Add to favourites

Under development

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր ՀՀ Սահմանադրությունը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ էր սահմանել այնպիսի գործուն մեխանիզմներ, որով կապահովվեր  Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրումը, դրա արդյունավետությունը: Բացի այս հարկ էր  սահմանել կարևոր այլ երաշխքիներ` փաստաբանության ինստիտուտի զարգացման և կայացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով նախատեսվում է իրականացնել փաստաբանության համակարգի հերթական բարեփոխումները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը չի ընդգրկում բոլոր այն կարգավորման առարկաները, որոնք ամրագրված են գործող Օրենքով: Հետևաբար` առաջարկվում է վերախմբագրել նշված հոդվածն այնպես, որ բացառվեն կրկնությունները և ընդգրկվեն Օրենքով կարգավորվող բոլոր առարկաները:

Օրենքի 2-րդ հոդվածում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ որպես փաստաբանության օրենսդրության աղբյուր մատնանշված չէ, մինչդեռ այն պարունակում է մի շարք դրույթներ, որոնք անմիջականորեն վերաբերվում են փաստաբանությանը (դատարանի ներգործության միջոցների, ներկայացուցչության, ապացույցների ձեռքբերման վերաբերյալ փաստաբանի կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները): Ուստի առաջարկվում է 2-րդ հոդվածում ավելացնել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Հաշվի առնելով այն, որ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվում է դատական ներկայացուցչությունը ոչ փաստաբանի կողմից կարող է կատարվել մերձավոր ազգականին (ազգականներին), կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոս բաժնետոմս կամ բաժնեմաս ունեցող անձի կողմից  վճարովի կամ անվճար հիմունքներով իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելիս, համապատասխան կարգավորումները լրացվել են նաև սույն նախագծում:

Օրենքը չի նախատեսում փաստաբանների, փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի կամ փաստաբանական գրասենյակների կողմից այդ բառի օգտագործման ընթացակարգերը, ինչը հաճախ, օրինակ, փաստաբանների կողմից չարաշահվում է: Նախագծով առաջարկվում է Պալատի խորհրդին վերապահել փաստաբանների պալատի անվանումը և  խորհրդանիշն օգտագործելու կարգը սահմանելու իրավասություն:

          Օրենքով փաստաբանների պալատի խորհուրդը պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Հաշվի առնելով խորհրդին վերապահված լիազորություններն անհրաժեշտ է, որ փաստաբանների պալատի գործադիր և կարգապահական գործերը քննող մարմնի կազմում ընդգրկվեն առնվազն որոշակի փաստաբանական ստաժ ունեցող փաստաբաններ: Ուստի նախագծով փաստաբանների պալատի խորհրդի անդամ համար սահմանվում է մասնագիտական գործունեության ցենզ: Ստաժի հետ կապված կարգավորումներ կան, ինչպես պալատի նախագահի, այնպես էլ ՀՊԳ ղեկավարի հարցում, ինչն իրավաչափ է։ Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 43-րդ հոդվածների ուժով Պալատի նախագահի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համար նախատեսված է առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ: Ուստիև նախագծով Պալատի խորհրդի անդամի համար ևս նախատեսվել է որոշակի փաստաբանական ստաժ ունենալու պարտադիր պայման:

Հաշվի առնելով Պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի և օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է Խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով: Սակայն հաշվի առնելով որոշակի հարցերի կարևորությունը, առանձին հարցեր չեն կարող այնուամենայնիվ նիստերի միջոցով պետք է քննարկվեն:

Օրենքով նախատեսված չէ Պալատի խորհրդի որոշման դատական բողոքարկման հնարավորություն (բացառությամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումների), նախագծով այդ բացը շտկվում է՝ համապատասխան լրացում կատարելով:

Օրենքով որակավորման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Պալատի նախագահն է: Հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով նախագծով առաջարկվում է, որ որակավորման հանձնաժողովի նախագահն ընտրվի հանձնաժողովի կազմից, իսկ Պալատի նախագահն առհասարակ մասնակցություն չունենա այդ հանձնաժողովի աշխատանքներին: Բացի այդ, նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովի որոշումների բողոքարկման ընթացակարգ, այդ թվում՝ դատական կարգով, ինչը գործող օրենքով նախատեսված չէ:

Փաստաբանական գործունեության միջազգայնորեն ճանաչված սկզբունքներից մեկը դա շահերի բախումից խուսափելն է: Օրինակ, երբ նախորդ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու, կամ իր կարգավիճակով այլ անձի (կազմակերպության) հետ կապված տեղեկատվությունը կարող է ապագայում օգտագործվել այդ անձի կամ կազմակերպության դեմ իր վստահորդի շահերը ներկայացնելիս:

Նույնը պետք է վերաբերվի այն դեպքերին, երբ փաստաբանը իր վստահորդի շահերը ներկայացնում է մի կառույցի (փաստաբանների պալատի) դեմ, որի վերաբերյալ ունի կամ կարող է ունենալ (իր նախկին կարգավիճակով պայմանավորված) այնպիսի տեղեկատվություն, որն օգտագործելով իր վստահորդի շահերը ներկայացնելիս  անբարեխիղճ արտոնություն կստեղծի նոր վստահորդի համար։ Օրինակ՝ Պալատի խորհրդի անդամը, մասնակցում է խորհրդի որոշումների կայացմանը, իսկ հետագայում ներկայացնում է իր վստահորդի շահերը այդ որոշումները դատական կարգով վիճարկելիս:

Միջազգային պրակտիկան առհասարակ արգելում է հետագայում իր վստահորդի շահերը ընդդեմ Պալատի ներկայացնելը: Ֆրանսիայում արգելված է որոշակի ժամկետով նախկին խորհրդի անդամին դատական վեճով ներկայացնել պալատի հակառակորդ կողմին ընդդեմ պալատի։ Նախագծի հեղինակները տվյալ դեպքում ողջամիտ են համարում ոչ թե ամբողջությամբ սահմանափակումը, այլ որոշակի՝ 5 տարվա ժամկետ սահմանելը:

Օրենքի 17.1-րդ հոդվածը չի կարգավորում օտարերկրյա փաստաբանի կարգավիճակը, հետևաբար անհասկանալի է դառնում օտարերկրյա փաստաբանի իրավունքները և պարտականությունները: Նախագծով առաջարկվում է կարգավորել վերջինիս կարգավիճակը և սահմանել օտարերկրյա փաստաբանի իրավունքները և պարտականությունները: Նրանց կարգավիճակը հավասարեցվում է ՀՀ փաստաբանի կարգավիճակին, սակայն նրանք իրավունք չունեն մասնակցելու փաստաբանական պալատի կառավարչական գործառույթներին, քանի որ պալատի անդամ չեն հանդիսանում:

Փաստաբանի և փաստաբանների պալատի միջև գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով փաստաբանների պալատի աշխատակազմին տրամադրել իր բնակության կամ գործունեության վայրի հասցեի և էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկություններ տրամադրելու պարտավորություն է նախատեսվում: Հաշվի առնելով, որ փաստաբաններն իրենց էլեկտրոնային հասցեները ներկայացնում են փաստաբանների պալատ, նախատեսվում է նաև փաստաբանին էլեկտրոնային եղանակով ծանուցման հնարավորությունը, ինչը կհեշտացնի ու կարագացնի ծանուցումների կազմակերպումը: Միաժամանակ հետագա տարբերակված մեկնաբանություններից խուսափելու համար նախագծով կարգավորվում է փաստաբանների պալատի կողմից իր անդամներին ուղարկվելիք ծանուցումների հետ կապված հարցերը, այդ թվում, երբ փաստաբանը կհամարվի պատշաճ ծանուցված: Եզակի չեն դեպքերը, երբ փաստաբանը փոխել է հասցեն և խզել է կապը Փաստաբանների պալատի հետ: Ուստի առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով փաստաբանը պարտավոր կլինի պալատին տեղեկացնելու բնակության և գործունեության վայրի փոփոխությունների մասին:

Հաշվի առնելով օրենսդրական բարեփոխումները, արբիտրայաժին և հաշտարարության կարգավորումների կիրառումը ՀՀ-ում, նախագծով նախատեսվում է, որ փաստաբանը իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու դիմած անձի հանձնարարականն ընդունել, եթե արբիտր կամ հաշտարար է եղել: Արբիտրը կամ հաշտարարը թեև դատավոր չեն, սակայն կողմերի միջև վեճի լուծումն են ապահովում, ուստի անհրաժեշտ է համապատասխան կարգավորում նախատեսել նաև նրանց համար:

Նախագծով սահմանվել են փաստաբանների վարքագծի կանոնների հիմնական սկզբունքները և դրանց կարգավորումները, որոնք պետք է ուղղորդիչ լինեն փաստաբանների վարաքագծի կանոնագիրքը սահմանելիս:  Արտոնագիրը դադարեցրած անձը այլևս փաստաբան չի հանդիսանում և նա ոչ թե պետք է դիմի արտոնագիր ստանալու, այլ ընդհանուր կարգով պետք է ընդունվի ՀՀ փաստաբանական դպրոց, հետևաբար վերը նշված մասում ընդհանուր կարգով պահանջ չսահմանելը գործնականում կարող է հանգեցնել տարատեսակ մեկնաբանությունների: Բացի այդ մեկ տարվա պահանջը հակասում է Օրենքի 39.9-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով սահմանված երկու տարվա պահանջին, հետևաբար առաջարկվում է տվյալ մասը ճանաչել ուժը կորցրած, քանի որ փաստաբանի արտոնագիրը դադարեցվելուց հետո նա ընդհանուր կարգով պետք է ստանա փաստաբանական գործունեության արտոնագիր, որի կարգն արդեն իսկ սահմանված է օրենքի այլ հոդվածներով: Բացի այդ, նախագծով նախատեսվում է արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու որոշման՝ դատական կարգով բողոքարկման հնարավորություն, ինչը գործող օրենքով նախատեսված չէ:

Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը տառացի մեկնաբանելիս ստացվում է, որ փաստաբանը պետք է մեկ տարի հիվանդ լինի, որ նոր միայն իր արտոնագիրը կասեցնի, մինչդեռ փաստաբանը, եթե կարող է ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթղթեր, որ նա չի կարող աշխատել մեկ տարուց ավելի, ապա նա պետք է իրավունք ձեռք բերի կասեցնելու իր արտոնագիրը: Միաժամանակ նախագիծը նախատեսում է կասեցման հետ կապված այլ բարեփոխումներ: Այդ թվում, նախագիծը թույլ է տալիս արտոնագիրը կասեցված փաստաբանին արտոնագրի կասեցման ժամանակահատվածում անցել սահմանված վերապատրաստումները, որպեսզի հետագայում արտոնագրի գործողությունը վերականգնելիս փաստաբանը ստիպված չլինի հիմնական վերապատրաստման ժամերը լրացնելու հետ մեկտեղ մասնակցելու կասեցված ժամանակահատվածի համար նախատեսված վերապատրաստումներին:

Օրենքի 39.1-րդ հոդվածով որպես կարգապահական վարույթի հարուցման հիմք նշված են միայն անձանց դիմումները, ԶԼՄ-ների հրապարակումները, ՀՊԳ ղեկավարի և հաշվապահի զեկուցագրերը (տեղեկանքները) և դատական սանկցիան, մինչդեռ վերը նշված առիթներով կարգապահական գործի քննության ժամանակ պարզվում է, որ փաստաբանի արարքում առկա են նաև փաստաբանի կողմից Օրենքի կամ վարքագծի կանոնագրքի այնպիսի պահանջների խախտման հատկանիշներ, որոնց առնչվել են օրինակ փաստաբանների պալատի աշխատակիցները` ի պաշտոնե իրենց լիազորություններն իրականացնելիս: Օրինակ, եթե փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերով աշխատակիցը հայտնաբերում է փաստաբանի կողմից վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության խախտման փաստ, ապա տվյալ դեպքում Պալատը այդ մասով կարգապահական վարույթի չի կարող հարուցել կարգապահական վարույթ հարուցելու առիթի բացակայության պատճառով: Գործող օրենքով նախատեսված առիթ է փաստաբանական դպրոցի տրամադած տեղեկանքը: Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսել նաև փաստաբանների պալատի այն աշխատակցի զեկուցագիրը, որն իր աշխատանքային գործառույթներն իրականացնելիս ձեռք է բերել փաստաբանի կողմից սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու վերաբերյալ տեղեկություն:

Համապարփակ կարգավորում է ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության կարգը: Գործող օրենքով փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը կարող է կիրառվել միայն դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում: Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսվել է արտոնագրի գործողությունը դադարեցնելու մյուս հիմքը. մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական խախտում թույլ տված անձի կողմից կրկին անգամ կարգապահական խախտում թույլ տալը, հանդիսանալու է արտոնագրի գործողության դադարեցման հիմք:

Պալատի խորհրդի աշխատանքների գերծանրաբեռնվածության պատճառով՝ նախագծով առաջարկվում է վերապատրաստման դասընթացներին չմասնակցելու, ինչպես նաև անդամավճարը չվճարելու հիմքով հարուցված կարգապահական վարույթների քննության պարզեցված ընթացակարգ: Դրանք պետք է քննվեն Խորհրդի 3 անդամի կողմից, բացառությամբ այն դեպքի, երբ վարույթի իրականացման արդյունքում կարող է նշանակվել արտոնագրի գործողության դադաարեցման տույժը:

Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար:

Նախագծով իրենց ամրագրումն են գտել նաև հետևյալ կարգավորումները՝

1) հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները և ՀՊԳ ֆինանսավորումը:

2) անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում է սահմանվել, ըստ որի օրենքով սահմաված խմբերին անվճար իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել`

 - հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

- հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ ֆոնդի միջոցներից:

3) բարեփոխվել են փաստաբանների պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը:

Օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը չի նախատեսել օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցը, հետևաբար առաջարկվում է կարգավորել այդ հարաբերությունները:

 3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր:

  • Discussed

    31.07.2018 - 20.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11751

Print

Suggestions

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

13. Առաջարկում եմ Նախագծով լրացում կատարել Օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասում և որպես տույժի տեսակ սահմանել նաև ՛՛գրավոր նախազգուշացումը՛՛: Մեկնաբանություն: Փաստաբանների կողմից կարող են թույլ տրվել այնպիսի ոչ էական խախտումներ, որոնց պարագայում ճիշտ չէ կիրառել Օրենքով սահմանված տույժերից որևէ մեկը, քանի որ կխախտվի համաչափության սկզբունքը, սակայն նաև առկա է խախտում, որին պետք է արձագանքել: Նման դեպքերի համար /օրինակ փաստաբանը 90 օր մոռացել է վճարի անդամավճարը/ պետք է մինչև այլ տեսակի տույժ կիրառելը նախապես նախազգուշացնել և հնարավորություն տալ փաստաբանին շտկել իր խախտումը: Նման մոտեցումը նախատեսված է ՀՀ բազում իրավական ակտերում /աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն/: 14. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվել է Օրենքի 39.9-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր հիմք՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը կիրառելու համար, որն ամբողջությամբ անընդունելի է: Մեկնաբաություն: Սանկցիան պետք է համապատասխան լինի կատարված խախտմանը: Արտոնագրի գործողության դադարեցումը դա խստագույն սանկցիա է փաստաբանի համար: Տվյալ պահին գործող Օրենքով նշված սանկցիան կիրառվում է միայն մեկ դեպքում: Օրենսդիրը ժամանակին քաջ գիտակցել է, որ այդ խստագույն սանկցիան կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքում: Անընդունելի է նախագծով նախատեսված՝ արտոնագրի դադարեցման մյուս հիմքը, այն է՝ մեկ տարվա ընթացքում 3 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելը, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից: Սույն նորմը վտանգում է փաստաբանների անկախությունը և անմիջական կախվածության մեջ է դնում պալատից, նախագահից և խորհրդից, և կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարող է խտրական և հայեցողական մոտեցում ցուցաբերվել: Ինչ վերաբերում է ՛՛ անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից՛՛ արտահայտությանը, կարծում եմ այն ընդհանրապես հակասահմանադրական է: 15. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր 7,8,9,10-րդ մասերով, սակայն կրկին խախտված է համարակալումը և նշվել է 7, 28, 29, 30-րդ մասեր: Այդ սխալ համարակալված 30-րդ մասում /որը պետք է լինի 10-րդ մաս/ առաջարկում եմ ՛՛անվճար իրավաբանական օգնություն՛՛ բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. ՛՛…եթե այդ փաստաբանը կամ կազմակերպությունը տվել է իր գրավոր համաձայնությունը, ինչպես նաև այն գործի համարները, որոնց շրջանակներում մատուցվել է անվճար իրավաբանական օգնություն՛՛: Մեկնաբանություն: Միայն փաստաբանի և/կամ կազմակերպության թույլտվությամբ կարող է վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել հմապատասխան ինտերնետային կայքում: Դա նշված անձանց իրավունքն է և վերջններս իրավունք ունեն գաղտնի մնալ: Իսկ գրավոր համաձայնության դեպքում անհրաժեշտ է նշել այն գործի համարները որոնց շրջանակներում այդ անձինք ցուցաբերել են անվճար իրավաբանական օգնության, հակառակ պարագայում կստացվի որ որոշ անձանց ցուցաբերվում է հատուկ տարբերակված մոտեցում և նրանց համար ապահովվում է անվճար գովազդ /իսկ գործի համարների միջոցով հնարով կլինի ճշտել արդյոք վերջիններս ապահովել են անվճար իրավաբանական օգնություն, թե ոչ/: 16. Օրենքում, ինչպես նաև Նախագծում շատ է օգտագործվում ՛՛փաստաբանական ստաժ՛՛ արտահայտությունը: Առաջարկում եմ օրենքով սահմանել այս հասկացությունը, մասնավորապես նշել, թե արդյոք արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածը մասնակցում է փաստաբանական ստաժի հաշվարկմանը, թե՝ ոչ: 17. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 43-րդ հոդվածը: Կարծում եմ գործող նորմը ավելի հստակ է և զերծ է կամայական մոտեցումներից, քանի որ նախատեսում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Այսինքն նախ անհրաժեշտ է ձայների 2/3, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցումը պետք է լինի փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում, մինչդեռ նախագծով լիազորությունների դադարեցման դեպքն ու կարգը վերանում են և տեղիք տալիս կամայական մոտեցման: Ընդհակառակը, կարծում եմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման սպառիչ հիմքերն ու կարգը պետք է սահմանել բացառապես սույն օրենքով: 18. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում: Կարծում եմ դատական կարգով որոշումը վիճարկելու համար նախատեսված ժամկետները բավականին սեղմ են: Առաջարկում եմ սահմանել առնվազն մեկամսյա ժամկետ: 19.Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:». Պետք է նախատեսել հստակ կարգավորումներ, թե ինչպես են ընտրվելու հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները, որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը, ծանոթ-ընկեր-բարեկամ սկզբունքը, չգործի տարբերակված, խտրական մոտեցում և այլն: Սույն խմբագրությամբ ստացվում է, որ հանրային պաշտպանի խնայողությունների կամ հատուկ ֆոնդի հաշվին ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու, փաստաբաններ ընտրելու բացառիկ լիազորությունը առանց որևէ նախապապայմանը, պատկանում է Պալատի նախագահին: 20. Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9, 10, 11-րդ մասերով: Սակայն 9-րդ մասից հետո 10 և 11-րդ մասերը համարակալված են ՛՛35՛՛ և ՛՛36՛՛: Նախագծում և հատկապես վերը նշված սխալ համարակալմամբ մասերում օգտագործվում է ՛՛հատուկ ֆոնդ՛՛ հասկացությունը, մինչդեռ, թե գործող Օրենքով և թե Նախագծով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ ֆոնդը, ինչպես է այն ստեղծվում, ինչ նպատակով, որն է նրա ծախսման ուղղությունները, ով և ինչպես է այն տիրապետում և այլն: Որպես ծախսման ուղղոթյուն միայն նշված է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները՝ կնքված պայմանագրի հիման վրա վարձատրվելու են այդ հատուկ ֆոնդից: Հստակեցման կարիք ունեն վերը նշված հարցադրումները: 21. Նախագծի 32-րդ հոդվածով սխալ համարակալված ՛՛36-րդ՛՛ մասի համաձայն՝ սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից: Սույնով առկա է հակասություն՝ նախ հօգուտ պետական բյուջեի բռնագանձման հայցով դատարան մտնելու իրավունքը վերապահված չէ փաստաբանների պալատին, կամ հանրային պաշտպանի գրասենյակին /պետական շահերի պաշտպանության իրավասությունը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև դատախազությանը/, բացի այդ էլ ՛՛հօգուտ պետական բյուջեի բռնգանձված գումար՛՛ արտահայտությունը արդեն իսկ վկայում է, որ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես ՀՀ պետական բյուջե, այլ ոչ թե ինչ-որ հատուկ ֆոնդ: Բացի այդ, Քաղաքացաիական դատավարության 107-րդ ոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են ՀՀ պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը: Այսինքն, ակնհայտ է որ գումարները գանձվում են ՀՀ պետական բյուջեի օգտին՝ նպատակ ունենալով, որոշ չափով փոխհատուցել /վերականգնել/ արդեն իսկ հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրված գումարները: Հակառակ պարագայում ստացվում է, որ և պետական բյուջեն է նույն գործի շրջանակներում գումար տրամադրում և դրական դատական ակտի դեպքում պարտվող կողմից նույն գործի շրջանակներում գումար է փոխանցվում հատուկ ֆոնդ: Ավելին, նշված օրենսգրքով սահմանված չէ, որ ՛՛պետական բյուջե բռնագանձված գումարները՛՛ իրականում ՛՛տեղափոխվելու են՛՛ հատուկ ֆոնդ: 22. Առաջարկում եմ Օրենքի 45.6-րդ հոդվածում նաև նախատեսել, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել ոչ միայն համապատասխան կրթություն ունեցող անձը, այլ կրթության հետ մեկտեղ վերջինս պետք է ունենա նաև առնվազն 2 տարվա մասնագիտական /իրավաբանի/ ստաժ կամ առնվազն 1 տարի աշխատած լինի որպես փաստաբանի օգնական: Մեկնաբանություն: Փաստաբանի գործունեությունը դա իրավապաշտպան գործունեություն է որն անմիջականորեն ուղղված է անձանց համար իրավուքններ և պարտականություններ առաջացնելուն: Վերջինիս բարձր իրավագիտակցության, պատրաստվածության, հմտության և փորձառության շնորհիվ է նաև պայմանավորված գործի հաջողությունը: Վերջին շրջանը ցույց է տալիս, որ հիմնականում փաստաբանական դպրոցի ունկնդիր են դառնում համապատասխան համալսարանը ավարտած 20-22 տարեկան երիտասարդները, որոնք առանց փորձ ունենալու, ընդամենը 6 ամիս սովորելուց հետո /պրակտիկան գաղտնիք չէ թե ինչպես է անցնում/ դառնում են փաստաբան և ձեռնամուխ լինում անձանց իրավունքների պաշտպանությանը: Պրակտիկան ցույց է տվել որ անփորձ փաստաբանները, օրինակ, չեն կողմոնորոշվում վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների ընտրության մեջ, որի արդյունքում բաց են թողնում հայց նեկայացնելու ժամկետները և անձը ընդմիշտ զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Փաստաբանական դպրոցը պետք է շեշտը դնի ոչ թե քանակի, այլ որակի վրա և անհրաժեշտ է վերանայել տարեկան կտրվածքով փաստաբանական դպրոց ընդունվողների առավելագույն քանակը: 23. Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45.8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և կրկին առկա է համարակալման խնդիր, քանի որ հոդվածը սկսվում է 37-րդ կետից: Վերջին ՛՛40՛՛-րդ կետում առաջարկում եմ ՛՛նախկին'' բառից հետո լրացնել ՛՛փաստաբանի /ով ժամանակին ուներ արտոնագիր/՛՛ բառը: Մեկնաբանություն: Պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնելու հնարավորությունը պետք է տրվի ոչ միայն նախկին դատավորներին և դատախազներին, այլ նաև փաստաբաններին, քանի որ վերջիններս ժամանակին լիենլով փաստաբան միանշանակ ունեն այդ փորձառությունը և իրավունք ունեն նոր երիտասարդ փաստաբաններից տարբերակված մոտեցմամբ ուսում ստանալ դպրոցում: 24. Առաջարկում եմ անցումային դրույթներում ՛՛46՛՛-րդ կետում ՛՛… եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ…՛՛ արտահայտության մեջ ՛՛պալատ՛՛ բառը փոխարինել ՛՛պալատի խորհրդին՛՛ բառերով:

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ՝ Նախագիծ/ հայտնում եմ հետևյալը. 1.Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Նախագծով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում /այսուհետ՝ Օրենք/ կատարվող փոփոխությունների/ լրացումների հոդվածների, կետերի, ենթակետերի համարակալումները՝ օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդված /Օրենքի 27-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ, սկսում է 9-րդ կետից, Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 10 և 11-րդ մասերով, սակայն 10-րդ մասից հետո նշված է ՛՛15՛՛-րդ մաս, Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, սակայն նշված հոդվածի համարակալումը սկսվում է 16-ից, և այլն/: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետում/ առաջարկում եմ ՛՛կամ խորհրդի անդամի՛՛ բառերից հետո լրացնել ՛՛կամ առնվազն 30 փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Նախագծով ստացվում է, որ իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք կարող են ներկայացնել միայն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամը, մինչդեռ փաստաբանական համայնքը բաղկացած է ավելի քան 2000 փաստաբանից և վերջիններս ևս պետք է իրավունք ունենան ստեղծել խումբ և իրենց առաջարկությունները ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, առավել ևս որ մի շարք փաստաբանների կարծիքը կարող է չհամընկնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կամ մի քանի հոգուց բողակացած խորհրդի անդամների կարծիքի հետ, առավել ևս երբ կարող է առկա լինել շահերի բախում: 3. Նախագծի 5-րդ հոդվածում` Օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում…: Նախ անհասկանալի է, թե երբ է ուժի մեջ մտնում փաստաբանների պալատի որոշումը, բացի այդ անհրաժեշտ է բողոքարկման ժամկետի սկիզբը խմբագրել և նախատեսել ոչ թե որոշման ուժի մեջ մտնելը, այլ հասցեատիրոջ կողմից պատշաճ ծանուցվելը: Նույն խնդիրը առկա է նաև Նախագծի 6-րդ հոդվածում /Օրենքի 12-րդ հոդվածի լրացվող 7-րդ մաս/, Նախագծի 7-րդ հոդվածում / Օրենքի 13-րդ հոդվածի լրացվող 12-րդ մասում/ և այլն հոդվածներում: 4. Նույն լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի»: Օրենքի 39.7-րդ հոդվածի համաձայն /Նախագծի 25-րդ հոդված/՝ «Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։» Ամբողջ Նախագիծը եթե խմբագրվի այն տրամաբանությամբ, որ որոշումների բողոքարկման ժամկետները սկսում են հոսել ոչ թե ուժի մտնելու, ստանալու, կամ այլ պահից, այլ բացառապես պատշաճ ծանուցման պահից, ապա կվերանա անհրաժեշտությունը Նախագծի 5-րդ հոդվածում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետում/ նախատեսել բացառություն՝ օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի հետ կպաված: Ավելին, կվերանա խառնաշփոթը և որոշումների բողոքարկման բոլոր դեպքերի համար ժամկետի հաշվարկի սկիզբը կլինի նույնը: 5. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 13-րդ մասում, ճիշտ համարակալման պարագայում՝ 5-րդ մասում/ առաջարկում եմ սահմանել ժամկետ, թե քանի օրում է պալատի խորհուրդը տրամադրում պարզաբանում: Բացի այդ, առաջարկում եմ նման պարզաբանումները հրապարակել պալատի պաշտոնական կայքում, որպեսզի հետագայում խորհուրդը անիմաստ չծանրաբեռնվի և նույն հարցով այլ փաստաբան չդիմի պալատ: Մեկնաբանություն: Ժամկետի սահմանումը հնարավորություն կտա խուսափել փաստաբանի կողմից խախտումը կատարելուց, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ փաստաբանը առնչվել է որևէ խնդրի հետ, որին պետք է արագ լուծում տալ: 6. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետում, ճիշտ համարակալման պարագայում՝ 6-րդ մասի 3-րդ կետում/ առաջարկում ենք ՛՛դատարանի՛՛ բառից հետո լրացնել ՛՛ինչպես նաև գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Փաստաբանը պարտավոր է ոչ միայն դատավորի այլ նաև դատավարության մյուս մասնկիցների, այդ թվում իր գործընկեր փաստաբանների նկատմամբ ևս ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Նման պահանջ ներկայացված է նաև դատավորների համար Դատավորների վարքագծի կանոններում և արժանապատիվ պահվածք և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ ցուցաբերելով փաստաբանը ամրապնդում է նաձանց վստահությունը թե փաստաբանական համայնքի և թե ընդհանրապես արդարադատության նկատմամբ: 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում եմ որպես Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման հիմք նախատեսել նաև փաստաբանի դիմումը: Մեկնաբանություններ: Տարբեր իրավիճակներից ելնելով և ինչ-ինչ անձնական պատճառներով կարող է ծագել անհրաժեշտություն արտոնագիրը կասեցնելու համար /օրինակ անձը չի զբաղվում փաստաբանական գործունեությամբ և հնարավորություն չունի վճարել անդամավճար, կամ երկարաժամկետ մեկնում է երկրից և չի կարող մասնակցել վերապատրաստումների և այլն/: Դա փաստաբանի իրավունքն է, որից վերջինս պետք է օգտվի: 8. Նախագծի 21-րդ հոդվածում /Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում/ առաջարկում եմ ՛՛փաստաբանների պալատին՛՛ բառերը փոխարինել ՛՛փաստաբանների պալատի խորհրդին՛՛ բառերով՝ հաշվի առնելով, որ արտոնգարի գործողությունը կասեցնում է խորհուրդը /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետ/: 9. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 7-րդ մաս/ Նախագծի 21-րդ հոդված/ նախատեսվող լրացումը անընդունելի եմ համարում: Մեկանաբանություն: Փաստաբանը պարտավոր չէ արտոնագրի գործողության կասեցման հիմքերը վերանալուց հետո նորմում նշված ժամկետում արտոնագրի գորոծողությունը վերականգնելու դիմում ներկայացնել, ավելին՝ փաստաբանը ընդհանրապես չի կարող նման պարտավորություն կրել ու դեռ ավելին՝ ուշ ներկայացնելու համար ենթարկվի գույքային պատասխանատվության: Դա փաստաբանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Հնարվաոր է, որ փաստաբանը ընդհանրապես չի ցանկանում վերակականգնել իր արտոնագրի գործողությունը և չի կարող օրենքով դա նրան պարտավորեցվել: 10. Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ/ Նախագծի 21-րդ հոդված/: Առաջարկում եմ բացառություն սահմանել դատավորների համար, քանի որ իրենք իրենց գործունեության բնույթից ելնելով, կարելի է ասել, ամեն օր վերապատրաստվում են: Առաջարկում եմ նաև բացառություն սահմանել արտոնագիրը կասեցրած այն փաստաբանների համար, ովքեր ապացույց կներկայացնեն, որ արտոնագրի գործունեության կասեցման ժամանակահատվածի առնվանզ 2/3-ը զբաղվել են պրակտիկ իրավաբանական գործունեությամբ: Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել, թե որոնք են համարվում պրակտիկ իրավաբանական գործունեության տեսակներ: 11. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 10-րդ մասում առաջարկում ենք ՛՛նախագահին՛՛ բառը փոխարինել ՛՛խորհրդին՛՛ բառով: Մեկնաբանություն: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, ուստի կասեցման ժամկետների հետ կապված հարցերը ևս պետք է կարգավորվի ոչ թե պալատի նախագահի, այլ խորհրդի կողմից: 12. Հետագայում կամայական մոտեցումից խուսափելու նպատակով, առաջարկում եմ սահմանել Օրենքի 39.9-րդ հոդվաի 5-րդ մասում նշված ՛՛ակնհայտ կոպիտ ՛՛ արտահայտության հասկացությունը:

Գայանե Դեմիրչյան

01.08.2018

9. Հնարավոր շահերի բախումից, գործատու-աշխատող հարաբերություններից խուսափելու, փաստաբանի անկախության սկզբունքի ապահովման համար Առաջարկում եմ Նախատեսել դրույթ, ըստ որի փաստաբանների պալատի, այդ թվում` ՀՊԳ աշխատակից հանդիսացող փաստաբանը չի կարող միևնույն ժամանակ լինել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Փաստաբանների պալատում, այդ թվում ՀՊԳ, աշխատանքի անցած խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Նշված դրույթի նախատեսումը կնպաստի նաև ավելի շատ թվով տարբեր փաստաբանների ներգրավվածությանը պալատի տարատեսակ աշխատանքներին (աշխատակազմ, խորհուրդ, հանձնաժողովներ, հանրային պաշտպանի գրասենյակ), բացի այդ միևնույն փաստաբանի ձեռքում կենտրոնացված չեն լինի բոլոր իրավասությունները, ինչը կնպաստի փաստաբանական գործունեության անկախ, տարատեսակ ազդեցություններից զերծ մնալուն:

See more