ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի հանրապետության կառավարություն
որոշում
____ _______________ 2020 թիվ ____-Ն
ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները.
- կառուցապատողը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ, և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը ձեռք է բերվել սնանկության վարույթի փուլում՝ աճուրդային կարգով,
- կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ովքեր նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել են որպես պարտատեր,
- առկա է բոլոր շահագրգիռ կողմերի (բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը սնանկության վարույթի փուլում աճուրդային կարգով ձեռք բերած նոր կառուցապատող, ֆիզիկական անձինք, առկայության դեպքում՝ նաև վարկատու-գրավառու) փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առք ու վաճառքի գործարքները սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ։
- Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ՝ ԱԱՀ) է համարվում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռք բերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողին սկզբնապես վճարման ենթակա ամբողջ գումարի և դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված՝ սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: