ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքում (այսուհետև՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված դեպքերում և» բառերը փոխարինել «սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
- Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:»:
- Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «աղբյուրը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդ որում հաշվետվության տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ստացման աղբյուրի հատվածը բաղկացած է հրապարակային և ոչ հրապարակային հատվածներից: Հաշվետվության հրապարակային հատվածը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ իրականացրած մուտքերի չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը ներառում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրականացրած մուտքի չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը, որոնք հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ և որի մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ օրենքով սահմանված կարգով: Կայքում հրապարակվող հաշվետվության մեջ տարեկան մուտքերի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող Կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում» բառերով:
- Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի`
1) 5-րդ կետում «հունվարի 1-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ի» բառերով.
2) 5-րդ կետում «նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին» բառերը փոխարինել «Կազմակերպության անդամների, կառավարման մարմիններում և աշխատակազմում ընդգրկված անձանց, կամավորների անուններն ու ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանք օգտվել են Կազմակերպության դրամական միջոցներից.» բառերով:
- Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կազմակերպություններն իրավունք ունեն Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իրենց գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր:»։
- Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: