Add to favourites

Under development

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»,  ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները 

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու գլխավոր գրավականներից է արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով առանցքային նշանակություն ունի օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը, կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթների իրականացումը:

ՀՀ-ում ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ, կրթական և իրավապահ գործառույթների իրականացումը վերապահված է պետական իշխանության տարբեր մարմինների:

ՀՀ-ում  կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ գործառույթներն իրականացնում են քննչական և դատախազական մարմինները, իսկ կանխարգելման  որոշ գործառույթներ իրականացնում են տարբեր մարմիններ: Մասնավորապես,  ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ իրականացնում են ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ Կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հիման վրա ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը,2012 թվականի հունվարի 9-ի «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը (այսուհետև՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով):

ՀՀ-ում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին համակարգված և ամբողջական կերպով իրականացնելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ:  Մասնավորապես,

       Խնդիր 1.1 Սահմանափակ են ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կոռուպցիայի կանխարգելման ոլորտում: Գործող օրենսդրության շրջանակներում ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելիչ մարմնի որոշակի գործառույթներ իրականացնում է ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը, սակայն վերլուծելով ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակը՝ պարզ է դառնում, որ կոռուպցիայի  կանխարգելման ոլորտում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործառույթները սահմանափակ են, մասնավորապես՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը ներկայումս չի իրականացնում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում  մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսիք են՝  

  • կրթական և հանրային իրազեկվածության բարձրացման գործառույթների իրականացումը.
  • կոռուպցիային նպաստող պատճառների և պայմանների բացահայտմանն ու վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,
  • կոռուպցիայի կանխարգելման և հանրային ծառայողների բարեվարքության ոլորտներում համակարգման գործառույթների  իրականացումը:

          Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիքներից մեկը արդյունավետ հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացումն է, ինչը նպաստում է նշված ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանը: Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի  գործառույթները հակակոռուպցիոն կրթության ոլորտում խիստ սահմանափակ են:ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման և կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու  նպատակով անհրաժեշտ է, որ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը ակտիվ դերակատարություն ստանձնի՝ հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակման, հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերի մշակման հարցերում:

Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առանցքային կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այսպիսի պահանջ ամրագրված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում՝ այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են՝

ա) սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված քաղաքականության իրականացումը և, համապատասխան դեպքերում, այդպիսի քաղաքականություն իրականացման հսկողությունը և համակարգումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման հարցերով գիտելիքներն ընդլայնելը և տարածելը:

 

Այս առումով անհրաժեշտ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ մի շարք պետություններում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններից մեկը հենց հակակոռուպցիոն կրթական գործառույթների իրականացումն է: Մասնավորապես, Լատվիայում գործող Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կրթական գործառույթների իրականացումն է:  Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իրականացնում է հակակոռուպցիոն կրթական գործառույթներ` հասարակության տարբեր հատվածների համար հակակոռուպցիոն կրթական միջոցառումների կազմակերպման միջոցով: Լիտվայում գործող հատուկ քննչական ծառայությունը, որը համարվում է կոռուպցիայի  դեմ պայքարի ոլորտում ունիվերսալ մասնագիտացած մարմին, նույնպես զբաղվում է  հակակոռուպցիոն կրթությամբ, որի գործունեության հիմնական նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հասարակության իրավագիտակցության բարձրացումը, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումը: Հարավային Կորեայում գործող հակակոռուպցիոն հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում քաղաքացիների մասնակցությունը խթանելու նպատակով կազմակերպում է հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք դրսևորվում են տարաբնույթ քննարկումների, սեմինարների կազմակերպման և այլ ձևերով:

       Խնդիր 1.2. Առկա են խնդիրներ՝ կապված ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անկախության ապահովման երաշխիքների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինների գործունեության արդյունավետության ապահովման համար առանցքային նշանակություն ունի կոռուպցիայի կանխարգելման մարմնի անկախության ապահովումը: Այսպիսի պահանջ ամրագրված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան կոռուպցիայի դեմ պայքարի մարմնին կամ մարմիններին պետք է ապահովի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթներն արդյունավետ և անհարկի ազդեցությունից ազատված (…)»:

     Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմնի անկախությունը ենթադրում է ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ապահովում: Ինստիտուցիոնալ անկախությունը ենթադրում է, որ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը չպետք է գտնվի պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի կազմում կամ պետական իշխանության որևէ մարմնի ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ: Գործառութային անկախությունը ենթադրում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմինը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետական իշխանության մարմիններից անկախ է և պետական իշխանության մարմինները չպետք է միջամտեն կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմնի գործառույթների իրականացմանը:

      ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անկախության ամրապնդման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի  նաև հանձնաժողովի անդամների անկախության բավարար երաշխիքների նախատեսումը: Այս առումով «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը  նախատեսել է ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անդամի անկախության երաշխիքները, սակայն այդ երաշխիքների համակարգային  վերլուծությունից բխում է, որ դրանք բավարար չեն հանձնաժողովի անդամների անկախության ապահովման տեսանկյունից:  Ներկայումս ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անդամները չունեն անձեռնմխելիության երաշխիքներ: Հակակոռուպցիոն մարմնի անդամների անձեռնխելիության սահմանումը գործուն երաշխիք կարող է հանդիսանալ մարմնի պատշաճ գործունեության համար: Անդամների անձեռնխելիության պահանջն արտացոլված է ինչպես միջազգային, այնպես էլ տարբեր երկրների ներպետական իրավական ակտերով: Մասնավորապես՝ «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարություն»-ը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է նաև անձեռնմխելիության սկզբունքը: Վերոնշյալ հայտարարությամբ սահմանված է, որ հակակոռուպցիոն մարմնի նախագահն ու անդամները իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում կատարված գործողությունների համար պետք է օժտված լինեն անձեռնմխելիությամբ: ԵԱՀԿ-ն, ընդգծելով անձեռնմխելիության ինստիտուտի կարևորությունը, 2014թ. նոյեմբերի 17-ին կարծիք է հայտնել Լատվիայի իրավակարգավորումների վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ ցանկալի է օրենքի մակարդակով ընդլայնել անձեռնմխելիության դրույթները` ապահովելով, որ դրանք պաշտպանեն Բյուրոյի անդամներին (այդ թվում` ղեկավարին) ոչ միայն քրեական, այլև վարչական եւ քաղաքացիական պատասխանատվությունից` իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում կատարված գործողությունների համար:

Այս առումով մի շարք պետություններում գործող կոռուպցիայի  դեմ պայքարի մասնագիտացած  մարմինների  անդամները նույնպես օժտված  են անձեռնմխելիության երաշխիքներով: Մասնավորապես՝  Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոյի մասին Լատվիայի օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Բյուրոյի անդամն օժտված  է անձեռնմխելիության երաշխիքներով. այդ երաշխիքները չեն կիրառվում Բյուրոյի անդամների նկատմամբ, եթե նրանք բռնվել են քրեական հանցագործություն կատարելիս. այդ մասին գլխավոր դատախազը և Բյուրոյի նախագահը պետք է տեղեկացվեն 24 ժամվա ընթացքում:  Զամբիայի Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին ակտի 15-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի անդամի նկատմամբ չի կարող հարուցվել քրեական կամ քաղաքացիական վարույթ այնպիսի գործողության համար, որը կատարել է սույն ակտով սահմանված գործառույթների իրականացման շրջանակներում, Հանձնաժողովի անդամը չպետք է կանչվի ցուցմունք տալու որևէ դատարանի առաջ այնպիսի տեղեկությունների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ:

     Խնդիր 1.3. ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը չունի բավարար ռեսուրսներ իր գործառույթների արդյունավետ իրականացման համար: Հանձնաժողովի գործունեության հիմնական երաշխիքներից մեկը բավարար ռեսուրսների առկայությունն է: Այսպիսի պահանջ ամրագրված է մի շարք միջազգային իրավական ակտերով, մասնավորապես «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարություն»-ում որպես հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական սկզբունք նշվում է բավարար ռեսուրսների առկայությունը: Նմանատիպ պահանջ ամրագրված է նաև ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝ յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան կոռուպցիայի դեմ պայքարի մարմնին կամ մարմիններին պետք է տրամադրի անհրաժեշտ նյութական պաշարներ և մասնագիտացված անձնակազմ: Նմանատիպ պահանջ ամրագրված է նաև «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի 20-րդ հոդվածում, համաձայն որի՝ կողմերը պետք է ապահովեն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինների աշխատակազմերն իրենց գործունեության իրականացման համար ունենան բավարար պատրաստվածություն և ֆինանսական միջոցներ: Հետևաբար, կարող ենք նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացած մարմնի գործունեության արդյունավետության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը բավարար նյութական պաշարների և մասնագիտացած անձնակազմի առկայությունն է:

             ՀՀ  գործող օրենսդրության շրջանակներում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անկախության ապահովման վրա որոշակի ազդեցություն է ունենում այն հանգամանքը, որ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը չունի ֆինանսական և նյութատեխնիկական անկախության բավարար երաշխիքներ: Խնդիրը կայանում է նրանում, որ  «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Հանրապետության Նախագահի աշխատակազմը, ինչը եթե նույնիսկ չի խոչընդոտում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի անկախությանը, այնուամենայնիվ հասարակական ընկալումներում կարող է այդպիսի տպավորություն ստեղծել:  Հետևաբար, յուրաքանչյուր պետական մարմնի, այդ թվում  նաև ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի  անկախության ամրապնդման և գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի նյութատեխնիկական և կազմակերպական անկախության ապահովումը:

Խնդիր 1.4. Գործող օրենսդրությամբ առկա են որոշակի խնդիրներ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից: Հանրային ծառայողների բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում տեսանելի արդյունքի հասնելու հիմնական երաշխիքներիցմեկը թափանցիկության և հաշվետվողականության ապահովումն է: Այսպիսի պահանջ ամրագրված է մի շարք միջազգային իրավական ակտերով, մասնավորապես «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի մեկնաբանություններում նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների անկախությունը չպետք է լինի բացարձակ, այդ մարմիններին վերապահված անկախության և ինքնուրույնության աստիճանը պետք է լինի այնպիսին, որն անհրաժեշտ է վերջիններիս լիազորությունները պատշաճ կերպով իրականացնելու համար:  ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 10-րդ հոդվածը նույնպես ամրագրում է հանրային հաշվետվողականության սկզբունքը, իսկ «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարություն»-ը հռչակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված մարմինների հանրային հաշվետվողականության սկզբունք, որը ենթադրում է օրենսդրության պահանջները խստորեն պահպանելու և իրենց գործունեության վերաբերյալ հանրությանը պաշտոնապես առնվազն տարեկան կտրվածքով հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն: Հետևաբար՝ հանրային ծառայողների բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում մասնագիտացված մարմինները պարտավոր են կանոնավոր կերպով հասարակությանը ներկայացնել գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև ապահովել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության՝ հանրության համար մատչելիությունը:  

ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում Հանրային ծառայության  մասին ՀՀ օրենքը ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության ապահովման բավականին սահմանափակ մեխանիզմներ է նախատեսել, մասնավորապես՝   43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները: Հետևաբար, նշված դրույթից բխում է, որ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում միայն շահերի բախման բացահայտված դեպքերի և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, ինչը խիստ սահմանափակ է և չի ապահովում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի գործունեության ամբողջական թափանցիկությունը և հասարակական հաշվետվողականությունը: Բացի այդ, ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի կողմից նշված գործառույթի իրականացումը հայեցողական բնույթ է կրում, քանի որ այն համարվում է ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի իրավունքը: Այս առումով միջազգային փորձի վերլուծությունից նույնպես բխում է, որ մի շարք պետություններում  (Լեհաստան, Սերբիա, Կոսովո, Լիտվիա, Լատվիա)  կոռուպցիայի  դեմ մասնագիտացած մարմինները իրենց գործունեության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում հասարակությանը և իրավասու պետական մարմիններին:  

Խնդիր 1.5. Առկա են խնդիրներ՝ կապված «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների գործունեության համակարգման հետ: Ներկայումս ՀՀ պետական իշխանության մարմինների համակարգում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովից բացի գործում են  նաև հանրային ծառայողների էթիկայի հարցերով իրավասու այլ հանձնաժողովներ, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ այդպիսի հանձնաժողովներ են գործում ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում,  ՀՀ կառավարության աշխատակազմում, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում, ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմում,  Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, ՀՀ դատական դեպարտամենտում, ՀՀ դատախազության աշխատակազմում, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում, ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում,  տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում: Սակայն նշված մարմիններում գործող էթիկայի հանձնաժողովների գործունեությունը համակարգված բնույթ չի կրում, քանի որ գոյություն չունի որևէ մարմին, որը օրենքով սահմանված կարգով կհամակարգի վերը նշված հանձնաժողովների գործունեությունը և հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով կտրամադրի մեթոդական ցուցումներ և խորհրդատվություն:

       Խնդիր 1.6. Գործող օրենսդրությամբ առկա են որոշակի խնդիրներ կապված ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվող վարույթների հետ: Հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողների կողմից  վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան վարույթների հարուցումը, դրանց արդյունքում որոշումների ընդունումը և այդ որոշումների կատարման ապահովումը: Հանրային ծառայության  մասին ՀՀ օրենքի նշված հարաբերությունները կարգավորող նորմերի ուսումնասիրությունից բխում է, որ այս ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես, Հանրային ծառայության  մասին ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթ կարող է հարուցվել ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ և անձի դիմումի հիման վրա կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա, ինչը ըստ  էության բավականին սահմանափակ է: Հետևաբար, այս ոլորտում ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օրենսդրությամբ անհրաժեշտ է նախատեսել վարույթների հարուցման այլ հիմքեր:

          Բացի այդ, գործող իրավակարգավորումների պայմաններում առկա են որոշակի խնդիրներ՝ կապված վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշումների կատարման ապահովման հետ: «Հանրային ծառայության  մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովն ընդունում է եզրակացություն, որն ուղարկվում է Հանրապետության նախագահին և բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին: Այսպիսի իրավակարգավորման պայմաններում հստակեցված չեն այն մեխանիզմերը, որոնց միջոցով ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովը կկարողանա ներգործություն ունենալ իր կողմից ընդունված եզրակացության կատարման գործընթացի վրա: Միաժամանակ գործող օրենսդրությամբ բավարար չափով հստակեցած չեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ինչպես նաև պատասխանատվության միջոցները, որոնք վարույթի արդյունքում կարող են կիրառվել հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է նախատեսել բավարար մեխանիզմներ վարույթի ընթացքում տեղեկատվություն հայտնած անձանց իրավունքների պաշտպանության համար: 

Խնդիր 1.7. Գործող օրենսդրությամբ առկա են որոշակի խնդիրներ կապված գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված: Սույն օրենսդրական կարգավորումների շրջանակներում առկա են որոշակի խնդիրներ կապված գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված:  Գույքի և եկամուտների ոլորտում փոփոխությունների  իրականացումը բխում է միջազգային և ներպետական մի շարք կառույցների առաջարկությունների հիման վրա առաջացած՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից: Այսպես, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N1141-Ն որոշման 1-ին հավելվածով՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Միջոցառումների ծրագիր)  16-րդ կետով, նախատեսվում է հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման (ֆինանսական բացահայտման) համակարգի բարելավումը՝ որպես օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման կարևոր նախադրյալ, որն էլ ենթադրում է հայտարարագիր ներկայացնող հանրային ծառայողների շրջանակի վերանայում: Բացի այդ, Միջոցառումների ծրագրի 14-րդ կետով նախատեսվում է վարքագծի կանոնագրքերի պահանջների՝ ներառյալ շահերի բախման կանոնների, անհամատեղելի գործունեության և այլ խախտումների համար պատասխանատվություն նախատեսելու պահանջ:

Հայտարարագրման համակարգի կատարելագործման, ինչպես նաև հանրային ծառայողների կողմից վարքագծի կանոնների խախտումների բացառման պահանջը բխում է նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից չորրորդ գնահատման փուլի շրջանակում «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների եվ դատախազների շրջանում» թեմայով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով տրված հանձնարարականներից, որոնցով, մասնավորապես, առաջարկվում է․

«iii. որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն՝ կանխելու համար առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնող պատգամավորների նկատմամբ կիրառվող և նրանց կողմից ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվելու կամ ձեռնարկատիրական գործունության շրջանակներում այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումների շրջանցման հնարավորությունները ...

(…)XVII. Որ հետագայում կատարելագործվեն պատգամավորների, դատավորների և դատախազների նկատմամբ կիրառվող՝ գույքի հայտարարագրերի գործող համակարգը՝ օրենքով սահմանելով հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը եւ բացառելով միայն այն տեղեկությունների հրապարակումը, որոնց գաղտնիության պահպանումն անհրաժեշտ է անձնական կյանքի անձեռնմխելիության նկատառումներից ելնելով, և որ ընդլայնվի հայտարարագրման համակարգի կիրառման շրջանակը, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել բոլոր դատախազներին...

 …XVI. որ հետագայում մշակվեն պատգամավորների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու նկատմամբ կիրառվող կանոններ, որպեսզի հնարավոր լինի տալ այնպիսի հստակ սահմանումներ, որոնք կընդգրկեն ցանկացած օգուտ, այդ թվում՝ բնաիրային օգուտներն ու փոխկապակցված անձանց տրամադրվող օգուտները, կներմուծեն մոնիթորինգ իրականացնող համապատասխան մարմին ստացված նվերների մասին հաղորդում ներկայացնելու պահանջ, իսկ դատավորներին առնչվող հատուկ դեպքում՝ կնվազեցվեն գործող այն շեմերը, որոնց դեպքում պահանջվում է հաղորդում ներկայացնել(...)»: ԳՐԵԿՈ-ի այս հանձնարարությունից բխում է, որ վերջինս ևս անհրաժեշտ է համարում  հանրային ծառայողների հայտարարագրման և նվերների համակարգի վերանայումը:

ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում գործում է գույքի և եկամուտների էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, որն ապահովում է հայտարարագրման գործընթացի պարզեցումը և հայտարարագրված տվյալների թափանցիկությունն ու հանրային հասանելիությունը, այդուհանդերձ՝ ներդրված համակարգն ամբողջական չէ և բարելավման կարիք ունի: Մասնավորապես, ամբողջական չէ հայտարարագրերի վերլուծության համար անհրաժեշտ գործիքակազմը:

 Խնդիր 1.8. Գործող օրենսդրությամբ առկա են որոշակի խնդիրներ կապված շահերի բախման ինստիտուտի և շահերի հայտարարագրման  հետ կապված:  Օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման կարևոր նախապայմաններից մեկը շահերի բախումը կանխարգելող գործնականորեն կիրառելի կառուցակարգերի  նախատեսումն է, որի իրականացման համար անհրաժեշտ է  հանրային ծառայողի և պաշտոնատար անձի շահերի բախման հասկացության և իրավիճակների սահմանումը, շահերի հայտարարագրման մեխանիզմների սահմանումն ու կատարելագործումը:  

  1. Այս առումով ՀՀ օրենսդրական կարգավորումներում առկա են որոշակի խնդիրները, նախևառաջ օրենսդրությամբ բավականին սահմանափակ է շահերի բախում հասկացությունը: Մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 17-րդ կետի համաձայն` «շահերի բախում»-ը բնորոշվում է որպես «իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»:

        Այս առումով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համագործակցության շրջանակներում մշակված շահերի բախման վերաբերյալ մոդելային օրենքը, (այսուհետ` Մոդելային օրենք) և տարբեր պետություններում  նախատեսված իրավակարգավորումները առավել լայն են բնութագրում շահերի բախում հասկացությունը: Մոդելային օրենքի համաձայն` շահերի բախում է համարվում այն իրավիճակը, որտեղ հանրային ծառայողն ունի մասնավոր շահ, որը ազդում է կամ ենթադրվում է որ կարող է ազդել իր պաշտոնեական պարտականությունների օբյեկտիվ և անաչառ իրականացման վրա: Ռուսաստանի Դաշնությունում շահերի բախումը բնութագրվում է որպես մի իրավիճակ, երբ պետական ծառայողի անձնական շահագրգռվածությունը (ուղղակի կամ անուղղակի) ազդում է կամ կարող է ազդել նրա պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների (լիազորությունների) պատշաճ, օբյեկտիվ և անաչառ իրականացման վրա և որի դեպքում առաջանում կամ կարող է առաջանալ հակասություն պետական ծառայողի անձնական շահագրգռվածության և իրավունքի այլ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի միջև: Բելառուսի Հանրապետությունում շահերի բախումը բնութագրվում է որպես իրավիճակ, որում պետական պաշտոնյա հանդիսացող անձի, նրա ամուսնու, մոտ ազգականների կամ բարեկամների անձնական շահերն ազդում կամ կարող են ազդել պետական պաշտոնյա հանդիսացող անձի կողմից իր ծառայողական (աշխատանքային) պարտականությունների պատշաճ իրականացման վրա` կապված նրա կողմից որոշման ընդունման, որոշման ընդունման գործընթացին մասնակցության կամ էլ ծառայության հետ կապված այլ գործողությունների իրականացման հետ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, կարգավորելով շահերի բախումը, այն նախատեսում է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, ինչը բավականին սահմանափակ է, հետևաբար անհրաժեշտ է նախատեսել ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ինչպիսի մոտեցում դրսևորվել է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում), այլև հանրային ծառայողներին:

  1.   ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված չեն շահերի հայտարարագրման մեխանիզմը: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, թվարկելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, դրանց թվում նախատեսում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը: Հանձնաժողովի կողմից շահերի բախման բացահայտումը հնարավոր է բացառապես պաշտոնատար անձանց կողմից համապատասխան շահերը հայտարարագրելու դեպքում: Մինչդեռ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, սահմանելով հանրային ծառայողի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը, չի նախատեսում այն դեպքերն ու կարգը, որտեղ հանրային ծառայողը պարտավոր է ներկայացնել համապատասխան շահերի հայտարարագիրը: Ուստի, Հանձնաժողովի կողմից շահերի բախման բացահայտման պարտականության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նախ և առաջ անհրաժեշտ ներդնել շահերի հայտարարագրման մեխանիզմը, հայտարարագիր ներկայացնելու հիմքերն ու կարգը:

Տարբեր երկրներում հայտարարագրման ենթակա շահերի համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շեշտադրումը կատարվում է հիմնականում անձնական և ընտանեկան գույքի և եկամուտների, նվերների, պայմանագրերի, ոչ կառավարական կազմակերպություններում մասնակցության, պաշտոնավարումից հետո զբաղեցվող պաշտոնների, արտաքին մրցակից նշանակումների հայտարարագրման անհրաժեշտության վրա: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հայտարարագրման ենթակա շահեր են հանդիսանում գործարքները, նվերները, փոխհատուցումը և ճանապարհորդության ծախսերը, պատասխանատվությունները, համաձայնագրերը, արտաքին նշանակումները և հինգ հազար ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով փոխհատուցումը, որը վճարվել է մեկ աղբյուրից: Հայտարարագրման ենթակա գույքային շահեր են հանդիսանում բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, կենսաթոշակային շահերը, հարկային արտոնությունները, հավատարմագրային կառավարման հանձնված շահերը, բանկային հաշիվները, անշարժ գույքը և այլն: Պաշտոնյան պետք է բացահայտի հավատարմագրային կառավարման հանձնված գույքի և դրանից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը: Միացյալ Թագավորությունում  պաշտոնատար անձը հայտարարագրում է բոլոր շահերը, որոնք կարող են առաջացնել բախում, ընդ որում` այդպիսին հանդիսանում են ոչ միայն նրա անձնական շահերը, այլև փոխկապակցված անձանց շահերը: Պաշտոնատար անձը հայտարարագրում է չգրանցված ձեռնարկատիրությունը, անշարժ գույքը, ինչպես նաև համապատասխան ոչ նյութական մասնավոր շահերը, ինչպիսիք են կապերը արտաքին կազմակերպությունների հետ և նախկինում կատարած աշխատանքը:  Ռուսաստանի Դաշնություն: Հայտարարագրման ենթակա են պաշտոնատար անձին պատկանող բաժնետոմսերը, բաժնեմասերն ու այլ ֆինանսական շահերը կազմակերպություններում, ինչպես նաև համապատասխան մարմնի հետ գործնական կամ այլ հարաբերությունների մեջ գտնվող կամ էլ մրցակից ընկերություններում, նույն կազմակերպություններում տնօրենների խորհրդում կամ գործադիր մարմնում մասնակցությունը կամ էլ աշխատանքը որպես աշխատակից, խորհրդական կամ վստահված անձ, տվյալ մարմնի շահերի հետ մրցակցության մեջ գտնվող ցանկացած այլ գործունեություն, այդ թվում` եկամուտ ստանալու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորություններով, գործարքները, այդ թվում` կազմակերպության անունից կնքվող, որում պաշտոնատար անձն ունեցել է ֆինանսական շահ, պետական մարմինների աշխատակիցների հետ հարաբերություններ, որոնք կարող էին ազդել որոշման կայացման վրա, պաշտոնատար անձի կողմից տնօրինվող տեղեկատվության օգտագործումն այլ նպատակով, պետական մարմնի ռեսուրսների օգտագործումն այլ նպատակով, ընտանիքի անդամների հետ համատեղ աշխատանք, այդ թվում` միևնույն մարմնում, որը կարող է ազդեցություն ունենալ պաշտոնատար անձի աշխատանքի արդյունավետության վրա կամ ենթադրում է ընտանիքի անդամի հետ կախվածության կամ վերահսկողական հարաբերություններ, նվերներն ու գործնական հյուրընկալությունը, պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները: Բացի այդ, պաշտոնատար աձի կողմից տրվում է հավաստիացում առ այն, որ ներկայացվել է ամբողջական, ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն:

 

      Առաջարկվող լուծումները.

            ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի` որպես կոռուպցիայի կանխարգելման մասնագիտացված մարմնի դերի բարձրացումը հնարավոր է իրականացնել ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի կառուցվածքային և գործառնական կարողությունների զարգացման միջոցով: Այս առումով անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետությունում գործող հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի վերաբերյալ պահանջ ամրագրված է մի շարք միջազգային իրավական ակտերով՝ մասնավորապես՝ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում(…)»: Միաժամանակ պետությունում գործող հակակոռուպցոն  մարմինը կամ մարմինները պետք է մասնագիտացած լինեն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, նմանատիպ դրույթ է ամրագրված ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 36-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի այնպիսի մարմնի կամ մարմինների կամ անձանց առկայությունը, որոնք մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարում` իրավապահ միջոցների օգնությամբ(…)»:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ պետություն է: ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2006թ. հոկտեմբերի 23-ին: Հաշվի առնելով ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետությունը նույնպես կարևորում է  հակակոռուպցիոն կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմնի առկայությունը: ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացած մարմին ստեղծելու անհրաժեշտությունն ամրագրվել է նաև Եվրոպական Միության հետ կնքված «Լրացում No 1 - Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին՝ Փուլ II» համաձայնագրի շրջանակներում, որով Հայաստանի Հանրապետությանը առաջարկվել է ստեղծել մշտապես գործող և անկախ հակակոռուպցիոն մարմին, որը պետք է գործի  ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» 6-րդ հոդվածի, ինչպես նաև «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարության» հիման վրա:   

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով ուսումնասիրվել են տարբեր պետություններում գործող կոռուպցիայի կանխարգելման մարմիններին բնորոշ հիմնական հատկանիշները և գործառույթների շրջանակը: Միջազգային փորձի վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք պետություններում գործում են մասնագիտացած մարմիններ, որոնք իրականացնում են բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմինների գործառույթներ: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին գործում է Սլովենիայում՝ ի դեմս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, որի անկախության ապահովման նոր երաշխիքներ ամրագրվեցին «Բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի ընդունմամբ: Սլովենիայում գործող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի երկու բաժին՝ վերահսկողության բյուրո և հանրային կանխարգելման ու բարեվարքության կենտրոն: Վերահսկողության բյուրոն իրականացնում է հետևյալ գործառույթները` շահերի բախման և ապօրինի հարստացման մեղադրանքներով ուսումնասիրությունների իրականացում, հաղորդում տվող անձանց պաշտպանություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված գործառույթներ: Հանրային կանխարգելման ու բարեվարքության կենտրոնն ընդունում է ազգային հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, իրականացնում այդ գործողությունների համակարգում, հանրային մարմինների բարեվարքության ծրագրերի իրականացմանն օժանդակություն և այլն: Սլովենիայում գործող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքին համապատասխան իրականացնում է նաև վերլուծական, համակարգման, կանխարգելիչ և կրթական գործառույթներ: Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի ազգային հակակոռուպցիոն կենտրոնին զուգահեռ գործում է նաև Ազգային բարեվարքության հանձնաժողովը (National Integrity Commision)։ Ազգային բարեվարքության հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնում է 2011թ. ընդունված օրենքի հիման վրա: Ազգային բարեվարքության հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում պաշտոնատար անձանց, դատավորների, դատախազների, այլ պետական պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների նկատմամբ։ Ազգային բարեվարքության հանձնաժողովի գործունեությունը միտված է հանրային ծառայողների բարեխղճության, բարեվարքության խթանմանը, որն իրականացվում է քաղաքացիական հասարակության, ազգային և միջազգային կառույցների ակտիվ մասնակցությամբ: ԱՄՆ-ում գործում է կառավարության էթիկայի գրասենյակը, (The United States Office of Government Ethics), որը  համագործակցում է գործադիր իշխանության մի շարք մարմինների հետ: Կառավարության էթիկայի գրասենյակը իրականացնում է հետևյալ գործառույթները՝ շահերի բախման իրավիճակների հայտնաբերումը, հանրային ոլորտում իրազեկվածության բարձրացումը և այլն: Կառավարության էթիկայի գրասենյակը իր գործառույթներն իրականացնելիս հաշվետու է Հանրապետության նախագահի և կոնգրեսի առջև: Կառավարության էթիկայի գրասենյակը քննչական գործառույթներ չի իրականացնում, սակայն իր գործառույթներն իրականացնելիս ակտիվորեն համագործակցում է  տարբեր պետական մարմինների հետ: Թայլանդում գործում է Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը ակտիվ դերակատարություն ունի կոռուպցիայի կանխարգելման և հանրային բարեվարքության ոլորտներում: Գործում են Էթիկայի և բարեխղճության բյուրո, գույքի հայտարարագրերի խումբ, քաղաքական սեկտորում հայտարարագրերի ստուգման բյուրո, հանրային ոլորտում հայտարարագրերի ստուգման բյուրո: Էթովպիայում 2005թ. ստեղծվել և գործում է Բարեվարքության և հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը հաշվետու է վարչապետի առջև, սակայն իր գործառույթներն իրականացնելիս հանձնաժողովն անկախ է: Բարեվարքության և հակակոռուպցիոն հանձնաժողովը գործունեության նպատակներն են՝ համագործակցել այլ մարմինների հետ, որի արդյունքում հասարակության մեջ ձևավորել անհանդուրժողական վերաբերմունք կոռուպցիայի  դեմ պայքարի ոլորտում: Քենիայում  նույնպես գործում է Էթիկայի և հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը գործունեության հիմքը 2011թ. ընդունված «Էթիկայի և հակակոռուպցիոն ակտ»-ն է: Էթիկայի և հակակոռուպցիոն հանձնաժողովը իրականացնում է հանրային պաշտոնյաների բարեվարքության ապահովման և կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ: Էթիկայի և հակակոռուպցիոն հանձնաժողովը ձևավորվում է Հանրապետության նախագահի կողմից՝ հետևյալ մարմինների առաջարկությամբ՝  Հանրապետության նախագահ, վարչապետ, էթիկայի մասով պատասխանատու նախարարություն, մարդու  իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հանձնաժողով,  գենդերային հավասարության հանձնաժողով, հեռուստատեսության հանձնաժողով, կրոնական հարցերով հանձնաժողով: Էթիկայի և հակակոռուպցիոն հանձնաժողովը իրականացնում է հետևյալ գործառույթները՝ միջոցներ է ձեռնարկում ոչ պատշաճ վարքագծի  և կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելման համար, իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց հիման վրա հարուցում է վարույթներ: Էթիկայի և հակակոռուպցիոն հանձնաժողովը իր գործունեության թափանցիկության ապահովման նպատակով հաղորդում է ներկայացնում Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:  Կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին է գործում նաև Մակեդոնիայում՝ ի դեմս Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի գործունեության իրավական հիմքը «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքն է: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը անկախ  մարմին է, որի անդամները նշանակվում են պառլամենտի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը օժտված է  ինստիտուցիոնալ անկախությամբ՝ պառլամենտից և կառավարությունից: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս արդյունավետ կերպով համագործակցում է  քննչական և դատախազական մարմինների հետ:  Մասնավորապես, ցանկացած անձ կարող է կոռուպցիոն բնույթի արարքների վերաբերյալ հաղորդում ներկայացնել Հանձնաժողովին: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը հավաքում է փաստեր, կատարում ուսումնասիրություն և գործը փոխանցում քննչական մարմիններին, որոնք իրականացնում են նախաքննություն՝ տեղեկացնելով հանձնաժողովին: Մակեդոնիայում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում  հակակոռուպցիոն  ռազմավարությունների մշակման և իրականացման ոլորտներում, որի համար հանձնաժողովը կրում է պատասխանատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման նպատակով հանձնաժողովն  իր գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվություն է ներկայացնում պառլամենտին, Հանրապետության նախագահին և կառավարությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին է գործում նաև Սերբիայում՝ ի դեմս  Հակակոռուպցիոն գործակալության, որը հիմնադրվել է 2009 թվականին: Հակակոռուպցիոն գործակալության գործունեության իրավական հիմքը «Հակակոռուպցիոն գործակալության  մասին» օրենքն է, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ գործակալությունը ինքնավար և անկախ պետական մարմին է, և հաշվետու է Ազգային ժողովի առջև իր գործառույթների իրականցման ընթացքում, գործակալությունն ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Հակակոռուպցիոն գործակալությունն ունի ինն անդամներից կազմված խորհուրդ, որի անդամներն ընտրվում են պառլամենտի կողմից։ Հակակոռուպցիոն գործակալության տնօրենին նշանակում և ազատում է խորհուրդը։ Հակակոռուպցիոն գործակալության գործառույթների շրջանակն ընդգրկում է կոռուպցիայի կանխարգելումը և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակումը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումը և ոլորտին առնչվող այլ գործառույթների իրականացումը։ Սերբիայում Հակակոռուպցիոն գործակալությունից բացի գործում է նաև կոռուպցիայի  դեմ պայքարի  հանձնաժողով,  որը գլխավորում է վարչապետը:

   Մի շարք պետություններում (Սերբիա, Մակեդոնիա, Մոլդովա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա և այլն) գործող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինների գործառույթների համեմատական վերլուծությունից բխում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմիններն հիմնականում իրականացնում են հետևյալ գործառույթները`  կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ռազմավարությունների և ոլորտային ծրագրերի մշակմանը մասնակցություն,  պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված գործառույթներ, հայտարարագրերի վերլուծություն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վարչական վարույթների հարուցում, կոռուպցիոն բնույթի արարքների վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձանց պաշտպանության իրականացում, կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և  վերապատրաստման ծրագրի մշակմանը մասնակցություն, կոռուպցիայի  կանխարգելման ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:

Հիմք ընդունելով՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և հաշվի առնելով առաջադեմ միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը զարգացնելու նպատակով՝ ՀՀ-ում անհրաժեշտ է ընդունել «Կոռուպցիայի կանխարգելման  և  կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որն առավել ամբողջական և համակարգված կերպով կարգավորում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հարաբերությունները: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ մի շարք միջազգային իրավական ակտերով այդ թվում՝  Եվրոպական գործընկերներն ընդդեմ կոռուպցիայի (EPAC) կազմակերպության սահմանած հակակոռուպցիոն մարմնի չափանիշների համաձայն` հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, իրավասության և գործառույթների ամրագրումը պետք է իրականացվի օրենքի մակարդակով: Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ կոռուպցիայի  դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգում առկա խնդիրները լուծելու նպատակով  առաջարկվել են հետևյալ լուծումները՝

Լուծում 1.1.  Ձևավորել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով» (այսուհետ՝ Հանձնաժողով): Նախագծով առաջարկվել է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» անվանումը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով»  անվանումով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» անվանումը բավականին նեղ է և ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին հնարավորություն չի տալիս իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմնին բնորոշ՝ կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթները: Այս առումով միջազգային փորձի վերլուծությունից բխում է, որ տարբեր պետություններում գործող հակակոռուպցիոն մարմիններն ունեն տարբեր անվանումներ, մասնավորապես՝ Ֆրանսիայում՝ կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական ծառայություն, Մակեդոնիայում՝ կոռուպցիայի կանխարգելման պետական հանձնաժողով, Ալբանիայում՝ հակակոռուպցիոն մոնիթորինգային խումբ, ԱՄՆ–ում՝ կառավարական էթիկայի վարչություն, Բուլղարիայում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ուժերի համակարգման հանձնաժողով: Սակայն, հարկ է նշել, որ անկախ անվանումներից՝ վերը նշված մարմիններն իրականացնում են կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և  կանխարգելիչ, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովման հետ կապված գործառույթներ:

Հաշվի առնելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ միջազգային իրավական ակտերի՝ «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարության», ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի,  «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի, ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերի դրույթները՝ Նախագծով  Հանձնաժողովի ձևավորման և գործունեության հիմքում դրվել են հետևյալ սկզբունքերը՝

          ա) ինքնավարություն, որը ենթադրում է, որ Հանձնաժողովն իր կառուցվածքին,  աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս ինքնավար է, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

բ) կոլեգիալություն, որը ենթադրում է,  որ Հանձնաժողովը գործում է որպես կոլեգիալ մարմին և իր գործունեությունն իրականացնում և որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ.

գ) ֆինանսական ինքնուրույնություն, որը ենթադրում է բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում օրենքով վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովվածություն.

դ) համագործակցություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, որը ենթադրում է, որ   Հանձնաժողովը՝ բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման ոլոտներում  իր լիազորություններն  իրականացնելիս համագործակցում է պետական իշխանության մարմինների հետ՝  միաժամանակ ապահովելով իր գործունեության հրապարակայնությունը  և թափանցիկությունը.

ե)  քաղաքական չեզոքությունը, որը ենթադրում է, որ Հանձնաժողովն ապաքաղաքականացված մարմին է: Հանձնաժողովն իր գործունեության անկողմնակալությունը երաշխավորելու նպատակով քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն:

     Լուծում 1.2. Նախագծով նախատեսվել են Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովվածության իրավական հիմքերը: Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար  բավարար երաշխիքների նախատեսում, մասնավորապես՝     ա) ստեղծել մասնագիտացված աշխատակազմ, բ) ապահովել է հանձնաժողովի ֆինանսական և նյութատեխնիկական  անկախությունը:

Նախագծով նախատեսվել է Հանձնաժողովի համար ստեղծել մասնագիտացված աշխատակազմ, որը կապահովի Հանձնաժողովին վերապահված գործառույթների  իրականացումը: Նախատեսվել է, որ Հանձնաժողովի աշխատակազմում պետական ծառայությունն իրականացվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Նախագծով հստակ երաշխիքներ են նախատեսվել Հանձնաժողովի ֆինանսական անկախության ապահովման համար: Նախատեսվել է, որ Հանձնաժողովը պետք է ունենա սեփական բյուջե և ֆինանսավորվելու է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 Լուծում 1.3. Հանձնաժողովին վերապահվել են կանխարգելման ոլորտում իրավական ակտերի նախագծերի, ռազմավարությունների և ոլորտային ծրագրերի մշակման կոռուպցիայի  կրթական, հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման  գործառույթներ:

  Այս առումով միջազգային փորձի վերլուծությունից բխում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմիններն ունեն ակտիվ դերակատարություն կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակցության ոլորտում: Մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայում գործող կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման գործակալությունը մասնակցում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև պատասխանատու է հակակոռուպցիոն ռազմավարության նախապատրաստման համար: Լատվիայում գործող Կոռուպցիայի կանխարգելման բյուրոն նույնպես ակտիվ դերակատարություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակման և իրավական ակտերի ռիսկայնության գնահատման ոլորտում, մասնավորապես՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման բյուրոն ակտիվորեն աշխատել է Լատվիայի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ և շուրջ հիսուն իրավական ակտերում պարունակվող կոռուպցիոն կամ շահերի հնարավոր բախման դրույթների վերաբերյալ տվել  առաջարկություններ և եզրակացություններ։ Կոռուպցիայի կանխարգելման բյուրոյի հիմնական նպատակներից է նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացումը, հասարակության իրավագիտակցության բարձրացումը, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումը:

Հարավային Կորեայում գործող հակակոռուպցիոն հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում քաղաքացիների մասնակցությունը խթանելու նպատակով կազմակերպում է հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք դրսևորվում են տարաբնույթ քննարկումների, սեմինարների կազմակերպման և այլ ձևերով:

  Այս առումով  բավականին առաջադիմական է նաև Լիտվայի փորձը, որտեղ 2002 թվականին հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման բաժանմունք, որի հիմնական գործառույթն է կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու նպատակով վերլուծությունների իրականացումն ու եզրակացությունների տրամադրումը։ 2014 թվականի ընթացքում կատարվել են շուրջ տասնհինգ ուսումնասիրություններ և տրվել համապատասխան եզրակացություններ։ Հարավային Կորեայում, Սերբիայում և Մակեդոնիայում գործող հակակոռուպցիոն մարմինները նույնպես իրականացնում են կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն իրավական ակտերի մշակման, կրթական ծրագրերի մշակման և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Լուծում 1.4. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում  օժտված  է համակարգում իրականացնելու  իրավասությամբ: Նախագծով նախատեսվել է, որ  Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում համակարգում է Հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովների գործունեությունը: Մասնավորապես՝ Նախագծով նախատեսվել է, որ

  1. Հանձնաժողովը համակարգում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում ստեղծված հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողովների (այսուհետ` էթիկայի հանձնաժողովներ) գործունեությունը:
  2. Հանձնաժողովը համակարգում է իր կողմից ընդունված հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագրքի հիման վրա վարքագծի ոլորտային կանոնագրքերի ընդունման և կիրարկման գործընթացը, այդ թվում՝ հսկողություն է իրականացում վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և դրանց կիրարկման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ընդունված ուղեցույցի պահանջների պահպանման նկատմամբ, սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինների էթիկայի հարցերով պատասխանատուներին ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, պարզաբանումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն, մեթոդական և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն, իրականացնում հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագրքի պաշտոնական մեկնաբանություն, վարքագծի ոլորտային կանոնագրքերի՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագրքին համապատասխանության հարցով մոնիթորինգ:

Այս առումով հարկ է նշել, որ նմանատիպ պահանջ ամրագրված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը և համապատասխան դեպքերում այդպիսի քաղաքականություն իրականացման հսկողությունը և համակարգումը»: Միաժամանակ միջազգային պրակտիկայի վերլուծությունից բխում է, որ մի շարք պետություններում կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինները նույնպես իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների համակարգման գործառույթներ: Օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինայում գործող կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման գործակալությունը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման գործակալության մասին» օրենքի հիման վրա  իրականացնում է համակարգման գործառույթ, որի շրջանակներում կարող է պետական մարմիններից պահանջել և ստանալ  անհրաժեշտ  նյութեր և այլ տեղեկատվություն: Նմանատիպ իրավակարգավորում է նախատեսված նաև Ինդոնեզիայում, որտեղ կոռուպցիայի  վերացման կոմիտեն «Կոռուպցիայի վերացման կոմիտեի» մասին օրենքի հիման վրա համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Լուծում 1.6. Նախագծով նախատեսվել են Հանձնաժողովի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմներ:  

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաջողության հասնելու հիմնական գրավականներից մեկը հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն է՝  Նախագծով անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ապահովման համար: Մասնավորապես, Նախագծում սահմանվել է, որ Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, որը իրականացվում է հետևյալ մեխանիզմների միջոցով՝ զանգվածային լրատվամիջոցների, Հանձնաժողովի կայքէջի միջոցով յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումները տեղադրելով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:

Մի շարք պետություններում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել են որոշակի մեխանիզմներ, մասնավորապես՝ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն նույնպես ղեկավարվում է հրապարակայնության և թափանցիկության  սկզբունքներով։ Ուկրաինայի «Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքի 26–րդ հոդվածի համաձայն` կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն մինչև յուրաքանչյուր տարվա փետրվար ամիսը իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Հանրապետության նախագահին, խորհրդարանին և կառավարությանը։ Հարավային Ուելսում գործող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման համար նույնպես նախատեսվել են հաշվետվողականության տարբեր մեխանիզմներ, որոնք դրսևորվում են հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հասարակությանը և պառլամենտին պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելով: Մոլդովայում գործող ազգային հակակոռուպցիոն կենտրոնը նույնպես իր գործունեության վերաբերյալ  զեկույց է ներկայացնում, որով ներկայացվում են նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները:

      Լուծում 1.7. Նախագծով ամրագրվել են Հանձնաժողովի անդամի անկախության ապահովման անհրաժեշտ երաշխիքներ: Այս առումով կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ  Նախագծով հստակ ամրագրվել են Հանձնաժողովի անդամների լիազորությունների  օրենքով սահմանված կարգով դադարման և դադարեցման հիմքերը, որն ուղղված է Հանձնաժողովի գործունեությանն անհարկի միջամտությունը կանխելուն: Նշված նորմի ամրագրումը անմիջականորեն բխում է «Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ սկզբունքների Ջակարտայի հայտարարություն» դրույթներից, համաձայն որի՝ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների անդամները պետք է ունենան երաշխիքներ՝ կապված լիազորությունների անհիմն դադարեցման հետ և վերջիններիս լիազորությունները կարող են դադարեցվել միայն օրենքով սահմանված կարգով, որը պետք է համարժեք լինի օրենքով հատկապես պաշտպանված, անկախություն վայելող մարմնի լիազորությունների դադարեցման համար նախատեսված ընթացակարգին:

Միաժամանակ, Նախագծով հստակ ամրագրվել են Հանձնաժողովի անդամների անկախության և անձեռնմխելիության երաշխիքներ: Մասնավորապես, նախատեսվել է, Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են կարգապահական խախտման, վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ: Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Հանձնաժողովի համաձայնությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Միաժամանակ,Հանձնաժողովի անդամների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Նախագծով նախատեսվել են Հանձնաժողովի անդամի կողմից պաշտոն զբաղեցնելու համար որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:  Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են սույն օրենքով հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները:

Լուծում 1.8. Նախագծով առավել արդյունավետ մեխանիզմներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից վարույթների հարուցման առումով: Նախատեսվել է, որ վարույթ կարող է հարուցվել հետևյալ հիմքերի դեպքում՝ 1) սեփական նախաձեռնությամբ` իր գործունեության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա. 2) անձի (անձանց) դիմումի հիման վրա. 3) հանրային ծառայողի, բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված խախտման վերաբերյալ տրված հայտարարության հիման վրա: Միաժամանակ,Հանձնաժողովի կողմից վարույթ կարող է հարուցվել նաև անանուն դիմումի հիման վրա, եթե դիմումում նշված հանգամանքները և կցված ապացույցներն ինքնին կամ Հանձնաժողովի համար մատչելի այլ տեղեկատվության հետ համակցության մեջ առաջացնում են սույն օրենքի խախտման փաստի վերաբերյալ հիմնավոր կասկած:

 Նախատեսվել է, որ վարույթի արդյունքում Հանձնաժողովը կարող  է ընդունել որոշում  և տալ եզրակացություն:  Նախատեսվել է, որ այն դեպքում, երբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ,  իրավասու մարմնին տալիս է համապատասխան եզրակացություն՝ խախտում կատարած հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկությամբ: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Հանձնաժողովը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը և արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու պահից 30-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

Միաժամանակ նախատեսվել է, որ Հանձնաժողովի որոշումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան այն հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, որի վարքագծի վերաբերյալ այն կայացվել է: Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել նաև Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:

        Այս առումով միջազգային փորձի վերլուծությունից բխում է, որ մի շարք պետություններում հակակոռուպցիոն մարմիններն արդյունավետ կերպով հսկողություն են իրականացնում հանրային ծառայողների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում հարուցում վարույթներ, մասնավորապես՝ Լատվիայում Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքի 8–րդ հոդվածի համաձայն՝ իրավասու է հարուցել վարույթ, որի արդյունքում կարող է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառել, որոնք ենթակա են անմիջական կատարման: Սլովենիայում գործում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը  «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարուցում է վարչական վարույթներ և կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ:

   Լուծում 1.9. Նախագծում սահմանվել է Հանձնաժողովի՝ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց (այսուհետ՝ ազդարարներ) միասնական էլեկտրոնային հարթակի վարման  հետ կապված գործառույթներ:

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի խթանման տեսանկյունից կարևորություն ունի ազդարարների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների սահմանումը:  Նմանատիպ գործառույթներ իրականացնում է  նաև մի շարք պետություններում գործող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինները (Հոնգ Կոնգ, Մալայզիա):

Նախագծով Հանձնաժողովին իրավասություն է վերապահվել վարել Ազդարարների միասնական էլեկտրոնային հարթակը, և իր իրավասության շրջանակում անանուն հաղորդումների հետագա ընթացքի ապահովումը: Մասնավորապես՝ Հանձնաժողովը օրենքով սահմանված  կարգով վարում է  ազդարարների անանուն հաղորդումների միջազգայնորեն սերտիֆիկացված միասնական էլեկտրոնային հարթակը: Հանձնաժողովն ապահովում է անանուն հաղորդումների միջազգայնորեն սերտիֆիկացված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրեն հասցեագրված անանուն հաղորդումների հետագա ընթացքը՝ Հանձնաժողովի համար մատչելի տեղեկատվության միջոցով ստուգելով դրանց արժանահավատությունը:

Ազդարարների պաշտպանության գործառույթներ իրականացնում են նաև մի շարք պետություններում գործող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինները (Հոնգ Կոնգ, Մալայզիա):

 

Լուծում 2. Նախագծով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել գույքի և  եկամուտների հայտարարագրման ոլորտների հետ կապված: Նախագծով նախատեսվել են հետևյալ փոփոխությունները.

ա) Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնում: Նախագծով նախևառաջ ներմուծվել է «հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք» հասկացությունը, որը ներառում է հայտարարագր ներկայացնելու պարտականույուն ունեցող անձանց առավել ընդգրկուն ցանկ: Նշված ցանկը մշակելու համար հիմք են հանդիսացել ինչպես առկա միջազգային փորձը, այնպես էլ նախապես մշակված մի շարք չափանիշներ:

 Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող «Ծրագրային համագործակցության շրջանակ» ծրագրի ընթացքում մշակված «Շահերի բախման վերաբերյալ» մոդելային օրենքի (այսուհետ՝ նաև Մոդելային օրենք) համաձայն՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր հանրային ծառայողները, բացառությամբ` ցածր վարձատրություն ունեցող հանրային ծառայողների: Վերջիններիս համար բացառություն նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք չունեն ո¢չ բավարար եկամուտ, ո¢չ էլ բավարար լիազորվածություն՝ հնարավոր կոռուպցիոն գործողութւոններ իրականացնելու համար: Միաժամանակ,  վարձատրությունը դիտարկվում է որոշումների կայացման լիազորվածության ցուցիչ. սովորաբար, որքան ցածր է վարձատրությունը, այնքան ավելի քիչ են պաշտոնատար անձի` որոշումների կայացման լիազորությունները: Հետևելով նշված մոտեցմանը` Մոդելային օրենքով առաջարկվում է հայտարարագրման պարտականություն սահմանելիս հաշվի առնել նաև վարչատրության չափը և որոշումների կայացման լիազորությունը: Բացի այդ, հայտարարագրման պարտականությունը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն հանրային ծառայության պաշտոնի և վարձատրության վրա, այլև կոնկրետ աշխատանքի բնույթով պայմանավորված ռիսկի տեսակի, քանի որ միևնույն պաշտոն և վարձատրություն ունեցող հանրային ծառայողները կարող են կանգնել տարբեր ռիսկային իրավիճակների առջև: Ուստի, «Շահերի բախման վերաբերյալ» մոդելային օրենքով առաջարկվում է հայտարարագրման պարտականություն սահմանելիս առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

  1. որոշումների կայացման լիազորությունների առկայությունը կամ դրանց վրա ազդեցությունը,
  2. երրորդ անձանց (այդ թվում` կազմակերպությունների) հետ շփումները` կապված համապատասխան գերատեսչության կողմից ծառայությունների մատուցման, պայմանագրերի կնքման և այլ գործունեության հետ,
  3. թույլտվությունների (լիցենզիաների) տրամադրումը, գործունեության նկատմամբ հսկողության և մոնիթորինգի իրականացումը,
  4. խոշոր ֆինանսական միջոցների տնօրինումը, հարկերի, տուրքերի և այլ վճարների սահմանումն ու գանձումը,
  5. սուբսիդիաների, պարգևատրումների կամ այլ միջոցների, կոնցեսիաների տրամադրումը,
  6. երրորդ անձանց համար ոչ մատչելի տեղեկատվության օգտագործմամբ գործունեության իրականացումը և այլն:

Մոդելային օրենքով նախատեսած վերոնշյալ չափանիշները հաշվի են առնվել հայտարարագրման պարտակականության նոր շրջանակ սահմանելիս: Հայտարարագիր ներկայացնող անձանց նման լայն շրջանակի  անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև միջազգային փորձով:  Այսպես, Լիտվայի[1] օրենսդրության համաձայն՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը նախատեսված է հանրային քաղաքական պաշտոնյաների, քաղաքական պաշտոնների թեկնածուների, քաղաքացիական ծառայողների, դատական կատարածուների, նոտարների, դատավորների, դատախազների, զինվորական ծառայողների, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների, կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման  մարմինների անդամների, Եվրոպական Խորհրդարանի անդամների և այդ բոլոր պաշտոնյանաերի ընտանիքի անդամների համար:

Ռումինայում հայտարարագիր ներկայացնող են հանդիսանում երկրի նախագահը, նրա խորհրդականները, խորհրդարանի անդամները, կառավարության անդամները, վարչապետի աշխատակազմի մեջ ներառված պետական խորհրդականները, դատավորները, դատախազները, նրանց օգնականները և օժանդակող անձնակազմը, Օրենսդիր խորհրդի նախագահը և բաժինների նախագահները, մարդու իրավունքների պաշտպանն ու իր տեղակալները, օրենքով ստեղծված խորհուրդների, ծառայությունների նախագահներն ու անդամները, հանրային կրթական և առողջապահական պետական միավորներում ղեկավար կամ առաջատար պաշտոններ զբաղեցնող անձինք, Ոստիկանապետի գրասենյակի անձնակազմը, ինչպես նաև ազգային կամ տեղական շահերի հետ կապված պետական կազմակերպություններում, ազգային կազմակերպություններում, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում առաջատար պաշտոններ զբաղեցնող անձինք: Հայտարարագրեր  են ներկայացնում նաև մարզպետները և նրանց տեղակալները, Ռումինիայի Ազգային Բանկի խորհրդի անդամները և տնօրենները, մասնավորեցման ընթացակարգում ներգրավված հանրային հաստատությունների անձնակազմը, Ռումինիայի նախագահի թեկնածուները, պատգամավորի թեկնածուները. Սենատորի թեկնածուները, Եվրոպական Պառլամենտի անդամները, լոկալ խորհրդականը, քաղաքապետները, մի շարք այլ հանրային պաշտոնյաներ:

Վրաստանում[2] «Հանրային ծառայությունում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքով գույքի հայտարարագրման պարտավորություն ունեցող պաշտոնատար անձինք են հանդիսանում Հանրապետության նախագահը, կառավարության անդամները, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների անդամները և գործադիր իշխանությունների ղեկավարները ու նրանց տեղակալները, վարչապետը և նրա տեղակալը, նախարարները և նրանց տեղակալները, նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, նախարարությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալները և նրանց հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձինք, պետական դեպարտամենտի նախագահը, պետական տեսչության ղեկավարը և նրա տեղակալները, նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները և նրանց հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ անձինք, նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալները, վարչության պետերը և նրանց հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձինք, Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների գերատեսչությունների, բյուրոների, հիմնական բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները նրանց տեղակալները և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք, Պետական եկամուտների ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, ինչպես նաև հարկային բաժնի ղեկավարը, նաև Ազգային բանկի նախագահը և խորհրդի անդամները, Նախագահի քննարկումների վարչության անդամները, արդարադատության բարձրագույն խորհրդի անդամները, Վրաստանի անկախ կարգավորող հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը, նրա տեղակալները և հանձնաժողովի անդամները, Տարածքային կառավարման մարմնի ղեկավարը և նրա տեղակալները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները և տեղակալները, քաղաքապետերի և նրանց տեղակալների, ինչպես նաև քաղաքապետարանների աշխատակազմի ղեկավարները և նրանց տեղակալները, դատավորները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատախազության վարչությունների պետերը և նրանց հավասարազոր պաշտոնյաները, ինչպես նաև տարածաշրջանային դատախազները, Վրաստանի սահմանադրության դրույթների հիման վրա նշանակված, ընտրված պաշտոնյաները:

Նշված օտարերկրյա պետությունների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայտարարագրման պարտականություն սահմանվում է հանրային ծառայողների բավականին լայն շրջանակի համար: Ուստի, վերոգրյալ չափանիշներից և միջազգային փորձից ելնելով՝ մշակվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Այս փուլում հայտարարագրման պարտականություն է նախատեսվել  առավելապես հանրային ծառայությանյան բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ հաշվի առնելով վերջիններիս որոշումներ կայացնելու լիազորությունը, բարձր վարձատրությունը և ազդեցությունը իրենց գործունեության ոլորտում: Այսինքն,  հայտարարագրման պարտականություն է սահմանվել նաև այն հանրային ծառայողների համար, ովքեր չեն հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձ, սակայն իրենց գործառույթների և լիազորությունների բնույթով պայմանավորված՝ գտնվում են ռիսկային գոտում, և հանրային ծառայության համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նկատառումներով նպատակահարմար է վերջիններիս ներառել հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկում: Մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության, դատական ծառայության, դիվանագիտական ծառայության  բոլոր բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք ներառվել են վերոնշյալ ցանկում:

Այնուամենայնիվ, հատուկ ծառայություններում հայտարարագրման շեմը ավելի ցածր է դրվել՝ հաշվի առնելով այդ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նման կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ծառայություններում որոշումներ կայացնելու հնարավորությամբ, լայն հայեցողությամբ և լիազորություններով օժտված են նաև ավելի կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձինք: Նման նկատառումներից ելնելով, հայտարարագրման պարտականություն նախատեսվել է նաև բոլոր քննիչների և դատախազների համար:

Վերոգրյալ միջազգային փորձի հիման վրա և պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակովվ այտարարագրման պարտականություն է սահմանվել նաև հանրապետական գործադիր մարմիններում պետական գնումների համակարգող ստորաբաժանումների աշխատակիցների համար:

  բ) Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձի՝ հայտարարագրման պարտականություն ունեցող ընտանիքի անդամների ցանկի փոփոխություն:  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բխում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի, եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեն միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ընդ որում՝ վերջիններիս հայտարարագրում իրենց ակտիվների և եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն լրացնելու պարտականությւոն ունեն նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը։ Մինչդեռ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը» շրջանակը հայտարարագրման տեսանկյունից խիստ հայեցողական է: Ավելին, բացակայում են համատեղ ապրելու հանգամանքը բնորոշող կոնկրետ չափանիշները, իսկ «չափահաս և չամուսնացած» հայտանիշը չի կարող հիմք հանդիսանալ հայտարարագիր պահանջելու համար: Ընտանիքի անդամ հանդիսացող անչափահասների գույքը, ստացված եկամուտները ներկայումս  հայտարարագրման ենթակա չեն: Հայտարարագրման ենթակա չեն նաև պաշտոնատար անձի՝ փաստացի, չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձի գույքն ու եկամուտները: Անձանց այդ շրջանակի կողմից հայտարարագիր չներկայացնելու հանգամանքը առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և գույքի և եկմուտների թաքցնելու հնարավորություն, ինչպես նաև խաթարում է հայտարարագրերի արդյունավետ վերլուծության և վերահսկողության հնարավորությունը: 

Ուստի վերոգրյալ խնդրի լուծման նպատակով Նախագծով նախ և առաջ նախատեսվել է ներդնել «ընտանիքի կազմ» հասկացությունը՝ դրա ներքո ներառելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի ամուսնուն, զավակին, ծնողին, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց. ինչպես նաև նրա հետ համատեղ բնակվող այլ անձանց: Վերջիններս նախագծով դիտարկվել են որպես հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք: Նախագծի իմաստով համատեղ բնակվող են դիտարկվել վերջին տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող և համատեղ տնտեսություն վարող անձինք: Ուստի տվյալ դեպքում հայտարարագիր լրացնելու պարտականություն կկրեն նաև չգրանցված ամուսնության մեջ գտնվող սակայն համատեղ ապրող ամուսնինները,ինչպես նաև երեխաները կամ ծնողները: Այսպիսով, ընդլայնվել և առավել հստակ է դարձել այն անձանց շրջանակը, ովքեր պաշտոնատար անձի հետ պետք է ներկայացնեն հայտարարագիր:

Որպես հայտարարագիր ներկայացնող դիտարկվել է պաշտոնատար անձը՝ միաժամանակ «ընտանիքի կազմ»-ի մեջ մտնող անձանց համար սահմանելով պաշտոնատար անձի կողմից ներկայացվող հայտարարագրում իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն՝ սահմանելով նշված անձանց պատասխանատվությունն իրենց առնչվող տվյալների իսկության համար, բացառությամբ անչափահաս անդամների, որոնց վերաբերյալ տվյալների արժանահավատության պատասխանատուն հայտարարատու պաշտոնատար անձն է: Նախագծով սահմանվել է  նաև հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունը՝ տրամադրելու իր փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն: Այդ անձանց շրջանակը ևս վերանայվել է:

Հայտարարագիր ներկայացնող անձանց նման լայն շրջանակի  անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև միջազգային փորձով:

Այսպես՝ Լիտվայում հայտարարագիր ներկայացնող ընտանիքի անդամներ են հանդիսանում պաշտոնատար անձի ամուսինը և երեխաները, այդ թվում՝ որդեգրված երեխաները, որոնց 18 տարին չի լրացել և ովքեր ապրում են պաշտոնատար անձի հետ[3]: Ուկրաինայում տվյալ իմաստով ընտանիքի անդամների թվին են դասվում ամուսինը և չամուսնացած երեխաները, որոնք ապրում են մի հարկի տակ, այդ թվում՝ փաստացի ամուսինը[4]: Վրաստանի օրենսդրության համաձայն, պաշտոնատար անձը պարտավոր է պաշտոնի անցնելուց երկու ամսվա ընթացքում ներկայացնել իր և իր ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագիր: Ընտանիքի անդամներ են հանդիսանում վերջինիս ամուսինը, անչափահաս կամ որդեգրված երեխան,  և նրա հետ մշտական բնակության իրավունքով բնակվող այլ անձինք:[5] Սլովենիայի օրենսդրության համաձայն, եթե պաշտոնատար անձի ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ կասկածներ են առաջանում,  լիազոր մարմինն իրավունք ունի պահանջել նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը: Օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամ տվյալ դեպքում հանդիսանում է պաշտոնատար անձի ամուսինը, երեխաները, որդեգրված երեխաները, ծնողները, եղբայրը և քույրը, ինչպես նաև միևնույն վայրում նրա հետ բնակվող այլ անձինք, այդ թվում ՝ փաստացի ամուսինը[6]: Նոր Զելանդիայում պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց, ամուսինների և կախյալ երեխաների գույքը և եկամուտները: Ղազախստանում, հայտարարագրման համակարգի բացերը լրացնելու համար, նախատեսվում է համընդհանուր հայտարարագրման պարտականություն սահմանել բոլոր քաղաքացիների համար:

գ) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրի վարման գործառույթի նախատեսում: Հաշվի առնելով, որ հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը հայտարարագրերի ռեեստրի անխզելի տարրն է, Նախագծով սահմանվում է Հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրի վարման գործառույթը և ռեեստրի պատշաճ վարման նպատակով պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարների՝ իրենց մարմիններում  հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակման կամ դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում վերջինիս ներկայացնելու պարտականությունը:

դ) Հայտարարագրերի ներկայացման ժամկետների փոփոխություն: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետները բավականին կարճ են: Օրինակ՝ Լիտվայի համապատասխան օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, իսկ պաշտոնի ստանձնման դեպքում՝ մեկ ամիսը, Վրաստանի օրենսդրության համաձայն, պաշտոնատար անձը պարտավոր է պաշտոնի անցնելուց երկու ամսվա ընթացքում ներկայացնել իր և իր ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագիր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարագիրը հանձնում են պաշտոնը ստանձնելուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ ամենամյա հայտարարագիրը՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ զգալիորեն ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնող անձանց ցուցակը՝ Նախագիծով երկարացվում են հայտարարագրերի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետները:

ե) Հայտարարագրերի ձևի, դրանց փոփոխության և հրապարակման կանոնների սահմանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով նախատեսված չէ հայտարարագրի ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրում փոփոխություններ կատարելու կարգը՝ Նախագծով հայտարարագրի ձևանմուշը և դրանում փոփոխություններ կատարելու կարգը սահմանելու իրավասությունը վերապահվել է Հանձնաժողովին:

Լուծում 2.1 Նախագծով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել շահերի բախման կատարելագործման և հայտարարագրման հետ կապված: Նախագծով սահմանվել է, որ շահերի հայտարարագրեր ներկայացնում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք, որպիսիք, ըստ էության, առավել ռիսկային պաշտոններ զբաղեցնող անձինք են, որի հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝  որոշումների կայացման լիազորությունների առկայությունը կամ դրանց վրա ազդեցությունը, երրորդ անձանց (այդ թվում` կազմակերպությունների) հետ շփումները` կապված համապատասխան գերատեսչության կողմից ծառայությունների մատուցման, պայմանագրերի կնքման և այլ գործունեության հետ, թույլտվությունների (լիցենզիաների) տրամադրումը, գործունեության նկատմամբ հսկողության և մոնիթորինգի իրականացումը,  խոշոր ֆինանսական միջոցների տնօրինումը, հարկերի, տուրքերի և այլ վճարների սահմանումն ու գանձումը, սուբսիդիաների, պարգևատրումների կամ այլ միջոցների, կոնցեսիաների տրամադրումը, երրորդ անձանց համար ոչ մատչելի տեղեկատվության օգտագործմամբ գործունեության իրականացումը և այլն:

      ա) Նախագծով հստակ սահմանվել է շահերի բախման հասկացությունը: Մասնավորապես նախատեսվել է, որ շահերի բախումը իրավիճակ է, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողն ունի իր, իրեն փոխկապակցված անձի կամ երրորդ անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) հետ կապված մասնավոր շահ (ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն), որն ազդում է կամ առերևույթ ազդում է կամ ողջամտորեն կարող է ազդել իր պաշտոնեական լիազորությունների պատշաճ, օբյեկտիվ և անաչառ իրականացման վրա (առկա է բախում հանրային և մասնավոր շահերի միջև: Նախագծով նոր մեխանիզմներ են նախատեսվել շահերի բախման կանխարգելման և կառավարման հետ կապված: Մասնավորապես, Նախագծով նախատեսվել է շահերի բախման կանխարգելման և կառավարման  հետևյալ միջոցներ՝

      1) շահերի բախման իրավիճակում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) կարգավիճակի փոփոխումը (այդ թվում՝ ռոտացիայի և ժամանակավոր գործուղման միջոցով),

      2) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման՝ սահմանված կարգով կասեցումը,

     3) շահերի բախման հետևանքով ստացված օգուտից հրաժարվելը՝ ելնելով հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից և այլ միջոցներ:

բ) Նախագծով նախատեսվել է շահերի հայտարարագրման մեխանիզմ: Նախագծով նախատեսվել է, որ  հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվանից մեկ տարի անց իր շահերի հայտարարագիրը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողով:  Հայտարարագրման ենթակա է ցանկացած մասնավոր շահ, որը համանման հանգամանքներում ողջամտորեն կարող է դիտարկվել որպես շահերի բախման իրավիճակի առաջացման վտանգ պարունակող` ազդելով հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի օբյեկտիվության և անաչառության վրա: Միաժամանակ Նախագծով հստակ նախատեսվել է շահերի հայտարարագրի բովանդակությունը:

    2.2 Նախագծով վերանայվել է նվերների հասկացությունը և նախատեսվել  է նվերների հաշվառման համակարգ: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից չորրորդ գնահատման փուլի շրջանակում «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների եվ դատախազների շրջանում» թեմայով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով տրված հանձնարարականներով առաջարկվել է․

…XVI. որ հետագայում մշակվեն պատգամավորների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու նկատմամբ կիրառվող կանոններ, որպեսզի հնարավոր լինի տալ այնպիսի հստակ սահմանումներ, որոնք կընդգրկեն ցանկացած օգուտ, այդ թվում՝ բնաիրային օգուտներն ու փոխկապակցված անձանց տրամադրվող օգուտները, կներմուծեն մոնիթորինգ իրականացնող համապատասխան մարմին ստացված նվերների մասին հաղորդում ներկայացնելու պահանջ, իսկ դատավորներին առնչվող հատուկ դեպքում՝ կնվազեցվեն գործող այն շեմերը, որոնց դեպքում պահանջվում է հաղորդում ներկայացնել (...)»

Նախագծում «նվեր» հասկացության բնորոշումը տրվել է դրանում հետևյալի հաշվառման նկատառումներով.

  1. Նվեր պետք է համարել ոչ միայն անմիջականորեն պաշտոնատար անձին, այլև վերջինիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց տրված գույքային առավելությունները, քանի որ դրանք ևս կարող են ազդել նվիրատուի հետ հարաբերություններում պաշտոնատար անձի անաչառության վրա. ընդ որում, գույք հասկացությունն ընդգրկում է դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
  2. Նվեր կարող է համարվել միայն այնպիսի գույքային առավելությունը, որը տրվում է առանց համարժեք փոխհատուցման. հանդիպական բավարարմամբ տրվող առավելությունները չեն կարող համարվել նվերներ.
  3. «Նվեր» եզրույթում ներառվող գույքային առավելությունների տեսակների ընդլայնում` դրանում ներառելով նաև հյուրընկալությունը և ցանկացած այլ օգուտները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնատար անձի մոտ դրա հետ կապված շահագրգռվածություն կարող է առաջանալ նաև այլ` ցանկացած տեսակի գույքային առավելությունների տրամադրման արդյունքում:

Նախագծում հստակ տարանջատվել են պաշտոնեական կարգավիճակի և լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին տրված նվերները և անձնական նվերները, որոնք էլ, իրենց հերթին, ունեն որոշակի արժեքային սահմանափակում (Բացի մերձավոր ազգականներից ստացված նվերների):

Նվերների հաշվառման ինստիտուտի նախատեսումը պայմանավորված է պաշտոնատար անձի կողմից ստացվող նվերների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման անհրաժեշտությամբ: Հնարավոր են դեպքեր, երբ միանվագ ստացվող նվերներն իրենց արժեքով չեն գերազանցում օրենքով նախատեսված ընդհանուր շեմը, սակայն որևէ սուբյեկտից առանձին-առանձին ստացվող նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է այդ շեմը: Տվյալ դեպքում անհնարին է դառնում պաշտոնատար անձի կողմից ստացվող նվերների իրական արժեքի վերաբերյալ պատկերացում կազմելը և դրանք պատշաճ կերպով վերահսկելը: Ուստի, նվերների գրանցման և հաշվառման ինստիտուտի նախատեսումը հնարավորություն կընձեռի վերահսկելի դարձնել պաշտոնատար անձի կողմից ստացվող նվերների իրական արժեքը:  Այս առումով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնատար անձը, որը ստացել է սահմանված արժեքը գերազանցող նվեր, համապատասխան մարմնին ներկայացնում է նվիրատուի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` կարգավիճակը կամ զբաղեցրած պաշտոնը, նվերի նկարագրությունն ու արժեքը, այն ստանալու առիթը և տվյալ անձից ստացված նվերների ընդհանուր արժեքը` օրացուցային տարվա ընթացքում:

  1. Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծի լիարժեք իրացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նաև համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում,Ազգային ժողովի կանոնակարգ», Հանրային ծառայության մասին», Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին», Իրավական ակտերի մասին», Արժեթղթերի շուկայի մասին», Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում:

 

       Ակնկալվող արդյունքը

            Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում բարեվարքության  խթանման և կոռուպցիայի կանխարգելման նպատակով կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որը կիրականացնի պաշտոնատար անձանց բարեվարքության  խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթները, որի իրականացումը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների խթանմանը, կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, հանրային ծառայողների   կարգապահության  և բարեխղճության ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հանրային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգի ձևավորմանը:

                                                         

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»,  ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին»,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության  օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»,  ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին»,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության  օրենքների ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում  է նախատեսվում:

 

[1] Տե՛ս http://policy.mofcom.gov.cn/GlobalLaw/english/flaw!fetch.action?id=1352DA9F-B62E-48BA-A868-45549402D2D4#1352DA9F-B62E-48BA-A868-45549402D2D4

 

[2] Տե՛ս http://csb.gov.ge/uploads/Law_of__Georgia_on_Conflict_of_Interest_and_Corruption.pdf

[3]Տե՛ս http://policy.mofcom.gov.cn/GlobalLaw/english/flaw!fetch.action?id=1352DA9F-B62E-48BA-A868-45549402D2D4#1352DA9F-B62E-48BA-A868-45549402D2D4

[4] Տե՛ս http://www.oecd.org/corruption/anti-bribery/47489446.pdf

[5] Տե՛ս http://csb.gov.ge/uploads/Law_of__Georgia_on_Conflict_of_Interest_and_Corruption.pdf

[6]Տե՛ս http://documents.worldbank.org/curated/en/664561468340842190/pdf/774620PUB0EPI00LIC00PUB0DATE0503013.pdf

  • Discussed

    20.03.2017 - 05.04.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 19235

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.e-draft.am վեբ կայքը դեռևս հայտնի չէ հանրության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանում, առաջարկում ենք սույն օրենքի նախագիծը դարձնել հանրային քննարկման առարկա քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների, ինչպես նաև` 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ուժերից երկուսը իրենց նախընտրական ծրագրերում նախատեսել են հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը: Անհրաժեշտ է ընդգծել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստ են հանձն առնել վերոնշյալ հանրային քննարկումների կազմակերպումն ու անցկացումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Նախագծում առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի կազմի հետ կապված Առաջարկվող նախագծի համաձայն` հանձնաժողովը կազմված է 5 անդամից: Հարց է առաջանում, թե ինչու՞ է թվակազմը որոշվել 5 անդամ այն դեպքում, երբ բացակայում են հիմնավորումները տվյալ թվակազմի վերաբերյալ: Ավելին, վերոնշյալն ուղղակիորեն կրկնօրինակում է ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ կարգավորումները: Ընդ որում, հանձնաժողովի անդամ ի սկզբանե կարող էր նշանակվել 30 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին։ Հանձնաժողովի անդամ դառնալու համար նախագծով առաջարկվող «առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ» կարգավորումը թերի էր, ըստ մեզ, քանզի այն չէր պարունակում պահանջ մասնագիտական` հակակոռուպցիոն գործունեության ստաժի մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական ստաժի պահանջներին, մենք առաջարկել ենք նախատեսել առնվազն 35 տարեկան լրացած լինելու պահանջ: Ներկայիս կարգավորմամբ նշված է, որ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 3-ը հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի։ Գտնում ենք, որ 5 տարվա աշխատանքային ստաժի ժամկետը, որից ընդամենը 3-ը հակակոռուպցիոն ոլորտի, խիստ անբավարար է նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար: Բացի այդ, ողջամտորեն հարց է առաջանում, թե ինչու՞ մեր այն դիտարկմանն ի պատասխան, ըստ որի անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական 10 տարվա ստաժի պահանջներին, որոշվել է ոչ թե 5 տարով ավելացնել տարիքին վերաբերվող պահանջը, այլ` փոխարենը նվազեցնել ստաժի տարիները: Օրինակ, Մոլդովայում անհրաժեշտ է 10 տարվա աշխատանքային ստաժ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

05.04.2017

Առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի ներքին հաշվետվողականության հետ կապված Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է ներքին հաշվետվողականության սկզբունքը, այն է` մարմնի կողմից պետք է մշակվեն կանոններ և ընթացակարգեր, ներառյալ՝ մոնիթորինգ և կարգապահական պատասխանատվության հնարավորություն, որոնք կկանխեն լիազորությունների չարաշահումը: Տվյալ իրավակարգավորմամբ առաջարկվում է հետևյալը. Հանձնաժողովում խախտումները և լիազորությունների չարաշահումը կանխելու, ռիսկերի կառավարման, հսկողության և այլ նպատակներով Հանձնաժողովի նախագահի ենթակայությամբ գործում է ներքին աուդիտի համակարգ: Հաշվի առնելով ներքին աուդիտի դերը հանձնաժողովի թափանցիկ և հաշվետու աշխատանքի ապահովման հարցում, առաջարկում ենք օրենքի մակարդակով մանրամասն կարգավորել ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները, այդ թվում նաև` սահմանելով նաև ներքին աուդիտի իրականացնողներին/ վարչություն/բաժին:

See more