Add to favourites

Under development

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

16.12.2016թ. ընդունված և 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում առաջացել են բազմաթիվ իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրներ, որոնց լուծումը անհրաժեշտություն է առաջացրել կազմելու և մշակելու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:

Միաժամանակ, սույն հիմնավորմամբ ներկայացվող օրենսդրական նախաձեռնության նախագծային փաթեթում ներառվել են Հայաստանի Հանրապետությունում ներբնակավայրային նշանակության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր: Մասնավորապես՝  «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  տարանջատում է աշխարհագրական օբյեկտները ըստ կատեգորիաների, որոնցից մեկը համարվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների՝ այդ թվում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների անվանակոչման և անվանափոխման լիազորությունը  համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի վերապահված է համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը, բացի այդ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով համայնքի ավագանուն է վերապահված նաև համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը:

Իրավակիրառ պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները՝ համայնքային նշանակության փողոցները, պողոտաները, ինչպես նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպությունները անվանակոչվում են դեռևս կենդանի, սակայն պետության կամ տվյալ համայնքի կենսագործման և զարգացման գործում էական ներդրում ունեցած   նշանավոր անհատների  անուններով: Մինչդեռ «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է հետևյալը. «Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:»: Վերը նշված օրենքից ելնելով,  ՀՀ կառավարության կողմից  29 դեկտեմբերի 2005 թվականին ընդունվել է N 2387-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Այդ որոշմամբ  սահմանված կարգով ներբնակավայրային որևէ օբյեկտ կարող է անվանակոչվել ականավոր որևէ անհատի անվամբ, նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Փաստորեն առկա է հստակ հակասություն օրենքի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի միջև, մի կողմից օրենքով սահմանվում է առնվազն 5 տարվա պարտադիր ժամկետը, մյուս կողմից ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է առնվազն 10 տարվա պարտադիր ժամկետը:

Այնուհանդերձ, բացի վերը նշված օրենսդրական սահմանափակումներից և հակասություններից, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող դեպքերը երբեմն լինում են բացառիկ, և հետևաբար բացառիկության սկզբունքը հաշվի առնելով այդ անվանակոչումները փաստորեն իրականացվում են գործող օրենսդրության խախտման պայմաններում:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված է, որ համայնքի ղեկավարը՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման։ Սակայն նույն օրենքի՝ համայնքի ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածում ավագանու համար նման լիազորություն սահմանված չէ։ Նախագծով առաջարկվում է ավագանու լիազորությունները լրացնել նոր կետով, որով ավագանուն կտրվի համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու լիազորություն:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները, որի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է համայնքի ավագանու անդամին միաժամանակ աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայի մի շարք դեպքեր, երբ համայնքի ավագանու անդամը միաժամանակ զբաղեցրել է մարզպետի օգնականի կամ խորհրդականի պաշտոն, ինչպես նաև  նպատակ ուենալով ապահովել պետություն-ՏԻՄ փոխհարաբերակցության հավասարակշռությունը, անհարկի միջամտությունից խուսափելը և պետական շահերը համայնքային մակարդակում չիրացնելու հանգամանքները, առաջարկվում է լրացում կատարել վերը մեջբերված սահմանափակման մեջ, լրացնելով նաև պետական կառավարման մարմիններում աշխատելու սահմանափակումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է, որ «Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝ նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից.»: Սակայն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու քվեարկություններին: Այլապես ավագանու անդամը կարող է մասնակցել նիստերին, սակայն չմասնակցել քվեարկություններին: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում՝ «նիստերին» բառից հետո լրացնել «և քվեարկություններին» բառերը:

Գործող օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և դադարումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես՝ 2018 թվականի հուլիս ամսին, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել էր հրաժարականի դիմում, որի հիման վրա համայնքի ավագանին չէր կազմել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, այլև կազմել էր համայնքի ղեկավարի հրաժարականը չընդունելու վերաբերյալ արձանագրություն: Վերջինս՝ օրենքով  նման իրավասությամբ օժտված չի: Արդյունքում, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ավագանին ուղղակիորեն ըստ իր կամքի չի կազմում համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրությունը: Նման դեպքերից խուսափելու և հնարավոր բոլոր իրավիճակները օրենքի կարգավորման առարկայի շրջանակում ներառելու նպատակով, առաջարկվում է փոփոխություններ կատարել 26-րդ հոդվածում: Առաջարկվում է ընթացակարգը փոխել հետևյալ խմբագրությամբ և տրամաբանությամբ, «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում  համայնքի ավագանին երեք աշխատանքային օրից կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմելու դեպքում երեք աշխատանքային օրից օրենքի ուժով հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում համայնքի ղեկավարի կողմից իր հրաժարականը հաստատելու պարագայում՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ ընդունվում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում: Ավագանու նիստ չկայանալու կամ որոշում չընդունելու պարագայում՝ համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Ավագանու նիստը չկայանալու կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը չընդունվելու մասին արձանագրությունը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում են մարզպետարան:»:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մասով, գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    27-րդ հոդվածը սահմանում է պաշտոնակատար նշանակելու ժամկետը, նախատեսվում է նախագծով «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:»: Փաստորեն, անկախ անհրաժեշտությունից նորընտիր համայնքի ղեկավարը մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վերը նշված փաստաթղթերը: Նախագծով առաջարկվում է օրենքի նշված հոդվածը խմբագրել, հանելով պարտադիր փոփոխություն կատարելու վերաբերյալ դրույթը, սահմանելով, որ համայնքի ղեկավարը ըստ անհրաժեշտության մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում  այդ փոփոխությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է, որ «Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:», իսկ օրենքի 7-րդ հոդվածի    1-ին մասով սահմանվել է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում: Համայնքի ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը կարող է կազմակերպել այլ վայրում:» Սակայն օրենքի 18-րդ հոդվածում, որպես համայնքի ավագանու լիազորություն, չի սահմանվել համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի ու վարչական ղեկավարի նստավայրերը որոշելու իրավասությունը: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝ «որոշում է համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի ու վարչական ղեկավարի նստավայրերը»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված է, որ «Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը՝ օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.»: Աշխատակազմի հայեցողական և համայնքային ծառայության պաշտոններում նշանակման և ազատման իրավասությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, սակայն աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: Արդյունքում առանձին դեպքերում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի միջև տարաձայնություններ են առաջանում վերջիններիս աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման իրավասության առնչությամբ: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետում՝ «աշխատողներին» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով համայնքի ղեկավարի համար որպես պատվիրակված լիազորություն սահմանված է հետևյալը, «սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.»: Վերը նշված լիազորությունը, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները իրավակիրառ պրակտիկայում իրականացնում են որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն, մինչդեռ օրենքով այն սահմանված է որպես պատվիրակված լիազորություն: Եթե պրակտիկայում համայնքի ղեկավարը այն իրականացնում են սեփական միջոցների հաշվին, ապա անհասկանալի է դառնում այդ լիազորության օրենքով սահմանված պատվիրակված լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն, նշված լիազորությունը սահմանելով որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բազմաբնակավայր համայնքի յուրաքանչյուր բնակավայրում պետք է նշանակվի բնակավայրի վարչական ղեկավար, բացառությամբ՝ համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրի: Այս օրենսդրական նորմի պահանջը լրացուցիչ վարչական հաստիքի ստեղծման և համայնքի բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու պայման է առաջադրել բազմաբնակավայր համայնքների ղեկավարների համար:

Մինչև 2015 թվականից սկսված վարչատարածքային բարեփոխումները, Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1996 թվականի վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ձևավորվել և գործում էին բազմաբնակավայր համայնքներ, ընդ որում այդ համայնքներում ընդգրկված բազմաթիվ բնակավայրեր չունեն մշտական բնակչություն, ունեն ամառանոցային բնակավայրի կարգավիճակ կամ էլ բնակչության թվաքանակը տատանվում է մի քանի բնակչից մինչև հարյուր բնակիչ: Այս համատեքստում, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ վարչական ղեկավար ունենալու պարտադիր պայման սահմանել միայն 500-ից ավել հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի մասով, առաջարկվում է վարչական ղեկավար ունենալ չունենալու կամ նրա պարտականությունները մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հարցը թողնել համայնքի ավագանու որոշելուն:

Միաժամանակ, Նախագծով համապատասխանեցվում են համայնքային վարչական, համայնքային քաղաքական և համայնքային հայեցողական պաշտոնների հետ կապված կարգավորումները, որոնք նախատեսված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված բնակիչների շրջանում ձևավորվել է առանձնակի գիտակցում առ այն, որ իրենց բնակավայրի «գյուղապետը» կամ «քաղաքապետը» արդեն համարվում է համայնքի ղեկավարը: Սակայն ըստ էության գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը բնակավայրի վարչական ղեկավարին դիտարկում է որպես վերը նշված պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ: Այս հանգամանքը փաստվում է նրանով, որ օրենքով վարչական ղեկավարին վերապահվել են բազմաթիվ լիազորությունները, և ամենակարևորը այն հանգամանքն է, որ օրենքը վարչական ղեկավարին օժտել է իր ղեկավարած բնակավայրում հանդես գալ համայնքի ղեկավարի անունից: Ելնելով վերոգրյալից, նախագծով առաջարկվում է գործող օրենքի վարչական ղեկավարի նշանակումը և գործունեությունը սահմանող «վարչական ղեկավարը» վերնագրով 31-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Վարչական ղեկավարը՝ սույն օրենքի իմաստով գյուղական բնակավայրում համարվում է գյուղապետ, իսկ քաղաքային բնակավայրում՝ քաղաքապետ:»

«Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում համայնքի ղեկավարի համար  սահմանված է՝ «12) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.»: Ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն՝ «41) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.» Առկա է  հստակեցման անհրաժեշտություն։ Տրամաբանական է, որպեսզի համայնքի ղեկավարը գովազդ տեղադրելու թույլտվությունը տրամադրի համայնքի ավագանու հաստատած գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան, այլ ոչ թե՝ քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան։ Հետևաբար նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի գործառութային լիազորությունը համապատասխանեցնել համայնքի ավագանուն վերապահված իրավաստեղծ լիազորության հետ, որպեսզի ապահովվի օրենքի տվյալ դրույթի միատեսակ կիրառությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: Նշված հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:»: Օրենքի նշված դրույթը լիազոր մարմնի համար սահմանել է իմպերատիվ կարգավորում, որից ենթադրվում է, որ իրավական հսկողություն իրականացնող մարմինը պարտադիր պետք է դիմի դատարան պարտավորեցման հայցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում, ոչ բոլոր նման դեպքերում է, որ հսկողություն իրականացնող մարմինը դիմում է դատարան, հետևաբար միանգամայն իրավաչափ կլինի օրենքով հսկողություն իրականացնող մարմնին վերապահել հայեցողական պարտավորություն, այլ ոչ թե իմպերատիվ: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «հայց է ներկայացնում» բառերը փոխարինել «կարող է հայց ներկայացնել» բառերով:

Իրավակիրառ պրակտիկայում համայնքների ՏԻՄ-երի  կողմից կազմվում և մշակվում են համայնքների տարեկան աշխատանքային պլաներ: Սակայն ըստ էության, համայնքի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ, գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որևէ կարգավորում սահմանված չէ:  Հաշվի առնելով այդ փաստաթղթի գործնականում համայնքների կողմից կազմելու, հաստատելու  և կիրառելու իրողությունը, նպատակահարմար է գտնվել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, նոր հոդված սահմանելու ձևաչափով ամրագրել համայնքի տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը և դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները: Գործող օրենսդրության կարգավորումների շրջանակում, համայնքը չունի հակիրճ, հստակ, չափելի ցուցանիշերով օժտված մի փաստաթուղթ, որով կհիմնավորվի իր՝ լրացուցիչ միջոցներ հայտնաբերելու քաղաքականությունը: Բացի այդ, համայնքի ՏԻՄ-երի համար չկա սահմանված  մի փաստաթուղթ, որը  ամբողջական կներկայացնի      ՏԻՄ-երի կողմից տվյալ տարվա ընթացքում տվյալ համայնքում ծրագրավորվող միջոցառումներն ու գործողությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքային, մարդկային ռեսուրսների կառավարման (վերապատրաստում, որակի և կատարողականի գնահատում), գույքի կառավարման (հիմնական միջոցներ), համայնքի տնտեսական զարգացման (ՀՏԶ) ծրագրեր, համայնքում իրականացվող դոնորների ծրագրեր, ծառայություններ և դրույքաչափեր, համայնքի համագործակցությունը պետական ու տարածքային կառավարման մարմինների, օտարերկրյա սուբյեկտների հետ և այլն: Պրակտիկայում, պետական կառավարման մարմիններն ունեն գործողությունների տարեկան ծրագրեր, որոնք համայնքների մասով  առաջացնում են ժամկետային ներդաշնակության և համապատասխանության խնդիր: Ոչ միայն համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը այդ խնդրի կապակցությամբ չի առաջադրում լուծումներ, այլ նաև ՏԻՄ-երը չունեն մեկ փաստաթուղթ, որով կհամադրվեն ՏԻՄ-երի, պետական և այլ ծրագրերը՝ դրանք համակարգելու, կրկնողությունները բացառելու, միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով: Պրակտիկայում բացակայում է ծրագրված և իրականացված քաղաքականությունների և ռազմավարությունների ու միջոցառումների մշտադիտարկման և գնահատման համակարգը, համայնքի  բյուջեում արտահայտված չեն  ներդրումների վերաբերյալ  տեղեկությունները և ժամանակացույցը: Համայնքի տարեկան աշխատանքային պլանը, հնարավորություն կընձեռնի ՏԻՄ-երին՝ արտաքին գործընկերների հետ փոխհարաբերություններում  հանդես գալու, որպես վերլուծված և հիմնավորված քաղաքականություն ունեցող կառույց: Այն միաժամանակ հնարավորություն կստեղծի  միասնականացնել մշտադիտարկման և գնահատման  համակարգը որպես հաշվետվողականության առաջնային, հիմնավորված գործիք ինչպես պետության, այնպես էլ այլ ֆինանսավորողների, գործընկերների ու դերակատարների հանդեպ: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվության վերաբերյալ կարգորոշումներ, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի մասով սահմանվել է համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարողականի և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվության կազմման և ավագանու հաստատմանը ներկայացնելու պարտավորություն և համապատասխանաբար՝ համայնքի ավագանու մասով սահմանվել է այն հաստատելու պարտավորություն:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կվերացնի նշված օրենքի և գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև եղած հակասությունը: Խնդիրը կայանում է հետևյալում, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվում են համայնքի ավագանու որոշմամբ, մինչդեռ՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, դրանք ստեղծվում են համայնքի ղեկավարի կողմից: Առաջարկվում է վերը նշված օրենքի նախագծի շրջանակներում համապատասխանեցնել երկու օրենսդրական ակտերի իրավակարգավորող նորմերը:

Նախագծային փաթեթում ներառված են նաև «Աշխարհագրական անվանումների մասին», «Տեղական հանրաքվեի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Չբացառելով, որևէ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի կամ համայնքային ենթակայության որևէ կազմակերպության  անվանակոչումը կամ անվանափոխումը  դեռևս կենդանի մարդու անունով կատարելու պրակտիկ անհրաժեշտությունը, առաջարկվում է սույն հիմնավորմամբ պայմանավորված օրենսդրական փաթեթում առկա իրավական ակտերի նախագծերով կարգավորել այդ խնդրահարույց հարցերը:  Մասնավորապես օրենսդրական փաթեթում ներառված «Աշխարհագրական անվանումների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է, նշանավոր անձի մահվանից առնվազն 5 տարի անց անվանակոչում կամ անվանափոխում կատարելու օրենսդրական պահանջին զուգահեռ, որպես բացառիկ դեպք սահմանել որևէ նշանավոր անհատի կենդանության ժամանակ նրա անունով ներբնակավայրային օբյեկտ անվանակոչելը կամ անվանափոխելը: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում տեղական հանրաքվե անցկացնելու օրենսդրական պահանջը: Այս հարցերում տեղական հանրաքվե անցկացնելու պարտավորությունը այլևս հնարավորություն չի ընձեռնի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ անձնական կամ այլ շահերից ելնելով, կամայական  որոշումներ ընդունելու և իրենց իրավասությունների  շրջանակներում կատարելու անվանափոխումներ և անվանակոչումներ:

Նշանավոր որևէ անհատի կենդանության ժամանակ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ հստակ գործիքակազմեր են սահմանվել ներկայացվող օրենսդրական փաթեթի մեջ ներառված «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում: Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, որը կսահմանի «պարտադիր տեղական հանրաքվեի դրվող հարցերը»:

Առաջարկվող լրացումների շրջանակներում այդ պարտադիր հարցերը երկուսն են՝ առաջինը,  նշանավոր որևէ անհատի կենդանության ժամանակ նրա անունով ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ կամ համայնքային ենթակայության որևէ կազմակերպություն անվանակոչելը, իսկ երկրորդ հարցը՝ անվանափոխելը: Միաժամանակ, նույն լրացվող հոդվածի շրջանակներում առաջարկվում է համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել պարտադիր կատարման ենթակա  նորմ, համաձայն որի, նշանավոր որևէ անհատի կենդանության ժամանակ ներբնակավայրային օբյեկտ կամ համայնքային ենթակայության որևէ կազմակերպություն անվանակոչելիս կամ անվանափոխելիս՝ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես այդ հարցերի շուրջ անցկացված տեղական հանրաքվեի  արդյունքների վրա:

Այս դրույթի ընդունումը «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի իրավաիրացնող պատմության մեջ առաջին անգամ կսահմանի «պարտադիր տեղական հանրաքվեի դրվող» հարցերը, քանի որ գործող օրենքը սահմանում է միայն տեղական հանրաքվեի դրվող հարցերը, այն էլ հետևյալ վերտառությամբ.  «Տեղական հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությամբ նախատեսված և օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված հարցերը:»:

Օրենսդրական փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է համապատասխանեցնել կարգավորումները «Տեղական հանրաքվեի մասին» և «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հետ: Մասնավորապես, այդ նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու լիազորությունը  համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման  և վերանվանման մասով փոփոխել և խմբագրել:  Առաջին հերթին՝ «անվանման և վերանվանման» բառերը փոխարինել «անվանակոչման և անվանափոխման» բառերով, դրանով իսկ այն համապատասխանեցնելով «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի սահմանած տերմինաբանությանը և հասկացություններին, երկրորդ հերթին՝ ավագանու լիազորությունը լրացնել այն բացառիկ դեպքերի մասով, երբ անվանակոչումը կամ անվանափոխումը պետք է կատարվի նշանավոր անհատի կենդանության ժամանակ:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հանել բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված 1000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված բարձրագույն կրթություն ունենալու պահանջը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ բնակավայրերում այդպիսիք չկան, կամ եղածները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, կամ մյուս հատկանիշներով չեն համապատասխանում վարչական ղեկավարին ներկայացվող պահանջներին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի   ընդունման  արդյունքում կլուծվեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիարկումից առաջացած իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրները, կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, կհամապատասխանեցվեն տարբեր օրենսդրական ակտերի միջև եղած իրավական հակասությունները և կլրացվեն օրենսդրական բացերը: Նշված օրենսդրական նախագծային փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման և առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:

Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման  արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման համալիր իրավահարաբերությունները: Նշված օրենսդրական նախաձեռնությունում առկա բացառիկ դեպքերի վերաբերյալ լրացումները, թույլ կտան համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, իրենց գործունեությունը այդ մասով կազմակերպելու և իրականացնելու բացառապես օրենքի շրջանակներում:  Այս կարգավորումների ընդունումը ևս մի լրացուցիչ գործիք է  համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների այս ոլորտում իրականացվող գործունեությունը կարգավորելու, կամայական որոշումների ընդունումից հրաժարվելու   և հանրային նման կարևորություն ունեցող հարցերի շուրջ սեփական պատասխանատվությամբ  համայնքի բնակչության հետ «հաշվի նստելու» մասով: Առաջարկվող օրենսդրական կարգավորումների ընդունման պարագայում կվերացվի համայնքային մակարդակում աշխարհագրական օբյեկտների և կազմակերպությունների  անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական  սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր և հնարավորություններ՝ սակայն բացառապես համայնքի բնակչության կարծիքի հաշվի առնման պայմաններում (տեղական հանրաքվեի անցկացում): Այս օրենսդրական նախաձեռնությունը բացի բուն կարգավորման տիրույթից, լուրջ խթան կարող է հանդիսանալ տեղական ժողովրդավարության հիմնական գործիքներից մեկի՝ այն է տեղական հանրաքվեի ինստիտուտի կիրարկման և գործուն զարգացման հարցերում: 

 

  • Discussed

    23.10.2018 - 08.11.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14603

Print

Suggestions

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.

See more