Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Անհրաժեշտությունը․
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից։
Նշված դրույթի ոչ բավարար հստակությունը պրակտիկայում առաջացրել է տարընթերցումներ և վեճեր դատարանում, ուստի առաջացել է անհրաժեշտություն օրենքով կարգավորել առաջացած խնդիրը:
Օրենքի դրույթները կիրառվում են միայն Երևան համայնքում:
Երևան քաղաքի ավագանին սկսած 2012 թվականից սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։
Պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցը վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում:
Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում:
Ուստի առաջացել է անհրաժեշտություն վերանայել Օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝
- Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքի հաշվարկն իրականացնում են նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարի հաշվարկն իրականացնում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` ելնելով նշված օրենքին համապատասխան տվյալ համայնքում ավագանու սահմանած տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:
- Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված է պարտավորություն՝ տեղական վճարը վճարել սահմանված ժամկետում, իսկ Օրենքով անձի համար նախատեսված է պարտավորություն՝ ավտոկայանատեղի վճարը վճարել ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից: Նշված և Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթների հաշվառմամբ անձինք վարչական և դատական կարգով վիճարկում են 15 րոպեից ավել կայանելու և դրանից հետո տեղական վճարը վճարելու դեպքում նշանակված տուգանքի մասին վարչական ակտը՝ վարչական բողոքի կամ հայցադիմումի հիմքում դնելով վճարման պահի ժամանակահատվածը օրենքով սահմանված չլինելու հանգամանքը:
Օրենսգրքի 124.7-րդ հոդվածի սանկցիայի կիրառումը փոխկապակցված է Օրենքի 12-րդ հոդվածի դրույթների հետ։ Օրենքով և Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի չափն անհամաչափ են, ինչն առաջացրել է բնակչության արդարացի դժգոհությունը:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Շտկել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 12-րդ հոդվածի դրույթների ոչ բավարար հստակությունը և նվազեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը:
4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքում առկա տարընթերցումների վերացում և պետության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված տուգանքների չափի նվազեցմանը։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Երևանի քաղաքապետարան
6.Ակնկալվող արդյունքները
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ հստակ սահմանել ավտոկայանատեղում կայանելու համար վճարման պարտավորության առաջացման պահը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ նվազեցնել տուգանքի չափը՝ այն հինգ հազար դրամից սահմանելով երեք հազար դրամ:
Նշված չափի ընտրության համար հիմք է ընդունվել շրջանառության մեջ դրված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվող տուգանքի չափը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եվ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱ¬ՄՈՒՏ¬ՆԵ¬ՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եվ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական և համայնքային բյուջեներում էական ավելացումներ և նվազեցումներ չեն նախատեսվում: