՄԿ, ՀԲ, ՍՊՄՀԽ կողմից ընդունված սահմանումները և մասնագիտական շրջանակներում առկա դրույթներն ու սահմանումները՝ սույն ռազմավարության մեջ սոցիալական պաշտպանությունը սահմանվում է որպես քաղաքականությունների և ծրագրերի համախումբ, որի նպատակն է կանխարգելել և պաշտպանել բոլոր անձանց նրանց ողջ կյանքի ընթացքում աղքատությունից, խոցելիությունից և սոցիալական մեկուսացվածությունից՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: Սա նշանակում է՝ ապահովել համապատասխան պաշտպանությամբ բոլոր նրանց, ովքեր ունեն պաշտպանության կարիք՝ ներառյալ երեխաներին, աշխատունակ տարիքի մարդկանց՝ մայրության [հայրության], հիվանդության, աշխատանքային վնասվածքների ու խեղումների կամ աշխատանքը կորցնելու, աշխատանք չունենալու պարագայում, հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին: Այդ պաշտպանության նպատակը կյանքի տարբեր փուլերում առաջացող հնարավոր սոցիալական ռիսկերի կանխարգելումն ու հաղթահարումն է, այդ խմբերի դիմակայունության ու ներուժի զարգացումը՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ։[2]
- Սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող միջազգային ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունները միտված են նաև կայուն զարգացման, դիմակայունության, հավասարության և հնարավորությունների երաշխավորմանը:[3]
- Հաշվի առնելով վերը նշվածը՝ սույն ռազմավարության հիմքում ամրագրվում է սոցիալական պաշտպանության համար հիմնարար հանդիսացող սոցիալական ապահովության ցանցի (social safety net) ինստիտուտը։ Այն ենթադրում է նվազագույն նյութական ու ոչ նյութական աջակցություն անհատներին ու տնային տնտեսություններին, որը նպաստում է՝ հաղթահարելու տևական աղքատությունը, սոցիալական խոցելիությունը և զբաղվածության հենքի վրա տրամադրում է կյանքի որակի բարձրացման մեկնակետ:[4]
- Սոցիալական պաշտպանությունը բազմաշերտ (զբաղվածություն և աշխատանք, սոցիալական աջակցություն, սոցիալական ծառայություններ, հավասար հնարավորություններ, կենսաթոշակ և այլն) ոլորտ է։ Ուստի սույն ռազմավարությունն անհրաժեշտ է սոցիալական պաշտպանության ասպարեզում պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև հավասարակշռված ու համակարգված փոխգործակցության համար։ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման միասնական ռազմավարական փաստաթղթի առկայությունը թույլ է տալիս համապատասխանեցնել ու համաձայնեցնել սոցիալական պաշտպանության առանձին ենթաոլորտների քաղաքականությունները, դրանց իրականացման նպատակները, միջոցներն ու ակնկալվող արդյունքները, գնահատման ցուցանիշներն ու բյուջեն։
- Սույն ռազմավարության մեջ ներկայացված սոցիալական պաշտպանության տեսլականը ներառում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 1-5-րդ՝ աղքատության և սովի վերացման, առողջության և բարեկեցության, որակյալ կրթության, գենդերային հավասարության, 8-րդ՝ արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, 10-րդ՝ անհավասարության կրճատման նպատակները՝ հետևելով «չանտեսելով ոչ մեկին» սկզբունքին:
- Սույն ռազմավարության համար հիմնարար նշանակություն ունեն նաև կայուն զարգացման երեք հենասյուները՝ սոցիալական, տնտեսական և միջավայրային կայունության միջև հավասարակշռությունը, որոնք, ի թիվս այլոց, ամրագրում են նաև բնակչության սոցիալական ներառման, անհավասարության կրճատման, ճկուն ենթակառուցվածքների առկայության, շրջակա միջավայրի հանդեպ խելամիտ վարվեցողության, ցկյանս կրթության, արդարադատության կարևորությունը ընդհանուր մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։[5] Այս տեսանկյունից կարևորվում է սոցիալական պաշտպանությանն փոխառնչվող ոլորտների՝ առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման, մշակույթի, արդարադատության և այլնի հետ սերտ համագործակցությունը թե՛ ռազմավարության մշակման, թե՛ իրականացման ընթացքում:
2.2 Սոցիալական պաշտպանության մոդելը. առաքելությունը, սկզբունքներն ու մակրոնպատակները
- Սույն ռազմավարության առաքելությունն է սահմանել և ամրագրել այն հիմքերը, որոնք միտված են՝ ապահովելու ու երաշխավորելու երկրի բնակչության, հատկապես խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը իրենց կյանքի տարբեր փուլերում, կանխարգելելու սոցիալական ռիսկերի առաջացումը, աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ նպաստելով սոցիալական ներառականությանը, հավասար հնարավորությունների, սոցիալական իրավունքների լիարժեք իրացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանության քաղաքականության սկզբունքները պետք է ուղղված լինեն ընթացիկ և հեռանկարում ոլորտի արդյունավետ զարգացմանը: Սույն ռազմավարության մեջ որդեգրված են հետևյալ սկզբունքները.
- Մարդակենտրոնություն և մարդու իրավունքներ. սոցիալական պաշտպանության համակարգը գործում է ի շահ մարդու՝ դիտարկելով նրան որպես բարձրագույն արժեք՝ օժտված արժանապատվությամբ, անքակտելի իրավունքներով ու ազատություններով:
- Սոցիալական արդարություն. սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական միջոցների արդյունավետ և հասցեական կառավարումը կոչված է խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակն ու կյանքի որակը բարելավվելուն և հավասար հնարավորություններ ապահովելուն:
- Սոցիալական համերաշխություն․ օգնության, փոխօգնության և ինքնօգնության համատեղում. սոցիալական պաշտպանության կառուցակարգերը, ենթակառուցվածքներն ու մեխանիզմները կոչված են՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, այդ թվում՝ ներգրավվելով նաև ռեսուրսների ու ծառայությունների մատուցման կամավոր փոխանակումը, խթանելով կարիք ունեցող անձի կողմից սեփական կարողությունների, հմտությունների ու ներուժի զարգացումը, սոցիալական ծառայություններից շահառուների կախվածության և սոցիալական խնամառության նվազումը:
- Սոցիալական պաշտպանության նվազագույն ապահովում. յուրաքանչյուր անձի՝ իր կարիքներին համապատասխան և կյանքի ողջ ընթացքում պետք է հասանելի լինի որոշակի բովանդակությամբ և ծավալով սոցիալական պաշտպանության ծառայությունների նվազագույն և հասցեական փաթեթ։
- Սոցիալական նորարարությունների մշակում և ներդրում. ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է հետևողականորեն ներդրվեն ու կատարելագործվեն նոր ծրագրեր ու ծառայություններ։
- Սույն ռազմավարությամբ նախատեսվում են վերին մակարդակի հետևյալ գործողությունները.