Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2002 թվականի հունիսի 4-ի  ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

       <<ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի անվամբ բացված ավանդային հաշվեհամարին ջրօգտագործողների կողմից հատկացված գումարներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը և լուծարմանը.

ջրօգտագործող՝ ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:>>:

 

    Հոդված 2. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  9-րդ կետով.

      9)<<իրականացնում են ջրօգտագործման թույլտվության պայմանների  և պահանջների ուսումնասիրություն, ջրային ռեսուրսների փաստացի վիճակի զննում և   կազմում են համապատասխան արձանագրություններ>> բառերով։

 

      Հոդված 3. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

          <<Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտումը հավաստող փաստաթուղթ է համարվում տեսչական մարմնի  կողմից  ընդունված և ուժի մեջ մտած  վարչական ակտը  կամ դատարանի  ուժի մեջ մտած վճիռը, կամ դատավճիռը:>> բառերով։

 

 Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի վերջին պարբերության <<ժամկետով և պայմաններով>> բառերից հետո լրացնել <<՝ջրօգտագործողի կողմից մինչև ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի ավարտը ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա>> բառերը:

 

 Հոդված 5. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ի մասը շարադրել հետևալ խմբագրությամբ՝ <<Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը,  թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար:  Շրջակա միջավայրի  պահպանությանն ուղղված  դեպքեր են համարվում  ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների  նվազեցումը, կամ ռեժիմի կրճատումը կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան  հեռացվող կեղտաջրի  որակի  բարելավումը: Ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների  նվազեցման և/կամ ռեժիմի կրճատման, և/կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան  հեռացվող կեղտաջրի որակի բարելավման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը վերաձևակերպում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` ջրօգտագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին և վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:>>:

 

 Հոդված 6.  Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

  <<Ջրօգտագործման փաստացի չափաքանակները հաշվառելու համար ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից սույն օրենսգրքի  32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը։ Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման ժամանակ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կարող է ջրօգտագործման թույլտվության մեջ չամրագրել ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերի տեղադրման  պահանջը:

    Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս  համարվող պայմաններում:

   Ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո ենթակա են կնքման ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ Կառավարության  սահմանած կարգով:>>:

 

 Հոդված 7. Օրենսգրքի 37.1-րդ հոդվածի 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

   <<Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով. հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված գումարների առկայության և հորատանցքի նախագծային երկրաբանատեխ­նիկական կտրվածքի հիման վրա և հորատանցքի շահագործմամբ՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:

   Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլուխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.2-րդ հոդվածով սահմանված՝ դրամագլխի  չափի  հաշվարկման  կարգի   և  վճարման  ժամանակացույցի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:>>:

 

Հոդված 8. Օրենսգրքը լրացնել նոր հոդվածով հետևայլ բովանդակությամբ.

 

 <<Հոդված 37.1.1.  Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ

 

  1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու դեպքում սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման, չափի հաշվարկման և վճարման  ժամանակացույցի կարգը սահմանում է կառավարությունը:  
  2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ:
  3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի ավանդային հաշվում և բացառապես օգտագործվում են`

1) ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման և լուծարման համար.

2) ջրօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:>>:

 

 

  Հոդված 9. Օրենսգրքի 37.2-րդ  հոդվածում՝

 

  1. Նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  <<Հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում  տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը  կամ կոնսերվացումն իրականացվում են  դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում՝ տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով:  Դրամագլխի հաշվին գումար հատկացնելը չի տարածվում ջրային ոլորտում խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց վրա>>:

  1. Հոդվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 <<Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում  է  ջրօգտագործողին:>>:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դրամագլխի հաշվին վճար կատարելու չափի հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է կառավարությունը:

 

  1. 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը սահմանում  է.

   1) ջրօգտագործողի կողմից տեղադրված  ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից կնքելու  կարգը՝  վեց ամսվա ընթացքում,

       2)  դրամագլխի օգտագործման, հատկացումների, չափի  հաշվարկման և  վճարման  ժամանակացույցի կարգը ՝ վեց ամսվա ընթացքում։

       

 

  • Discussed

    29.08.2019 - 19.09.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, State revenue, Nature protection, Energy and natural resources, Economy, Financial, Economical, Emergency situations, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, Public service, Inspection system

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8609

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

30.08.2019

1.<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ օ 1-ին հոդվածի 1-ին պարբերության և 8-րդ հոդվածով լրացվող 37.1.1 հոդվածի 3-րդ մասերի միջև առկա է հակասություն, որովհետև մի դեպքում դրամագլխի գումարները ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը և լուծարմանը, իսկ մյուս դրամագլխի գումարները օգտագործվում են նաև ջրօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով: 2.Բացի այդ, արդարացի և նպատակահարմար չէ որևէ ջրօգտագործողի կողմից բնությանն ու շրջական միջավայրին հասցված վնասի վերականգնումը կատարել մյուս բարեխիղճ ջրօգտագործողների կողմից կատարված վճարումների հաշվին գոյացած ընդհանուր դրամագլխի հաշվին, ինչը վատ նախադեպ է ստեղծում և հնարավորություն է տալիս մյուս ջրօգտագործողներին իրենց անբարեխիղճ գործունեության և կատարած խախտումների ու հասցրած վնասի համար չկրել անձնական պատասխանատվություն և խուսափել հասցրած վնասը սեփական միջոցներով վերականգնելուց, ինչը հղի է գործընթացի հսկողության և իրականացման ընթացքում սուբյեկտիվ դրսևորումների, չարաշահումների և այլ բացասական ռիսկերով ր դրանցից բխող հետևանքներով: Նման մոտեցումը անհրաժեշտ է բացառել և օրենքով հստակ նախատեսել հասցրած վնասի համար սեփական պատասխանատվության և դրա հետևանքների վերացման ինստիտուտը, քանի որ հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, երբ, օրինակ՝ վարչական տույժի ենթարկվելու դեպքում տվյալ ջրօգտագործողը խախտման և վնաս հասցնելու համար տուգանվելու է և վճարելու է ինչ-որ չափի տուգանք կամ կրելու է քրեական պատասխանատվություն, սակայն մյուս կողմից էլ դրամագլխի հաշվին է հատուցվելու նրա հասցրած վնասը, ինչի պարագայում ստացվում է, որ միևնույն նպատակի համար ոչ միայն միջոցների ծախսի կրկնորդում է լինում, այլև խաթարվում կամ չի ապահովվում խախտում կատարողի և վնաս հասցնողի նկատմամբ վարչական կամ դատական ակտով նախատեսված խախտումների վերացման, վնասի հատուցման կամ վերականգնման համար անձնական պատասխանատվության սահմանադրական ինստիտուտը: 3.Նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենքի 1-ին հոդվածում սահմանված հասկացությունները փաստացի հոդվածի 1-ին մասի կետեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նախագծի 3-րդ հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենսգրքի 30.2-րդ հոդվածում փաստացի մասեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նույնը նկատի առնել նաև նախագծի 7-րդ և 9-րդ հոդվածներում: 4.Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է, որովհետև պարզ չէ, թե այս դեպքում կառավարության կողմից սահմանելիքը նույնն է, ինչ որ սահմանված է 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում կամ էլ 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, թե տարբեր կարգավորումներ են: Բացի այդ, ստացվում է, որ նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը նման լիազորություն վերապահելու մասին դրույթը փաստացի ուժի մեջ կմտնի օրենքի նախագծի հաստատումից հետո, հետևաբար կառավարությունը չի կարող առանց նման լիազորությունը ուժի մեջ մտնելու՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դրամագլխի հաշվին վճար կատարելու չափի հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանել կամ հաստատել: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված է հատկացումների մասին, իսկ 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում հատկացումների մասին խոսք չկա, ինչից պարզ չէ, թե կարգավորումները նույն բանին են վերաբերում, թե տարբեր, հետևաբար գործ ունենք կամ կրկնորդման կամ հակասության հետ:

See more