Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրի 6-րդ կետի պահանջից:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության ոլորտի վերջին ռազմավարությունը նախատեսված էր 2013-2018 թվականների համար: Այդ ռազմավարության ժամկետը ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է  առաջացել նոր ռազմավարության մշակման և կյանքի կոչելու համար: 2013-2018 թվականների զբաղվածության ռազմավարությունը որպես թիրախ սահմանել էր անցումը զբաղվածության պասիվ ծրագրերից ակտիվ ծրագրերի, ինչով պայմանավորված աստիճանաբար ավարտին հասցվեց գործազրկության նպաստի ծրագիրը, որպես զբաղվածության պասիվ ծրագիր և ազատված ռեսուրսները ուղղվեցին զբաղվածության նոր ակտիվ  ծրագրերի ներդրմանը` հիմնված կայուն զբաղվածության ապահովման սկզբունքի վրա: Միաժամանակ պետք է նկատել, որ ներդրված ակտիվ ծրագրերը ունեցել են մի շարք կազմակերպակառավարչական խնդիրներ և սահմանափակումներ, որոնք նվազեցրել են այդ ծրագրերի կիրառման հնարավորությունը:  Ռազմավարության իրականցման ընթացքում նաև զգալիորեն փոխվել է զբաղվածության ծրագրերից բխող հիմնական  գործողությունների վեկտորը և տարեց տարի անցում է կատարվել  կայուն զբաղվածության ակտիվ ծրագրերից ժամանակավոր զբաղվածության ծրագրերի (2016-2018 թվականներին զբաղվածության ամենամյա տարեկան ծրագրի բյուջեի մոտ 60%-ը կազմել էին ժամանակավոր զբաղվածության ծրագրերը):  Նշված փոփոխությունները լուծել են բնակչության զբաղվածությունը կարճաժամկետ ժամանակահատվածում և ակնհայտ էր, որ ի սկզբանե չէին կարող էականորեն ազդել գործազրկության մակարդակի և գործազուրկների թվի կրճատման վրա: Զբաղվածության խնդիրների լուծման վրա իր էական բացասական ազդեցությունն է ունեցել նաև երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունը՝ պայմանավորված համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի կտրուկ դանդաղեցմամբ, նոր ստեղծվող աշխատատեղերի թվաքանակի նվազմամբ, մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածության մեծացմամբ, գործազրկության միջին ժամկետի ավելացմամբ և այլն: Զբաղվածության ծրագրերի արդյունավետության վրա իր բացասական ազդեցությունն է թողել նաև նպաստների համակարգը, երբ ամեն գնով նպաստ ստանալու ձգտումը բնակչության մի որոշ մասի մոտ առաջացրել է աշխատռանքից խուսափելու կամ ոչ ֆորմալ զբաղված հանդես գալու ձգտումը: Այս երևույթը էլ ավելի է ամրապնդել աշխատաշուկայում առկա ցածր աշխատանքի վարձատրությունը, ինչով պայմանավորված բնակչության մի մասը գերադասել է ստանալ նպաստ, այլ ոչ թե լինել զբաղված:

2019 թվականի փետրվարի 14-ի «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ սահմանվել է զբաղվածության միջոցով նպաստների ապախթանումը. քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացումը, որի համար  հիմք պետք է դառնա հավասար հնարավորությունների ապահովումը և աշխատանքի քաջալերումը։ Երկրում աղքատության հաղթահարման առաջնային գործիքը՝ ըստ կատավարության ծրագրի, պետք է դառնա  աշխատանքը, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը: Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Նախատեսվում է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել  նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի վերը նծված նպատակադրումները, զբաղվածության ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը ձեռք է բերում առավել մեծ կարևորություն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Ռազմավարությամբ ամրագրվում է, որ ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության առաքելությունը կայանում է ներառական հենքի վրա տնտեսական միջավայրի ու մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության ոլորտի արդյունավետ կառավարման արդյունքում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, սոցիալական երաշխիքների ապահովումը և աշխատունակ հասարակության արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորությամբ՝ զբաղվածների ու նրանց ընտանիքների կյանքի որակի շարունակական բարելավման խթանումը:  

Զբաղվածության ռազմավարության շրջանակներում դիտարկվում են հետևյալ չորս գլխավոր նպատակային հենասյուները կամ մակրոնպատակները.

  1. Ներառական տնտեսական զարգացման ապահովմամբ՝ ակտիվ աշխատաշուկայի ձևավորումը, բնակչության երկարաժամկետ գործազրկության մեղմումն ու կայուն զբաղվածության ապահովումը։
  2. «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչության ձևավորումը։
  3. Արժանապատիվ աշխատանքի ապահովումը բոլոր համապատասխան սոցիալական խմբերում՝ տարածաշրջանային բևեռացումների զսպմամբ։
  4. Զբաղվածության միջոցով կյանքի որակի բարձրացմանը նպաստելը, միջին խավի ընդլայնումը:

Զբաղվածության ռազմավարության հիմքում դրվում են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են զբաղվածության քաղաքականության ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու զարգացումները, զբաղվածության նոր ակտիվ ծրագրերի ներդրումը, դրանց վերաբերյալ հանրության շարունակական իրազեկումը, զբաղվածության երիտասարդակենտրոն քաղաքականության ակտիվացումը: Միաժամանակ որպես առաջնային թիրախային խմբեր ամրագրվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները և ոչ մրցակցային գիտելիքներ ու կարողություններ ունեցող անձինք։ Ռազմավարության մեկ այլ կարևոր մոտեցում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված զբաղվածության քաղաքականության իրականացումը, գիտելիքահեն ու աշխատաշուկայի որակական և քանակական պահանջներին համարժեք աշխատուժի առաջարկի ձևավորումը, կրթություն-աշխատաշուկա փոխադարձ համապատասխանեցման արդյունքում տնտեսության պահանջմունքներին համապատասխան որակյալ աշխատուժի ձևավորում և աշխատաշուկա մուտքի ապահովում, մասնագիտական կողմնորոշման ու կարիերայի զարգացման ծրագրերի ամբողջական գործարկում։

Ռազմավարության կարևոր սկզբունքներից է նաև գործատուների հետ պրոակտիվ համագործակցության խթանումը, նրանց ներգրավումը աշխատուժի ձևավորման, գործազուրկների աշխատաշուկա մուտքի, աշխատուժի գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական զարգացման գործընթացներում, ինչպես նաև գործատուների շրջանում  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի կայացմանն աջակցությունը, որը կդրսևորվի սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի ամբողջական ներդրմամբ։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ներգրավված փորձագետների և աշխատանքի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետների  մասնակցությամբ:

5. Ակնկալվող արդյունքը

Ելնելով վերը նշված սկզբունքներից, ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ  

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվելուց հետո պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում 2019 թվականին եկամուտների և ծախսերի ծավալների փոփոխություն չի նախատեսվում, իսկ հետագա տարիներին ծախսերի ծավալները կսահմանվեն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով:

 

 

  • Discussed

    13.08.2019 - 28.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11287

Print

Suggestions

Վարդան Պետրոսյան

13.08.2019

Գտնում եմ, որ համանման՝ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերը անհրաժեշտ է ենթարկել տարատեսակ մասնագիտական փորձաքննությունների, որոնց ընթացքում հնարարվոր կլինի անկախ, օբյեկտիվ և այլ կարծիքներ ձեռք բերել, քանի որ պետական կառավարման հիմնարկը մի քանի տարի պետք է ծախսեր կատարի նշված ուղղությամբ և շատ կարևոր է հնարավորինս կանխատեսել բոլոր ռիսկերը։ Ընդ որում գտնում եմ, որ փորձաքննություններ անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն զբաղվածության հարցերի մասին, այլ նաև ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցող տնտեսագիտության, իրավագիտության և այլ հարակից մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Բարի ընթացք...

See more