Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2020 թվականի __________  ____-ի  N________ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ  ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Ι. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգը /այսուհետ՝ Կարգ/ մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված՝ ընդհանուր պայմաններով արտոնագրման պահանջներին և Հայաստանի ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
  2. Կարգով սահմանվում են ճարտարապետների և ճարտագետ- կոնստրուկտորների որակավորման քննությունների անցկացման պայմանները:
  3. Արտոնագիր ստանալու համար Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին կարող են դիմել «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարապետները և 15-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարագետ- կոնստրուկտորները:

ΙΙ. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  1. Արտոնագիր ստանալու համար հավակնորդը Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին է ներկայացնում.

1) դիմում՝ նշելով հայցվող որակավորման կարգը (դասը),

2) տեղեկանք հավակնորդի աշխատանքային (մասնագիտական) փորձառության  մասին՝ ներառելով հավակնորդի հեղինակած նախագծերի ցանկը (այդ թվում՝ համահեղինակությամբ, նշելով համահեղինակների անունը, ազգանունը և հավակնորդի կողմից տվյալ նախագծում կատարած մասը)՝   վավերացված այդ նախագծերը թողարկած կազմակերպությունների կողմից,  

3) հավակնորդի կողմից մշակված նախագծերի ալբոմ Ա3 ձևաչափով (ալբոմը պետք է ներառի հավակնորդի կողմից նրա փորձառության վերաբերյալ ներկայացված տեղեկանքում նշված նախագծերը կամ նրանց մի մասը) և էլեկտրոնային կրիչի վրա, ընդ որում, որակավորման հանձնաժողովը կարող է պահանջել ներկայացնել նաև հավակնորդի կողմից կատարված աշխատանքների ցանկում  ընդգրկված որևէ նախագծի ամբողջական ալբոմը,

4) մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը,

5) անձնագրի պատճենը,

6) 2 լուսանկար՝ 3x4սմ չափսի,

7) Պալատի կազմակերպած կամ մասնագիտական վերապատրաստման այլ դասընթացներին մասնակցության հավաստագիր (առկայության պարագայում),

  1. Պալատի որակավորման համապատասխան հանձնաժողովի քարտուղարը դիմումը ստանալուց հետո ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրակազմը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:
  2. Դիմումի ընդունումը կարող է մերժվել հետևյալ հիմքերով.

1) հավակնորդի ներկայացրած աշխատանքները չեն համապատասխանում   որակավորման  հայցվող դասով սահմանված պահանջներին,

2) փաստաթղթերի լրակազմն ամբողջական չէ կամ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են ոչ հավաստի տեղեկություններ:

  1. Ստացված դիմումների ընթացքի վերաբերյալ Պալատի հանձնաժողովների համապատասխան մատյաններում կատարվում է գրառում:
  2. Դիմումի ընդունումը մերժելու դեպքում Պալատի հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է հավակնորդին՝ նշելով մերժման հիմքերը:
  3. Հավակնորդը թերությունները վերացնելուց հետո կարող է արտոնագրման համար կրկին դիմել որակավորման հանձնաժողովին:
  4. Արտոնագրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) հարցազրույց հավակնորդի հետ և նրա կողմից մշակված նախագծերի ներկայացում, ինչի արդյունքում գնահատվում է հավակնորդի՝ հայցվող արտոնագրի դասին համապատասխան նախագծեր մշակելու կարողությունը և դրանք հիմնավորելու հմտությունը,  

2) քննության հանձնում թեստային առաջադրանքների ձևով, ինչի արդյունքում գնահատվում են հավակնորդի գիտելիքները ճարտարապետի կամ ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեությանն առնչվող տարբեր ոլորտների վերաբերյալ: 

  1. Դիմումի ընդունումից հետո առավելագույնը երկշաբաթյա ժամկետում հրավիրվում է որակավորման հանձնաժողովի նիստ՝ հավակնորդի հետ հարցազրույց անցկացնելու և նրա ներկայացրած նախագծերին ծանոթանալու նպատակով:
  2. Նիստի արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում՝ հավակնորդին որակավորման քննություն հանձնելու թույլտվություն տալու կամ դիմումը մերժելու վերաբերյալ՝ համապատասխան հիմնավորումներով: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն չորս անդամ:
  3. Որոշման արձանագրությունը հանձնաժողովի անդամների կողմից ստորագրելուց հետո կցվում է հավակնորդի գործին:
  4. Հանձնաժողովի որոշումն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի հավակնորդին, ընդ որում, արտոնագրման քննության մասնակցելու թույլտվություն ստացած հավակնորդները միաժամանակ պետք ծանուցվեն քննության օրվա մասին:

ΙΙΙ.ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

  1. Քննությունն անցկացվում է հավակնորդի դիմումը  հանձնաժողովի կողմից ընդունելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում:
  2. Ճարտարապետների արտոնագրման քննություններն անց են կացվում Կարգի 1-ին հավելվածով, ճարտարագետ-կոնստրուկտորներինը՝ 2-րդ հավելվածով սահմանված ծրագրերին համապատասխան՝ Պալատի խորհրդի կողմից կազմված քննական առաջադրանքներով:
  3. Քննությունների ծրագիրն ու քննական առաջադրանքները զետեղվում են  Պալատի՝ հավակնորդների համար հասանելի տեղում, ինչպես նաև Պալատի կայքում:
  4. Քննություններն անց են կացվում Պալատում՝ որակավորման հանձնաժողովի առնվազն հինգ անդամի ներկայությամբ:
  5. Արտոնագրման քննությանը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել նաև Պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ խորհրդի որևէ անդամ:
  6. Քննության ժամանակ հավակնորդները քննասենյակում այնպես են տեղաբաշխվում, որպեսզի նրանց միջև բացառվի ուղղակի շփումը:
  7. Մինչև քննությունն սկսելը որակավորման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը հավակնորդներին ներկայացնում է քննության պայմանները (թեստերի քանակը, դրանց կազմման սկզբունքները, յուրաքանչյուր դասի արտոնագրի համար ճիշտ պատասխանների նվազագույն շեմը, քննությանը հատկացվող ժամանակը):
  8. Հավակնորդները կարող են ընթացակարգային բնույթի առանձին հարցերով դիմել հանձնաժողովին և ստանալ համապատասխան պարզաբանումներ:
  9. Մինչև քննությունն սկսելը, յուրաքանչյուր մասնակցի համար՝ իր ներկայությամբ, համակարգչի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով, կազմվում են թեստային առաջադրանքները՝ յուրաքանչյուր առաջադրանքում ընդգրկելով 50 հարց, յուրաքանչյուր հարցի համար՝ պատասխանի 2-4 տարբերակ:
  10. Ճարտարապետների համար կազմված քննական առաջադրանքներում՝ հարցերի 30 տոկոսն ընտրվում է ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցերից, 50 տոկսը՝ հայցվող դասին առնչվող հարցերից, իսկ 20 տոկոսը՝ հարակից դասերին առնչվող հարցերից:
  11. Ճարտարագետ-կոնստրուկտորների համար կազմված քննական առաջադրանքներում.՝

1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի քննական առաջադրանքները (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) կազմում են առաջադրանքների առաջին խումբը, իսկ երկրորդ և երրորդ դասերի քննական առաջադրանքները (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) կազմում են առաջադրանքների երկրորդ խումբը:

 2) տրանսպորտային կառույցների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի արտոնագրերի համար  առաջադրանքները (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ,

3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի բարձրագույն, առաջին, երկրորդ և երրորդ դասերի արտոնագրման համար առաջադրանքները  (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ:

  1. Յուրաքանչյուր հարցի տակ պետք է զետեղվի այն նորմատիվ ակտի կամ պաշտոնական փաստաթղթի կամ մասնագիտական հրատարակության հղումը, որին համապատասխան կազմվել է հարցը:
  2. Համակարգչի միջոցով ընտրված առաջադրանքներում արտացոլվում են դրանց հերթական համարները, համարակալվում են նաև առաջադրանքների էջերը:
  3. Հավակնորդը հանձնաժողովին է ներկայացնում առաջադրանքի համարը և բոլորի ներկայությամբ առաջադրանքի բոլոր էջերի ներքևի հատվածներում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը:
  4. Քննական առաջադրանքը կատարելու համար հատկացվում է երեք ժամ:
  5. Քննության ընթացքում չի թույլատրվում օգտագործել համակարգիչ, հեռախոս և տեղեկատվություն ձեռք բերելու այլ միջոցներ, բացառությամբ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տպագրված օրինակների, որոնք տեղադրվում են քննասենյակում՝ հանձնաժողովի կողմից:
  6. Քննության ավարտից հետո հավակնորդները պատճենահանում են լրացված առաջադրանքի բոլոր էջերը, ապա բնօրինակը հանձնում են հանձնաժողովին՝ պատճենահանված օրինակը պահելով իրենց մոտ:
  7. Հանձնաժողովի անդամները բոլոր հավակնորդների քննական առաջադրանքները ստանալուց հետո ստուգում են հարցերի պատասխանները և ստուգման արդյունքներն անց են կացնում քննական տեղեկագրում:
  8. Քննական տեղեկագրում նշվում են քննության անցկացման օրը, մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, արտոնագրի դասի հապավումը, քննական առաջադրանքի համարը, հարցերի քանակը, ճիշտ պատասխանների թիվը և տոկոսը՝ հարցերի ընդհանուր թվից, ինչպես նաև ստացված գնահատականը՝ «բավարար» կամ «անբավարար» նշումով:
  9. Քննական տեղեկագրի ձևանմուշը հաստատում է Պալատի խորհուրդը:
  10. Ճարտարապետներին.
  • Ա (առանց սահմանափակումների), Բ (քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ կամ տարածական պլանավորում) և Գ (հուշարձանների ամրակայում նորոգում և վերականգնում) դասերի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները,
  • Ա1 դասի արտոնագիր տրամադրելու համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 50 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն  30 տոկոս կազմող ճիշտ պատասխանները:
  1. Ճարտարագետ կոնստրուկտորներին.

1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի

ա. բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում  առաջին խմբի (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները,

բ. երկրորդ դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում երկրորդ խմբի (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) թեստային առաջադրանքների 70% կազմող ճիշտ պատասխանները, երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50% կազմող ճիշտ պատասխանները:

2) տրանսպորտային կառույցների ոլորտի (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում  թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները):

3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրեր տրամադրելու համար բավարար են համարվում թեստային առաջադրանքների 80% կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 70% կազմող ճիշտ պատասխանները, երկրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60% կազմող ճիշտ պատասխանները,  երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50% կազմող ճիշտ պատասխանները:

  1. Քննական տեղեկագիրը լրացնելուց հետո հանձնաժողովի անդամները ստորագրում են այն և բաց քվեարկությամբ հաստատում են քննության արդյունքները:
  2. Քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովը կայացնում է որոշում.
  • արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «բավարար» գնահատական,
  • հայտը մերժելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «անբավարար» գնահատական:
  1. Ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, իսկ որոշման պատճենը եռօրյա ժամկետում հանձնվում է հավակնորդին:
  2. Քննություններից հետո մեկշաբաթյա ժամկետում Պալատի նախագահը արտոնագիր տրամադրելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը և համապատասխան արտոնագրերը ներկայացնում է լիազոր պետական մարմնի ղեկավարի հաստատմանը:
  3. Արտոնագրման գործընթացում ծագած վիճելի հարցերի, որակավորման հանձնաժողովի որոշումների և քննությունների արդյունքների բողոքարկումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

  • Քննարկվել է

    05.03.2020 - 20.03.2020

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11053

Տպել

Առաջարկներ`

Ashot Ayvazyan

06.03.2020

Հարգելի քաղաքաշինական կոմիտե, խնդրում և պահանջում ենք հնարավորինս արագ, հաստատել այս կարգը, շատերս չենք կարողանում աշխատել և թողարկել նախագծեր

Sargis Tovmasyan

05.03.2020

Կարգում կետերի թվարկումը անհրաժեշտ է ճշտել

Տեսնել ավելին