Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
30.05.2020
Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն, ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը: Այսպես, 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 15.10.2015թ. թիվ 1204-ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) մեջ նախատեսվել են փոփոխություններ, որոնք բխում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով՝ հարցմանն առաջադրվող պահանջների էական նվազեցումից: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտ է վերանայել նաև թիվ 1204-ն որոշման 7-րդ կետի հետևյալ դրույթը. «Դիմողն առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման անցնելուց հետո կարող է հետևել իր հարցման ընթացքին:» Ակնհայտ է, որ հանրային տեղեկության տրամադրման հարցումների դեպքում՝ առցանց եղանակով խիստ նույնականացման անցնելուց հետո միայն հարցման ընթացքին հետևելու պայմանը նախատեսված փոփոխությունների համատեքստում այլևս անհրաժեշտ չէ: 2. Առաջարկվող փոփոխություններով տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանվում են քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ: Հաշվի առնելով նախատեսված փոփոխությունները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել նաև դիմողի անուն ազգանունը նշելու վերաբերյալ պահանջը՝ սահմանելով անանուն գրավոր հարցումներ ներկայացնելու իրավունք: Այս համատեքստում հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն. «1. Դիմողը չպետք է պարտավորված լինի ներկայացնել պատճառներ՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալու համար: 2. Մասնակից պետությունները կարող են դիմողներին անանուն մնալու իրավունք տալ՝ բացի այն դեպքերից, երբ ինքնության բացահայտումն էական է հարցմանը ընթացք տալու համար: 3. Հարցումների համար ձևականությունները չպետք է գերազանցեն այն, ինչն էական է հարցմանը ընթացք տալու համար:» Միաժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի և վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ 2009թ. ընդունված թիվ CDL-AD(2009)016-e կարծիքով շեշտվել է, որ ըստ նախագծի՝ գրավոր դիմում ներկայացնողները պետք է հայտնեն իրենց անունները, հասցեները, հարցումը ներկայացնելու ամսաթիվը և ստորագրեն հարցումը: Այս բոլոր պահանջները կատարելը շատ դեպքերում ավելորդ է թվում և ըստ այդմ՝ հակասում է Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիային։ Մոնտենեգրոյի՝ տեղեկատվության ազատության կամ մատչելիության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 2012թ. թիվ CDL-AD(2012)017-e կարծիքով նշվել է. “Անանուն հարցումներին առնչվող նախկին 21-րդ հոդվածը հանվել է: ԵԽ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիան չի պարտավորեցնում մասնակից պետություններին ընդունել անանուն հարցումներ: Այնուամենայնիվ, սա Եվրոպայի տեղեկատվության ազատության մասին օրենքների ընդհանուր բնութագրիչն է: Ինչ-որ մեկի անունը բացահայտելու պարտավորությունը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ պոտենցիալ դիմողի վրա:”: Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից, ինչպես նաև հաշվի առնելով ներկայացված նախագծերով նախատեսված կարգավորումները՝ առաջարկում ենք «Տեղեկատվության ազատության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագծով նախատեսել նաև անանուն գրավոր հարցում ներկայացնելու իրավունքը: