Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
01.06.2020
Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1/ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող հարկադրանքի միջոցի կիրառման անհրաժեշտությունը կարող է ծագել նաև գործի դատաքննության ժամանակ, ինչպես նաև դրա կիրառման հիմքերից է /թե ներկայիս օրենքում, թե նախագծով սահմանված/ ոչ միայն մինչդատական վարույթում, այլ նաև դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, առաջարկվում է այն կիրառելու լիազորություն տալ գործն ըստ էության քննող դատարանին: 2/ Հիմք ընդունելով հենց նախաձեռնողների կողմից նախագծի հիմնավորումներում նշված այլ երկրների փորձը՝ առաջարկում ենք նաև վերանայել մինչդատական վարույթի ընթացքում այս հարկադրանքի միջոցի կիրառման կառուցակարգը՝ դրա կիրառման նկատմամբ սահմանելով նախնական դատական ստուգման ընթացակարգ, որի շրջանակում նշված հարկադրանքի միջոցը կիրառելու թույլտվություն ստանալու համար դատախազը պետք է դիմի դատարան: Թեև հասկանալի է, որ նման ընթացակարգ սահմանելու դեպքում քրեական մասնագիտացմամբ դատավորների ծանրաբեռնվածությունը որոշակիորեն կմեծանա, բայց նաև պետք է հաշվի առնել այն, որ հակառակ դեպքում էլ հարկադրանքի միջոցի կիրառման ենթարկված անձինք միևնույնն է ունեն 290-րդ հոդվածով որոշումը բողոքարկելու իրավունք և կանխատեսելի է, որ դեպքերի մեծ մասում օգտվելու են դրանից: Սակայն այս դեպքում տուժելու են մեղադրվող անձի աշխատանքային իրավունքները, քանի որ, նույնիսկ ներկայացված բողոքի բավարարման դեպքում ամիսներ կանցնեն մինչև նա փաստացի կվերականգնի դրանք (այս պնդման համար հիմք է հանդիսանում 290-րդ հոդվածով ներկայացվող բողոքների գործնականում քննարկման ժամկետները (այդ թվում վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հաշվառմամբ)), իսկ այդ ընթացքում կորցրած աշխատավարձը /հանրային ծառայող չհանդիսացող անձանց դեպքում/, որպես պատճառված վնաս անձը կկարողանա պահանջել պետությունից էլ ավելի ուշ՝ քաղաքացիական դատավարության շրջանակում: 3/ Առաջարկում ենք նաև նախագծից հանել 152-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանավորում խափանման միջոցի կիրառումն ինքնին դեռ չի կարող հիմք հանդիսանալ անձի լիազորությունները կասեցնելու համար: Նշված խափանման միջոցի կիրառման հիմքերը միայն մասնակի են համընկնում քննարկվող հարկադրանքի միջոցի կիրառման հիմքերի հետ /աշխատանքային լիազորությունները իրականացնելով քննությանը խոչընդոտելու ռիսկ և հանցավոր գործունեության իրականացում/: Ինչ վերաբերում է քննությունից խուսափելու վտանգին, ապա, եթե կալանավորումն անձի նկատմամբ կիրառվել է այս հիմքով, այն որևէ աղերս չունի և չի կարող ինքնին հանգեցնել աշխատանքային լիազորությունների կասեցման: Այս մոտեցման օգտին է խոսում նաև նախագծի հիմնավորումներում իսկ մեջբերված ՍԴ որոշման մեջ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ պաշտոնավարման իրավունքին որևէ միջամտություն պետք է իրականացվի ոչ խտրական հիմքերով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թե ոչ, և անկախ որևէ այլ հանգամանքից, որը օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով չի հանգեցնում նրա պաշտոնավարման իրավունքին իրավաչափ միջամտության և պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի և մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, լինի համաչափ: