ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջիկա տասը տարիների ընթացքում ունենալ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող երջանիկ և բարեկեցիկ գյուղական բնակչություն, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրող փոքր ու միջին տնտեսավարողներ։ Որակապես տարբերվող գյուղատնտեսության ստեղծմանը մասնակից ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներին կընձեռվի միատեսակ պայմաններ, հավասար հնարավորություններ, արդար մրցակցային և կայուն միջավայր։
Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է դառնալ ժամանակակից, բարգավաճող և դիվերսիֆիկացված տնտեսության առաջնային հիմնասյուներից մեկը։ Այն երկրի տնտեսական աճի, բնակչության կյանքի որակի բարձրացման, կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղերի և ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման մեծ ներուժ ունի։
Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։ Արդյունքում կունենանք շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող երջանիկ և բարեկեցիկ գյուղական բնակչություն, տեխնոլոգիապես հագեցած, նորարարական գյուղատնտեսությամբ տարածաշրջանային առաջատար պետություն։
Համընդհանուր բարգավաճման տեսլականի մի մասն ավանդական փոքրածավալ արտադրությունից անցումն է դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։ Այս տեսլականի հիմնասյունը ներառական աճն է, որը կապահովի արտադրական հնարավորությունների հասանելիություն փոքր ձեռնարկատերերի, գործարարների, գյուղական բնակչության և, մասնավորապես, երիտասարդության համար։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է։ 2012-2018 թվականների միջին տվյալներով այն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17.0%-ը։ 2018 թվականին գյուղատնտեսության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 13.7%-ը։ Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգ, որը ներառում է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքների իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ։
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, սակայն ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները թույլ չեն տալիս օգտագործել ոլորտի զարգացմանը նպաստող բոլոր հնարավորությունները։
Միևնույն ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։
Վարելահողերի ավելի քան մեկ երրորդի անմշակ վիճակում գտնվելը և փոքր հողակտորների մեծ բաժինը դանդաղեցնում են գյուղատնտեսության զարգացումը և խոչընդոտում արտադրության ակտիվացմանը և ներդրումների ներգրավմանը։ Ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև հողի նպատակային օգտագործումը։
Հայաստանի աշխարհագրական դիրքի և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, սահմանափակ առևտրային ուղիների ու տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով գյուղացիական տնտեսությունները դժվարությամբ են մուտք գործում արտաքին շուկա։ Գյուղական վայրերում ցածր է կրթական մակարդակը, ներգրավվածության և զբաղվածության հնարավորությունները՝ սահմանափակ։ Ցածր է նաև կոլեկտիվ եղանակով մարտահրավերներին դիմակայելու և համագործակցելու մակարդակը։ Մեծ խնդիր է ծերացող և նվազող բնակչությունը, քանի որ վերջին մի քանի տասնամյակներին երիտասարդների արտահոսքը գյուղից դեպի քաղաքային բնակավայրեր և արտերկրներ կտրուկ աճել է։
Ոլորտում ներդրումների պակասը և տեխնիկական խոչընդոտները պայմանավորված են մեքենայացման և ոռոգման արդիական համակարգերի ցածր մակարդակով, գյուղատնտեսական խորհրդատվության թերզարգացած համակարգով, որակյալ ենթակառուցվածքների՝ սառնարանային և պահեստային տնտեսությունների, տրանսպորտային միջոցների սահմանափակ հասանելիությամբ, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարական չափանիշների կիրառման և մոնիտորինգի ցածր մակարդակով, ֆինանսական ռեսուրսների անմատչելիությամբ, մարդկային ներուժի պակասով:
Մյուս կողմից հանրապետության գյուղերի մեծ մասը դեռևս գտնվում են զարգացման ցածր մակարդակում, ինչն իր հերթին անմիջականորեն ազդում է ոլորտի արդյունավետ գործունեության վրա։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Ելնելով գյուղատնտեսության առանձնահատկություններից ոլորտում իրականացվող քաղաքականությունը ուղղված է իրավական հիմքերի կատարելագործմանը, օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացման մակարդակի բարելավմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներառմանը, որն ուղղվելու է գյուղատնտեսական արտադրանքի աճին, գյուղական բնակավայրերի զարգացմանը և համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մրցունակության բարձրացմանը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` ավանդական փոքրածավալ արտադրությունից անցումը դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Տեսլականի հիմնասյունը ներառական աճն է, որը կապահովի արտադրական հնարավորությունների հասանելիություն փոքր ձեռնարկատերերի, գործարարների, գյուղական բնակչության և, մասնավորապես, երիտասարդության համար։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Ռազմավարությամբ նախանշված սկզբունքների իրականացումն ուղղված է հետևյալ հիմնական ցուցանիշների բարելավմանը.
- գյուղատնտեսության համախառն արտադրանք ավելացմանը,
- գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճի տեմպի բարելավմանը,
- գյուղատնտեսությունում տնտեսավարողների տարեկան միջին եկամուտների ավելացմանը,
- գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված սննդամթերքի արտահանման աճին,
- աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,
- գյուղերում գործազրկության մակարդակի նվազմանը,
- անմշակ և ոռոգվող վարելահողերի ու նպատակային օգտագործվող հողերի տեսակարար կշռի բարձրացմանը,
- պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։
Կիրականացվի գյուղատնտեսական հողերի թվային քարտեզագրումը, կձևավորվեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կենդանիների ռեգիստրներ։
Այլ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված միջոցառումները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի, դոնոր կազմակերպությունների, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է: