Add to favourites

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

         Հոդված 1.«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

          Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ «1. Գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը), ինչպես նաև փոստային կամ էլեկտրոնային փոստի հասցեն։»:

          Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

          Հոդված 1.«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝5-րդ մասը «օրինական ներկայացուցչի» բառերից հետո լրացնել «ստորագրված» բառով:

          Հոդված 2Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 2020,  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկություն կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշման (Այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
  2. Որոշմամբ հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

          1) Որոշման Հավելված 1-ի 6-րդ կետի 2-րդ նախադասությունում«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստեղծված և» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմի կողմից» բառերով:
          2) 6-րդ կետում նշված «բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն)» բառերը փոխարինել «փոստային հասցեն կամ էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով.
          3) Ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 3-րդ ենթակետը.
          4) 7-րդ կետում «ստորագրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

           3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    15.05.2020 - 30.05.2020

  • Type

    Law

  • Area

    Provision of freedom of information

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7403

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

30.05.2020

Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն, ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը: Այսպես, 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 15.10.2015թ. թիվ 1204-ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) մեջ նախատեսվել են փոփոխություններ, որոնք բխում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով՝ հարցմանն առաջադրվող պահանջների էական նվազեցումից: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտ է վերանայել նաև թիվ 1204-ն որոշման 7-րդ կետի հետևյալ դրույթը. «Դիմողն առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման անցնելուց հետո կարող է հետևել իր հարցման ընթացքին:» Ակնհայտ է, որ հանրային տեղեկության տրամադրման հարցումների դեպքում՝ առցանց եղանակով խիստ նույնականացման անցնելուց հետո միայն հարցման ընթացքին հետևելու պայմանը նախատեսված փոփոխությունների համատեքստում այլևս անհրաժեշտ չէ: 2. Առաջարկվող փոփոխություններով տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանվում են քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ: Հաշվի առնելով նախատեսված փոփոխությունները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել նաև դիմողի անուն ազգանունը նշելու վերաբերյալ պահանջը՝ սահմանելով անանուն գրավոր հարցումներ ներկայացնելու իրավունք: Այս համատեքստում հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն. «1. Դիմողը չպետք է պարտավորված լինի ներկայացնել պատճառներ՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալու համար: 2. Մասնակից պետությունները կարող են դիմողներին անանուն մնալու իրավունք տալ՝ բացի այն դեպքերից, երբ ինքնության բացահայտումն էական է հարցմանը ընթացք տալու համար: 3. Հարցումների համար ձևականությունները չպետք է գերազանցեն այն, ինչն էական է հարցմանը ընթացք տալու համար:» Միաժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի և վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ 2009թ. ընդունված թիվ CDL-AD(2009)016-e կարծիքով շեշտվել է, որ ըստ նախագծի՝ գրավոր դիմում ներկայացնողները պետք է հայտնեն իրենց անունները, հասցեները, հարցումը ներկայացնելու ամսաթիվը և ստորագրեն հարցումը: Այս բոլոր պահանջները կատարելը շատ դեպքերում ավելորդ է թվում և ըստ այդմ՝ հակասում է Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիային։ Մոնտենեգրոյի՝ տեղեկատվության ազատության կամ մատչելիության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 2012թ. թիվ CDL-AD(2012)017-e կարծիքով նշվել է. “Անանուն հարցումներին առնչվող նախկին 21-րդ հոդվածը հանվել է: ԵԽ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիան չի պարտավորեցնում մասնակից պետություններին ընդունել անանուն հարցումներ: Այնուամենայնիվ, սա Եվրոպայի տեղեկատվության ազատության մասին օրենքների ընդհանուր բնութագրիչն է: Ինչ-որ մեկի անունը բացահայտելու պարտավորությունը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ պոտենցիալ դիմողի վրա:”: Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից, ինչպես նաև հաշվի առնելով ներկայացված նախագծերով նախատեսված կարգավորումները՝ առաջարկում ենք «Տեղեկատվության ազատության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագծով նախատեսել նաև անանուն գրավոր հարցում ներկայացնելու իրավունքը:

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

23.05.2020

Նախագծի 2-րդ հոդվածը ողջունելի է, քանի որ այն ուղղված է հարցումներ ներկայացնելու գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու, ինչպես նաև տեղեկություններն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Պրակտիկ կիրառմամբ, ազատ տեղեկատվության տրամադրման պարագայում, դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվաի 1-ին մասի և 51-րդ հոդվածի դրույթներով պայմանավորված, այն տեղեկությունը որը հասանելի է հանրությանը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի այստեղ բացակայում է դիմողի անձի տվյալների պարտադիրությունը: Նաև համամիտ ենք այն մտքի հետ, որ տեղեկատվության ազատությունը ներառում է նաև տեղեկությունն անարգել տարածելու իրավունք, ուստի տեղեկությունը մեկին տրամադրելը նշանակում է, որ դա կարող է հրապարակային դառնալ բոլորի համար: Այսինքն, այո՛ հանրային տեղեկության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ այն անձանցով՝ թե ովքեր են տեղեկություն հայցողները. տեղեկությունը սահմանափակվում է բոլորի համար, եթե առկա են սահմանափակման հիմքեր (ՀՀ օրենսդրությամբ պաշտպանված տեղեկատվություն) և մատչելի է նույնպես բոլորի համար, եթե սահմանափակման հիմքեր առկա չեն: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, մասնավորապես 4-րդ մասի համաձայն՝ Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան։ Համաձայն վերոգրյալի, տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել ինչպես վերադասությամբ, այնպես էլ դատական կարգով։ Սակայն, դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատական ողջ պրոցեսը կարող է տևել տևական երկար ժամանակահատված, ուստի այդ ընթացքում գուցե, անգամ այլևս նշյալ վիճարկվող տեղեկատվության անհրաժեշտությունն չլինի։ Ուստի, առաջարկում ենք, տեղեկատվության ազատության գործերով մշակվի արագացված դատաքննության կարգ, որպեսզի տեղեկատվության վեճերի գործերով դատարաններն արագ որոշում կայացնեն, որպեսզի տվյալ տեղեկատվությունը ծառայի իր նպատակին, քանի որ իրականում ուշացած տեղեկատվությունը անպիտան տեղեկատվություն է։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ փորձագետ Գևորգ Մուղումյան

See more