Ընդհանուր առմամբ մշակված ՓՄՁ զարգացման ռազմավարության նախագիծը համահունչ է ԵՄ "Փոքր բիզնեսի ակտի" գաղափարախոսությանը և սկզբունքներին։ Այդուհանդերձ, ռազմավարության բարելավման նպատակով Նախագծի Հավելված 1 վերաբերյալ առկա են հետևյալ առաջարկները՝
1. էջ 4 նշվում է՝ "Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է կազմում է 20.1:" Սակայն չեն բերվում այլ երկրների կամ միջազգային համեմատական ցուցանիշներ, ինչից պարզ չէ, թե կոնկրետ որքան բարձր պետք է լինի խտությունը։
2. Բաժին 2. - սահմանված առաքելությունը և տեսլականը, ինչպես նաև նպատակները և թիրախները պետք է վերաբերվեն ոչ թե ռազմավարությանը, այլ դրա առարկային, այսինքն՝ ՓՄ ձեռնարկատիրության զարգացմանը։ Այսինքն, ռազմավարությունը սահմանում է ՓՄ ձեռնարկատիրության զարգացման առաքելությունը, տեսլականը, նպատակները, սակայն "ռազմավարության առաքելություն" արտահայտությունը իմաստազուրկ է։ Միաժամանակ, բաժին 2.1-ում սահմանված ռազմավարության նպատակը հարկավոր է տանել ներածության մաս։
3. Փաստորեն, բաժին 2.1-ում սահմանվում է մեկ նպատակ՝ "ՓՄՁ-ների արտադրողականության ավելացում", որի համար բերվում են համապատասխան թիրախներ։ Միաժամանակ, բաժին 3-ում սահմանվում են "ռազմավարական ուղղությունները", որոնք սակայն Հավելված 2-ի գործողությունների ծրագրում ներկայացված են որպես "Ռազմավարության նպատակներ"։ Հատկանշական է, որ բաժին 3-ի ռազմավարական ուղղությունների նկարագրություններում բերվում են նաև թիրախային ցուցանիշներ։ Արդյունքում, փաստաթղթում առկա է զգալի խառնաշփոթ՝ ռազմավարական նպատակների, թիրախների և ուղղությունների միջև։ Առաջարկում եմ, ռազմավարական ուղղությունների փոխարեն սահմանել ենթանպատակներ, որոնք փոխկապակցված պետք է լինեն նպատակի(ների) հետ։ Ավելին, եթե գերնպատակը ՓՄՁ արտադրողականության աճն է, ապա ենթանպատակներից (ուղղություններից) միայն 2-րդը և 3-րդն են, որ կոնկրետ թիրախավորված են այդ նպատակի իրագործմանը։ Մինչդեռ ենթանպատակներից (ուղղություններից) 1-ը և 4-րդը ծառայում են ավելի շատ այլ նպատակի՝ ՓՄՁ-ների զարգացման համար խթանող միջավայրի ստեղծմանը։ Հետևաբար, առաջարկում եմ սահամանել նշված նոր նպատակը 2.1 ենթաբաժնում։ Արդյունքում, կունենանք 2 նպատակ, որոնցից յուրաքանչյուրն ունի 2 ենթանպատակ՝ համապատասխան թիրախներով։
4. Ռազմավարությամբ չեն արծարծվում ՓՄՁ-ների զարգացման համար խիստ կարևոր ազգային որակի ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները (տեխնիկական կանոնակարգման պահանջներին համապատասխանության ապահովում, ստանդարտացման գործընթացներին ՓՄՁ-ների ներգրավում և ազգային ստանդարտների մատչելիություն ՓՄՁ-ների համար, չափագիտական կարողությունների ապահովում, համապատասխանության գնահատման ընթացակարգերի կիրառման մատչելիություն և այլն)։ Առաջարկում եմ, ռազմավարության 2-րդ ենթանպատակի, այն է՝ "2) ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում" առաջնահերթ գործողություններում ներառել համապատասխան գործողություն։
5. Ռազմավարության Հավելված 1-ի "ՓՄՁ հիմնական տնտեսական ցուցանիշները" բաժնում բերված որոշ գծապատկերներում և աղյուսակներում բացակայում են չափման միավորները, օրինակ՝ աղյուսակներ 8, 9, 10, 11, գծապատկերներ 3 և 4։ Ընդ որում, գծապատկերներ 2, 8 և 9-ում "թվաքանակի կառուցվածք" արտահայտությունը հարկավոր է փոխարինել "թվաքանակի տեսակարար կշիռ" արտահայտությամբ։