Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
2020 թվականի __________ ____-ի N________ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
Ι. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը /այսուհետ՝ Կարգ/ մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված՝ ընդհանուր պայմաններով արտոնագրման պահանջներին և Հայաստանի ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
- Կարգով սահմանվում են ճարտարապետների և ճարտագետ- կոնստրուկտորների որակավորման քննությունների անցկացման պայմանները:
- Արտոնագիր ստանալու համար Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին կարող են դիմել «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարապետները և 15-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարագետ- կոնստրուկտորները:
ΙΙ. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
- Արտոնագիր ստանալու համար հավակնորդը Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին է ներկայացնում.
1) դիմում՝ նշելով հայցվող որակավորման կարգը (դասը),
2) տեղեկանք հավակնորդի աշխատանքային (մասնագիտական) փորձառության մասին՝ ներառելով հավակնորդի հեղինակած նախագծերի ցանկը (այդ թվում՝ համահեղինակությամբ, նշելով համահեղինակների անունը, ազգանունը և հավակնորդի կողմից տվյալ նախագծում կատարած մասը)՝ վավերացված այդ նախագծերը թողարկած կազմակերպությունների կողմից,
3) հավակնորդի կողմից մշակված նախագծերի ալբոմ Ա3 ձևաչափով (ալբոմը պետք է ներառի հավակնորդի կողմից նրա փորձառության վերաբերյալ ներկայացված տեղեկանքում նշված նախագծերը կամ նրանց մի մասը) և էլեկտրոնային կրիչի վրա, ընդ որում, որակավորման հանձնաժողովը կարող է պահանջել ներկայացնել նաև հավակնորդի կողմից կատարված աշխատանքների ցանկում ընդգրկված որևէ նախագծի ամբողջական ալբոմը,
4) մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը,
5) անձնագրի պատճենը,
6) 2 լուսանկար՝ 3x4սմ չափսի,
7) Պալատի կազմակերպած կամ մասնագիտական վերապատրաստման այլ դասընթացներին մասնակցության հավաստագիր (առկայության պարագայում),
- Պալատի որակավորման համապատասխան հանձնաժողովի քարտուղարը դիմումը ստանալուց հետո ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրակազմը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
- Դիմումի ընդունումը կարող է մերժվել հետևյալ հիմքերով.
1) հավակնորդի ներկայացրած աշխատանքները չեն համապատասխանում որակավորման հայցվող դասով սահմանված պահանջներին,
2) փաստաթղթերի լրակազմն ամբողջական չէ կամ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են ոչ հավաստի տեղեկություններ:
- Ստացված դիմումների ընթացքի վերաբերյալ Պալատի հանձնաժողովների համապատասխան մատյաններում կատարվում է գրառում:
- Դիմումի ընդունումը մերժելու դեպքում Պալատի հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է հավակնորդին՝ նշելով մերժման հիմքերը:
- Հավակնորդը թերությունները վերացնելուց հետո կարող է արտոնագրման համար կրկին դիմել որակավորման հանձնաժողովին:
- Արտոնագրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝
1) հարցազրույց հավակնորդի հետ և նրա կողմից մշակված նախագծերի ներկայացում, ինչի արդյունքում գնահատվում է հավակնորդի՝ հայցվող արտոնագրի դասին համապատասխան նախագծեր մշակելու կարողությունը և դրանք հիմնավորելու հմտությունը,
2) քննության հանձնում թեստային առաջադրանքների ձևով, ինչի արդյունքում գնահատվում են հավակնորդի գիտելիքները ճարտարապետի կամ ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեությանն առնչվող տարբեր ոլորտների վերաբերյալ:
- Դիմումի ընդունումից հետո առավելագույնը երկշաբաթյա ժամկետում հրավիրվում է որակավորման հանձնաժողովի նիստ՝ հավակնորդի հետ հարցազրույց անցկացնելու և նրա ներկայացրած նախագծերին ծանոթանալու նպատակով:
- Նիստի արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում՝ հավակնորդին որակավորման քննություն հանձնելու թույլտվություն տալու կամ դիմումը մերժելու վերաբերյալ՝ համապատասխան հիմնավորումներով: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն չորս անդամ:
- Որոշման արձանագրությունը հանձնաժողովի անդամների կողմից ստորագրելուց հետո կցվում է հավակնորդի գործին:
- Հանձնաժողովի որոշումն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի հավակնորդին, ընդ որում, արտոնագրման քննության մասնակցելու թույլտվություն ստացած հավակնորդները միաժամանակ պետք ծանուցվեն քննության օրվա մասին:
ΙΙΙ.ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
- Քննությունն անցկացվում է հավակնորդի դիմումը հանձնաժողովի կողմից ընդունելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում:
- Ճարտարապետների արտոնագրման քննություններն անց են կացվում Կարգի 1-ին հավելվածով, ճարտարագետ-կոնստրուկտորներինը՝ 2-րդ հավելվածով սահմանված ծրագրերին համապատասխան՝ Պալատի խորհրդի կողմից կազմված քննական առաջադրանքներով:
- Քննությունների ծրագիրն ու քննական առաջադրանքները զետեղվում են Պալատի՝ հավակնորդների համար հասանելի տեղում, ինչպես նաև Պալատի կայքում:
- Քննություններն անց են կացվում Պալատում՝ որակավորման հանձնաժողովի առնվազն հինգ անդամի ներկայությամբ:
- Արտոնագրման քննությանը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել նաև Պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ խորհրդի որևէ անդամ:
- Քննության ժամանակ հավակնորդները քննասենյակում այնպես են տեղաբաշխվում, որպեսզի նրանց միջև բացառվի ուղղակի շփումը:
- Մինչև քննությունն սկսելը որակավորման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը հավակնորդներին ներկայացնում է քննության պայմանները (թեստերի քանակը, դրանց կազմման սկզբունքները, յուրաքանչյուր դասի արտոնագրի համար ճիշտ պատասխանների նվազագույն շեմը, քննությանը հատկացվող ժամանակը):
- Հավակնորդները կարող են ընթացակարգային բնույթի առանձին հարցերով դիմել հանձնաժողովին և ստանալ համապատասխան պարզաբանումներ:
- Մինչև քննությունն սկսելը, յուրաքանչյուր մասնակցի համար՝ իր ներկայությամբ, համակարգչի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով, կազմվում են թեստային առաջադրանքները՝ յուրաքանչյուր առաջադրանքում ընդգրկելով 50 հարց, յուրաքանչյուր հարցի համար՝ պատասխանի 2-4 տարբերակ:
- Ճարտարապետների համար կազմված քննական առաջադրանքներում՝ հարցերի 30 տոկոսն ընտրվում է ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցերից, 50 տոկսը՝ հայցվող դասին առնչվող հարցերից, իսկ 20 տոկոսը՝ հարակից դասերին առնչվող հարցերից:
- Ճարտարագետ-կոնստրուկտորների համար կազմված քննական առաջադրանքներում.՝
1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի քննական առաջադրանքները (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) կազմում են առաջադրանքների առաջին խումբը, իսկ երկրորդ և երրորդ դասերի քննական առաջադրանքները (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) կազմում են առաջադրանքների երկրորդ խումբը:
2) տրանսպորտային կառույցների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի արտոնագրերի համար առաջադրանքները (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ,
3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի բարձրագույն, առաջին, երկրորդ և երրորդ դասերի արտոնագրման համար առաջադրանքները (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ:
- Յուրաքանչյուր հարցի տակ պետք է զետեղվի այն նորմատիվ ակտի կամ պաշտոնական փաստաթղթի կամ մասնագիտական հրատարակության հղումը, որին համապատասխան կազմվել է հարցը:
- Համակարգչի միջոցով ընտրված առաջադրանքներում արտացոլվում են դրանց հերթական համարները, համարակալվում են նաև առաջադրանքների էջերը:
- Հավակնորդը հանձնաժողովին է ներկայացնում առաջադրանքի համարը և բոլորի ներկայությամբ առաջադրանքի բոլոր էջերի ներքևի հատվածներում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը:
- Քննական առաջադրանքը կատարելու համար հատկացվում է երեք ժամ:
- Քննության ընթացքում չի թույլատրվում օգտագործել համակարգիչ, հեռախոս և տեղեկատվություն ձեռք բերելու այլ միջոցներ, բացառությամբ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տպագրված օրինակների, որոնք տեղադրվում են քննասենյակում՝ հանձնաժողովի կողմից:
- Քննության ավարտից հետո հավակնորդները պատճենահանում են լրացված առաջադրանքի բոլոր էջերը, ապա բնօրինակը հանձնում են հանձնաժողովին՝ պատճենահանված օրինակը պահելով իրենց մոտ:
- Հանձնաժողովի անդամները բոլոր հավակնորդների քննական առաջադրանքները ստանալուց հետո ստուգում են հարցերի պատասխանները և ստուգման արդյունքներն անց են կացնում քննական տեղեկագրում:
- Քննական տեղեկագրում նշվում են քննության անցկացման օրը, մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, արտոնագրի դասի հապավումը, քննական առաջադրանքի համարը, հարցերի քանակը, ճիշտ պատասխանների թիվը և տոկոսը՝ հարցերի ընդհանուր թվից, ինչպես նաև ստացված գնահատականը՝ «բավարար» կամ «անբավարար» նշումով:
- Քննական տեղեկագրի ձևանմուշը հաստատում է Պալատի խորհուրդը:
- Ճարտարապետներին.
- Ա (առանց սահմանափակումների), Բ (քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ կամ տարածական պլանավորում) և Գ (հուշարձանների ամրակայում նորոգում և վերականգնում) դասերի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները,
- Ա1 դասի արտոնագիր տրամադրելու համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 50 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն 30 տոկոս կազմող ճիշտ պատասխանները:
- Ճարտարագետ կոնստրուկտորներին.
1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի
ա. բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում առաջին խմբի (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները,
բ. երկրորդ դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում երկրորդ խմբի (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) թեստային առաջադրանքների 70% կազմող ճիշտ պատասխանները, երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50% կազմող ճիշտ պատասխանները:
2) տրանսպորտային կառույցների ոլորտի (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները):
3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 70% կազմող ճիշտ պատասխանները, երկրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները, երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50% կազմող ճիշտ պատասխանները:
- Քննական տեղեկագիրը լրացնելուց հետո հանձնաժողովի անդամները ստորագրում են այն և բաց քվեարկությամբ հաստատում են քննության արդյունքները:
- Քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովը կայացնում է որոշում.
- արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «բավարար» գնահատական,
- հայտը մերժելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «անբավարար» գնահատական:
- Ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, իսկ որոշման պատճենը եռօրյա ժամկետում հանձնվում է հավակնորդին:
- Քննություններից հետո մեկշաբաթյա ժամկետում Պալատի նախագահը արտոնագիր տրամադրելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը և համապատասխան արտոնագրերը ներկայացնում է լիազոր պետական մարմնի ղեկավարի հաստատմանը:
- Արտոնագրման գործընթացում ծագած վիճելի հարցերի, որակավորման հանձնաժողովի որոշումների և քննությունների արդյունքների բողոքարկումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: