«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել 5.1-ին մասով՝ հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Վարչապետի որոշումները ստորագրում է վարչապետը: Վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է վարչապետի կողմից ընդունված տարբերակը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով՝ հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Փոխվարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց հավելվածները ստորագրում է փոխվարչապետը:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Կառավարության նիստերը դռնբաց են: Վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:»,
2) 16-րդ մասի երկրորդ նախադասությունում «մասը» բառից հետո լրացնել «(վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը դռնփակ անցկացված լինելու դեպքում)» բառերով,
3) 18-րդ մասում «մասին» բառից հետո լրացնել «, եթե տվյալ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը վարչապետի որոշմամբ անց է կացվել դռնփակ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«Կառավարության որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության նիստում ընդունված տարբերակը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը
Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես Կառավարության և վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից:
Առաջարկվող լուծումները
Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշումների՝ հատկապես Կառավարության, ընդունմանը նախորդում է դրանց քննարկման մի քանի փուլ (այն է՝ նախանիստ, նախարարական կոմիտե, Կառավարության նիստ) և այդ փուլերից յուրաքանչյուրում վարչապետին զեկուցվում է այդ որոշումների բովանդակությունը և քննարկման արդյունքները: Ավելին՝ Կառավարության նիստի օրակարգի ձևավորման փուլում ևս որոշումներն ամբողջությամբ և հանգամանալից զեկուցվում են վարչապետին, իսկ Կառավարության նիստում տեղի ունեցող քննարկումն իր հերթին ևս մեկ փուլ է՝ տվյալ որոշման բովանդակությանը ծանոթանալու և դրա արդյունքում որոշման ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելու համար: Թեև վարչապետի որոշումները, որպես կանոն, չեն քննարկվում վերը հիշատակված հաջորդայնությամբ, այդուհանդերձ, դրանք նույնպես դեռևս նախագծային փուլում պարբերաբար զեկուցվում են վարչապետին:
Հետևաբար, Կառավարության նիստում որոշումներն ընդունվելուց հետո՝ դրանց հավելվածների ստորագրումն ըստ էության կրում է սիմվոլիկ բնույթ: Այդ առումով՝ մշակված օրինագծով առաջարկվում է վարչապետի ստորագրմանը ներկայացնել միայն իրավական ակտ հանդիսացող որոշումը, իսկ օրենքի իմաստով որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածը ստորագրելու իրավասությունը վերապահել վարչապետի աշխատակազմի ղեկավարին (ի հաստատումն այն հանգամանքի, որ տվյալ հավելվածը հանդիսանում է Կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված տարբերակը)՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ փուլում ևս վարչապետին ներկայացվում է ամբողջ որոշման, այդ թվում՝ հավելվածների կարգավորման առարկան և բովանդակությունը:
Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առանձին դրույթով շեշտվում է, որ փոխվարչապետի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետի կողմից:
Վերոգրյալից զատ՝ Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում՝ Կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ Կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի Կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:
-
Discussed
08.11.2018 - 23.11.2018
-
Type
Law
-
Area
*, Public management
-
Ministry
Ministry of Justice
Views 7727
Print