«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից։
Նշված դրույթի ոչ բավարար հստակությունը պրակտիկայում առաջացրել է տարընթերցումներ և վեճեր դատարանում, ուստի առաջացել է անհրաժեշտություն օրենքով կարգավորել առաջացած խնդիրը:
Օրենքի դրույթները կիրառվում են միայն Երևան համայնքում:
Երևան քաղաքի ավագանին սկսած 2012 թվականից սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։
Պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցը վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում:
Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում:
Ուստի առաջացել է անհրաժեշտություն վերանայել Օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը: