«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ «ՀՀ Սահմանադրություն») 8-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
Հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները, դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման և ղեկավարման կարգը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները սահմանվում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ «Օրենք»), որի գործողությունը տարածվում է հեռուստառադիոծրագրերի հեռարձակում և վերահեռարձակում իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2000թ. նոյեմբերի 18-ին: Ընդունումից հետո այն 26 անգամ փոփոխվել և լրացվել է համապատասխան օրենքներով:
Չնայած դրան՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը մինչ օրս բավականաչափ հստակ և լիարժեք չի կարգավորում իր կարգավորման ոլորտում առկա իրավահարաբերությունները:
Ավելին, ՀՀ Սահմանադրությամբ փոփոխվել են հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը ապահովող, հեռուստաընկերություններին օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորող և հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը վերահսկող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թվաքանակը, անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը, ինչպես նաև՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:
Դարաշրջանի պահանջները մղում են քայլեր ձեռնարկել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտն առավել ճկուն դարձնելու և հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունն առավել ազատ ու անկաշկանդ դարձնելու ուղղությամբ, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական արագընթաց զարգացումներով, որոնց համահունչ՝ անհրաժեշտ է բարեփոխել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի իրավակարգավորումները:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ներկայումս որոշակի բավարար չափով կարգավորում է իր կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները, սակայն օրենքում առկա են որոշակի խնդրահարույց հարցեր, բացեր, թերություններ և անհստակություններ: Մասնավորապես՝
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններում («հեռուստառադիոհաղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հեռարձակում», «վերահեռարձակում») առկա է որոշակի շփոթ: Թեև Օրենքով սահմանված հասկացությունները բավականաչափ ճշգրիտ են, այդուհանդերձ այդ հասկացությունները որոշ դեպքերում Օրենքում օգտագործված են հասկացությունների բնորոշմանը ոչ համահունչ:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է սպառիչ կերպով հստակեցնել այն դեպքերը, երբ հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել ոչ ՀՀ պետական լեզվով և այն դեպքերը, երբ հեռուստառադիոհաղորդումները պետք է հեռարձակվեն նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ զուգակցված:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է առավել տրամաբանորեն կարգավորել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով հեռուստառադիոընկերությունների համար սահմանված որոշակի պահանջներից և սահմանափակումներից բացառությունները կարող են սահմանվել միայն միջպետական պայմանագրերով: Մինչդեռ ոլորտի ճկունությունը և դինամիկան ապահովելու և հեռուստառադիոընկերությունների գործունեությունն ազատականացնելու հրամայական պահանջից ելնելով՝ առավել նպատակահարմար է ամրագրել, որ նման բացառությունները կարող են սահմանվել ոչ միայն միջպետական, այլև՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերով:
- Անհրաժեշտ է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների պահպանման՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա իրավակարգավորումների հետ:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հստակեցնել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականություններն այն դեպքերում, երբ վերջիններիս կողմից հեռարձակված նյութի կապակցությամբ ներկայացվում է պատվի, արժանապատվության և/կամ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող հայց կամ պահանջ:
- Հեռուստառադիոընկերությունների գործունեության ազատականացման պահանջից ելնելով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել այն դեպքերը, երբ հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պատասխանատվություն են կրում այլ անձանց կարծիքը, տեսակետը կամ ելույթը հեռարձակելու համար:
- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից առ այսօր տրամադրվել են մի շարք պաշտոնական պարզաբանումներ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք իրավանորմերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ամրագրել օրենսդրական մակարդակով:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է գործող իրավակարգավորման տրամաբանությունը հաշվի առնելով և դրա շրջանակներում առավելագույնս համակարգված և տրամաբանորեն ունիֆիկացնել այն անձանց շրջանակը, ովքեր չեն կարող լինել հեռուստառադիոընկերության հիմնադիր, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ էրոտիկ բնույթի հաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները սահմանվում են օրենքով: Մինչդեռ նման օրենք առ այսօր չի ընդունվել (ընդունվել է միայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համապատասխան որոշում, որը չի կարող գործել, քանի որ այդ չափորոշիչները, ներկայիս իրավակարգավորման համաձայն, պետք է սահմանվեն բացառապես օրենքով): Միևնույն ժամանակ, նշված չափորոշիչների սահմանումն օրենքով նպատակահարմար չէ, քանի որ այդ չափանիշները ենթարկվում են և ժամանակի ընթացքում ողջամտորեն պետք է ենթարկվեն դինամիկ փոփոխությունների:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է գործող իրավակարգավորման տրամաբանության շրջանակներում որոշակիորեն փոփոխել և հստակեցնել հեռուստատեսությունների և ռադիոընկերությունների կողմից Օրենքով սահմանված մի շարք պարտականություների կատարման ժամկետը:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է օրենսդրորեն հստակեցնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ կապված քվորման առկայության, որոշումների ընդունման կարգի, նիստերի անցկացման և համապատասխան մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների լիազորությունների հետ:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հնարավորինս ունիֆիկացնել և հստակեցնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն թույլտվության հիման վրա: Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից: Սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն առ այսօր չի սահմանել նման դիմումի մերժման հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորոշություն:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել և հեռարձակել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա: Սակայն օրենքն առ այսօր չի սահմանել թույլտվությունը տալը մերժելու հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորոշություն:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան, ի թիվս օրենսդրական այլ պահանջների, տրվում է նաև հանրային լսումների արդյունքների հիման վրա: Սակայն օրենքով սահմանված չեն հանրային լսումների իրականացման արդյունավետ ընթացակարգեր:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն դիմելու դատարան` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել միայն վերացնել (սակայն ոչ փոփոխել) միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներում առկա են մի շարք մեծածավալ նորմեր, որոնց առկայությունն օրենքում այլևս որևէ խնդիր չի լուծում:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք կրկնվող իրավական նորմեր և ուժը կորցրած իրավական նորմերին կատարված մի շարք հղումներ:
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներում առկա է խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ իրավանորմերի հնարավորինս հասկանալիությունը ապահովելու նպատակով:
Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, անհրաժեշտ է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի դրույթները թե՛ ձևական, թե՛ բովանդակային տեսանկյունից համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: Ձևական պահանջների մասով պետք է նշել, որ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի փոփոխվի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անվանումը: ՀՀ Սահմանադրության ներկայիս խմբագրության համաձայն՝ այն պետք է կոչվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (առանց «ազգային» բառի), ինչի կապակցությամբ ևս անհրաժեշտ է Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ:
Պետք է նշել, որ վերը նշված մի շարք հարցեր ներկայումս ողջամտորեն կարգավորվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը մեկնաբանելիս ղեկավարվում է առավել ողջամտության և համաչափության սկզբունքներով: Սակայն դա չի նսեմացնում իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջին հերթին լուծվել են վերը նշված խնդիրները: Մասնավորապես, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ըստ նախագծի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի) կազմը (անդամների քանակը), դրա անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և Օրենքի որոշ այլ նորմեր համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրությանը համահունչ՝ սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որոնց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նմանապես սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ վաղաժամկետ դադարեցվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նախագծով շտկվել են բոլոր այն իրավանորմերը, որոնցում առկա է որոշակի շփոթ՝ կապված «հեռուստառադիոհաղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հեռարձակում» և «վերահեռարձակում» հասկացությունների հետ: Նախագծով ողջամտորեն ընդլայնվել են պետական մարմինների՝ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին առնչվող լիազորությունները և իրավունքները՝ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում: Սահմանվել է, որ հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների պահպանման ժամկետը վեց ամիս է, ինչը առավել համահունչ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա կարգավորումներին: Հստակեցվել են նաև այդ նյութերի պահպահման կարգը և ժամկետները՝ այն դեպքերում, երբ հեռարձակված նյութի կապակցությամբ առկա է պատվի, արժանապատվության և/կամ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող հայց կամ պահանջ: Նախագծով հստակեցվել է, որ հեռուստառադիոընկերությունը չի կարող կրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ իր կողմից հեռարձակված նյութերում (լրատվական և այլն) հնչած կարծիքների և ելույթների համար, եթե բացակայում են հեռուստառադիոընկերության սեփական գնահատականները: Նախագծում օրենսդրական մակարդակով ամրագրվել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից առ այսօր տրամադրված այն պաշտոնական պարզաբանումները, որոնք այսօրվա իրավակարգավորման պայմաններում անհրաժեշտ են (որոնց ակտուալությունը դեռևս առկա է): Նախագծով սահմանվել է, որ էրոտիկ բնույթի հաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները սահմանվում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Նախագծով հստակեցվել և կարգավորվել են հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց պարտականությունների իրականացման ժամկետները, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերը:
Նախագծով սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է մերժել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից ներկայացված հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը բացառապես այն դեպքում, երբ դիմումը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նույնը վերաբերում է նաև հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից ներկայացված սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրելու և հեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումին:
Մասնավոր մուլտիպլեքսորների լիցենզավորման առնչությամբ սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Օրենքով սահմանված տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ առավելագույնը 15-օրյա ժամկետում կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման տևողության, վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) և զանգվածային լրատվության միջոցներում: Ընդ որում, հանրային լսումների տևողությունը չի կարող պակաս լինել երկու շաբաթից, իսկ լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կայացնում է հանրային լսումներն ավարտվելուց հետո՝ հիմք ընդունելով նաև հանրային լսումների արդյունքները:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները միասնականացնելու նպատակով նախագծում սահմանվել է, որ հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն դիմելու դատարան` միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:
Նախագծով լուծվել են նաև մի շարք այլ խնդրահարույց հարցեր, ինչպես նաև՝ հստակեցվել և խմբագրվել են մի շարք իրավանորմեր, որոնց կիրառումը տեսականորեն կարող է խնդիրներ առաջացնել:
Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս պետական քաղաքականությունն ուղղված է բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար սահմանված պատասխանատվությունը մեկ միասնական իրավական ակտում նախատեսելուն, նախագծերի փաթեթով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա իրավախախտումները և դրանց համար սահմանված պատասխանատվությունը նախատեսվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ավելի դինամիկ և ճկուն, իսկ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը կլինի առավել ազատ և անկաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա անհստակությունները, իրավական բացերը և անորոշությունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հասկանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ավելի հստակ կլինեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականությունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջական կապահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության միջոցների, ռադիոյի և հեռուստատեսության ազատության և անկախության սահմանադրական պահանջը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
23.03.2017 - 07.04.2017
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 10185
Print