Add to favourites

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել և 2017 թվականի փետրվարի 4-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Օրենսդրական այս փաթեթի ընդունմամբ ՀՀ իրավական համակարգ ներմուծվեց խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում (redress) ստանալու կառուցակարգը:

Այս կառուցակարգը նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը բաղկացած է նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունքից: Ռեաբիլիտացիայի իրավունքն իր հերթին ներառում է բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3 հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացնելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Բացի այդ նույն հոդվածը սահմանում է նաև, որ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները կկարգավորվեն ՀՀ կառավարության որոշմամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու վերաբերյալ կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով[1] առաջարկվում է սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրման  ընթացակարգն ու պայմանները: Մասնավորապես, Նախագիծը նախատեսում է, որ հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգումից տուժած անձի ցանկությամբ՝ անվճար հիմունքներով: Նախագծով  նախատեսվում է նաև, որ եթե խոշտանգումից տուժած անձինք օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չունեն ներկայանալ հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոն (խոսքն առավելապես վերաբերում է ազատությունից զրկված անձանց, օրինակ, կալանավորված կամ դատապարտված անձ), ինչպես նաև այն դեպքերում, երբ հոգեբանական ծառայությունները առավել արդյունավետ մատուցելու համար նպատակահարմար է դրանք տրամադրել տուժողի գտնվելու վայրում (օրինակ, անչափահասների խնամքի հատուկ կենտրոններում և այլն) ապա հոգեբանական ծառայությունները տրամադրվում են նշված անձանց գտնվելու վայրում, իսկ այս պարագայում հոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագետների անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է համապատասխան վայրի վարչակազմի վրա:

 Բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ հոգեբանական ծառայություններ ստանալու համար գրավոր դիմում կարող են ներկայացնել խոշտանգումից տուժած անձը, նրա մերձավոր ազգականները, վարույթն իրականացնող մարմինը կամ ցանկացած այլ շահագրգիռ անձ, այդ թվում՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Ըստ Նախագծի՝ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական օգնություն է տրամադրվում այդ մասին կենտրոնին գրավոր դիմելուց հետո ողջամիտ ժամկետում: Եթե առկա է միաժամանակ մեկից ավելի անձանց հոգեբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտություն, ապա առաջնահերթության որոշումը թողնված է մասնագետի հայեցողությանը, որի պարագայում վերջինս պետք է գնահատի և հաշվի առնի հոգեբանական ծառայությունների կարիք ունեցող տուժողների  վիճակը:

 Հոգեբանական ծառայությունները, կախված մասնագետի կողմից մշակված ծառայությունների տրամադրման անհատական ծրագրից, դրա դրա շրջանակներում մատուցվելիք ծառայությունների ծավալից, կարող են տրամադրվել մեկանգամյա կամ պարբերական այցելությունների ընթացքում:

 Հոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագիտական կենտրոնի կողմից ծառայությունների պատշաճ մատուցման և տուժողների շահերի պաշտպանության նպատակով, նախագիծը սահմանում է կենտրոնի կողմից հաշվառման մատյանի վարման պահանջ, որի ձևը և վարման կարգը հաստատում է տվյալ կենտրոնի ղեկավարը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի խոշտանգումից տուժած անձանց՝ ռեաբիլիտացիայի իրավունքի բաղադրատարր հանդիսացող հոգեբանական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորության լիարժեք և անշեղ իրացմանը:

 

[1] Այսուհետ՝ Նախագիծ

  • Discussed

    19.04.2017 - 08.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9436

Print

Suggestions

Անգին Տոնոյան

22.04.2017

1. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 8-րդ կետը նախատեսում է, որ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին Կենտրոնին գրավոր հայտնելուց հետո՝ ողջամիտ ժամկետում»: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Առաջարկում եմ վերանայել «ողջամիտ ժամկետում» եզրույթը, սահմանել հստակ ժամկետներ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ այն անորոշ դրույթ է, կարող է հանգեցնել իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանմանն ու կիրառմանը, հնարավորություն ընձեռել իրավական ակտը կիրառող մարմնի համար դրսևորելու անհետևողական մոտեցում և հոգեբանական ծառայությունները տրամադրել այն ժամանակ, երբ դա կկրի ձևական բնույթ, կամ անձի մոտ արդեն իսկ առաջացած կլինեն հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող խնդիրներ կամ այլ անցանկալի հետևանքներ: 2. Կարգի 9-րդ կետի ենթակետերի, դրան հաջորդող կետերի համարակալումն առաջարկում եմ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին: 3. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: Իրավական ակտի դրույթի ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման հնարավորությունիս խուսափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկում եմ հստակեցնել, թե սույն կարգի իմաստով ովքեր են հանդիսանում խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: 4. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգով նախատեսվել է, որ «Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա Կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահեր¬թությունների՝ կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց»: Առաջարկում եմ վերանայել սույն դրույթը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնի մասնագետների կողմից խոշտանգումից տուժած անձանց կարիքների և հոգեբանական վիճակի գնահատումը կարող է կրել սուբեկտիվ բնույթ և չբխել խոշտանգումից տուժած անձանց իրական վիճակից, կամ առաջարկում եմ սահմանել կարիքների և հոգեբանական վիճակի գնահատման ելակետային չափանիշները:

See more