Add to favourites

Under development

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Երվանդ Վարոսյան 01.08.2018 13:16:03 2015 թվականից ՓՊ-ի կողմից լոբբինգ արվող այս նախագիծն առհասարակ պետք է հանվի շրջանառությունից։ Ու ոչ միայն այն պատճառով, որ վերջնականապես ջախջախում է ՓՊ-ում ներքին զսպման ու հակակշիռների մեխանիզմները, հնարավորություն է ընձեռում ՓՊ աշխատակազմի նկատմամբ վինանսական և այլ վերահսկողություն ունեցող խորհրդի անդամներին միաժամանակ աշխատել նույն աշլատակազմում ու հսկել իրենք իրենց, ոչ միայն կարգապահական վարույթներ նախապատրաստողներին դարձնում է նախագահին ենթակա աշխատողներ, ոչ միայն շարունակում է ամրագրված պահել «անցումային» դրույթը, թե պալատի նախագահը միաժամանակ նաև պալատի խորհրդի նախագահն է և այլ... Այլ այն պարզ պատճառով, որ Փաստաբանության մասին օրենքը կարիք ունի հեղափոխական փոփոխությունների, որոնք կապահովեն ներկա պահին առնվազն CCBE չափանիշներին համապատասխան Փաստաբանների պալատ ունենալ, ապա նաև փաստաբաններին հնարավորություն կտա ունենալ հստակ սահմանված չափորոշիչներով ու իրավունքներով առանձին միավորումներ։ Կարժում եմ մեկ անձի միահեծան իշխանություն ապահովող օրենքն իրեն վաղուց է սպառել։
2 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 Գայանե Դեմիրչյան, Փաստաբան (Արտոնագիր` 1881) Առաջարկություններ և դիտողություններ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) վերաբերյալ 1. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող «11. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու օրվա, ժամի (հեռակա քվեարկության դեպքում` տևողության), ինչպես նաև տեղի (վայրի) մասին փաստաբանները ծանուցվում են առնվազն տասն օր առաջ՝ փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում և առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակվելու միջոցով» դրույթի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը. Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են այն կարևորագուն հարցերի շրջանակը, որը վերապահված է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությանը, հետևաբար այդ կարևորագույն հարցերի քննարկման համար կազմակերպվող նիստի մասին փաստաբանները պետք է ծանուցվեն պատշաճ ժամկետներում: Առնվազն տասն օր առաջ ծանուցվելը, այն էլ բացառապես հրապարակային ծանուցման միջոցով, մեղմ ասած, այդքան էլ պատշաճ չէ: Առաջարկում եմ` նշված դրույթը խմբագրել, բացի հրապարակային ծանուցումից նախատեսել նաև բոլոր փաստաբաններին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումը, իսկ տասնօրյա ժամկետը փոխել և սահմանել առնվազն 15 աշխատանքային օր:
3 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 2. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 12-րդ մասի, այն է. «Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի» վերաբերյալ հայտնում եմ. Այսպես, ինչպես Օրենքում, այնպես էլ Նախագծում նախատեսված չէ, թե որ պահից է խորհրդի որոշումը մտնում ուժի մեջ` հրապարակման պահից, ստորագրման պահից, թե այլ, որպեսզի հասկանալի լինի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը: Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքում «վիճարկել» տերմինը օգտագործվում է երկու անգամ 9-րդ հոդվածի 10-րդ մասում, մնացած բոլոր դեպքերում օգտագործվում է «բողոքարկել» տերմինը, իսկ Նախագծում «վիճարկել» տերմինը (տարբեր հոլովումներով) օգտագործվում է երկու անգամ, «բողոքարկել» տերմինը` 10 անգամ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Առաջարկում եմ իրավական ակտերի հստակության և մատչելիության սկզբունքից ելնելով` 2.1. Նախագծում նախատեսել Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները ուժի մեջ մտնելու պահը: Օրինակ Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է, որ Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Նշված մոտեցումը կարող է որդեգրվել նաև պալատի խորհրդի որոշումների դեպքում: 2.2. Օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասում և առհասարակ Նախագծում կիրառված «վիճարկել» բառը, իր տարբեր հոլովումներով փոխարինել համապատասխանաբար «բողոքարկել» բառով և դրա տարբեր հոլովաձևերով:
4 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 3. Նախագծի 6-րդ հոդվածում և 7-րդ հոդվածում առկա է նույն խնդիրը ինչ նշվեց սույն առաջարկների 2-րդ կետում, այն է` նախատեսված չէ, թե որ պահից է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը, Փաստաբանների պալատի նախագահի որոշումը մտնում ուժի մեջ` հրապարակման պահից, ստորագրման պահից, թե այլ, որպեսզի հասկանալի լինի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը: Առաջարկում եմ այդ մասով համապատասխան խմբագրում կատարել:
5 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 4. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող հետևյալ խմբագրության հետ կապված, այն է` «2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի՝ վեճի առարկային առնչվող շահերից բխող որոշման ընդունումը, արբիտր կամ հաշտարար.», առաջարկում եմ ավելացնել նաև դատավորների օգնականներին, քանի որ վերջիններս մասնակցում են անմիջականորեն վճռի նախագծի կազմման աշխատանքներին և որի շրջանակնորում տիրապետում են տվյալ գործի մի շարք նրբությունների:
6 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 5. Նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ կետի վերաբերյալ, այն է` առաջարկվում է հանրային ծառայության անցնելու կամ նոտար նշանակվելու դեպքում կասեցման ժամկետների հարցում դրսևորել տարբերակված մոտեցում, այն է` անորոշ ժամկետով կասեցում, հայտնում եմ. Տվյալ դեպքում խախտվում է օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրաիրավական սկզբունքը, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ տարբերակված մոտեցման դրսևորումը հանրային ծառայող-փաստաբանի և օրինակ առողջական խնդիրներ ունեցող փաստաբանի միջև: Առաջարկում եմ այդ մասով համապատասխան խմբագրում կատարել և ոչ մեկին անհարկի արտոնություններ չտալ:
7 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 6. Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող լրացման վերաբերյալ հայտնում եմ. Կասեցման հիմքերի վերացման մասին դիմում ներկայացնելը, որպես փաստաբանի պարտականություն սահմանելը հիմնավորված չէ, քանի որ մի շարք դեպքերում օրինակ, հանրային ծառայությունից դուրս գալով անձը չի ցանկանում ծավալել փաստաբանական գործունեություն, այլ մի քանի ամիս անց ցանկանում է դառնալ նոտար: Ստացվում է` մեկ ամսվա ընթացքում փաստաբանը պարտավոր է վերականգնել իր արտոնագրի գործողությունը և ևս 2 ամիս անց այն կասեցնել: Արդյունքում, անիմաստ քաշքշուկ և բյուրոկրատիա: Ավելին` նախատեսվող նորմով սահմանվել է նաև պատիժ` անդամավճարի կրկնապատիկի չափով: Վերոգրյալ նկարագրված իրավիճակում ակնհայկտ է, որ նախատեսվող նորը նպատակահարմար չէ: Կարծում ենք, փաստաբանը պարտավոր է վերականգնել իր արտոնագրի գործողությունը բացառապես այն դեպքում, երբ վերջինս ծավալելու է փաստաբանական գործունեություն: Մնացած բոլոր դեպքերում Օրենքով թույլատրված ժամկետների սահմաններում վերջինս իրավունք ունի կասեցնել իր արտոնագիրը` անկախ այդ հիմքերը վերանալու հանգամանքից: Կասեցման ժամկետների դեպքում բոլոր ռիսկերն ըստ էության կրում է փաստաբանը, արդյունքում որպես հետևանք վերջինիս արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել: Առաջարկում եմ նախագծից հանել նշված կետը:
8 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 7. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող փոփոխությունների արդյունքում Օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասից դուրս է մնում հետևյալ կարգավորում է` Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո: Իսկ Նախագծով առաջարկվող 9-րդ մասը օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու միակ դեպք նախատեսում է արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշման դեպքը, այն ինչ առավել քան ակնհայտ է, որ ցանկացած պարագայում, եթե փաստաբանների պալատի խորհրդի որոշումը բողոքարկվել է, ապա այն չի կարող մտնել օրինական ուժի մեջ, առավել ևս կատարվել: Առաջարկում եմ այդ մասով համապատասխան խմբագրում կատարել և նախատեսել, որ Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո:
9 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 8. Նախագծի հիմնավորումը չի համապատասխանում Նախագծին, Մասնավորապես, Հիմնավորման մեջ նշված է. «Ուստիև նախագծով Պալատի խորհրդի անդամի համար ևս նախատեսվել է որոշակի փաստաբանական ստաժ ունենալու պարտադիր պայման», մինչդեռ նման կարգավորում Նախագծով չի նախատեսվել:
10 Գայանե Դեմիրչյան 01.08.2018 13:40:13 9. Հնարավոր շահերի բախումից, գործատու-աշխատող հարաբերություններից խուսափելու, փաստաբանի անկախության սկզբունքի ապահովման համար Առաջարկում եմ Նախատեսել դրույթ, ըստ որի փաստաբանների պալատի, այդ թվում` ՀՊԳ աշխատակից հանդիսացող փաստաբանը չի կարող միևնույն ժամանակ լինել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Փաստաբանների պալատում, այդ թվում ՀՊԳ, աշխատանքի անցած խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Նշված դրույթի նախատեսումը կնպաստի նաև ավելի շատ թվով տարբեր փաստաբանների ներգրավվածությանը պալատի տարատեսակ աշխատանքներին (աշխատակազմ, խորհուրդ, հանձնաժողովներ, հանրային պաշտպանի գրասենյակ), բացի այդ միևնույն փաստաբանի ձեռքում կենտրոնացված չեն լինի բոլոր իրավասությունները, ինչը կնպաստի փաստաբանական գործունեության անկախ, տարատեսակ ազդեցություններից զերծ մնալուն:
11 Ռուզաննա Ազրոյան 09.08.2018 19:19:01 «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ՝ Նախագիծ/ հայտնում եմ հետևյալը. 1.Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Նախագծով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում /այսուհետ՝ Օրենք/ կատարվող փոփոխությունների/ լրացումների հոդվածների, կետերի, ենթակետերի համարակալումները՝ օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդված /Օրենքի 27-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ, սկսում է 9-րդ կետից, Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 10 և 11-րդ մասերով, սակայն 10-րդ մասից հետո նշված է ՛՛15՛՛-րդ մաս, Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, սակայն նշված հոդվածի համարակալումը սկսվում է 16-ից, և այլն/: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետում/ առաջարկում եմ ՛՛կամ խորհրդի անդամի՛՛ բառերից հետո լրացնել ՛՛կամ առնվազն 30 փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Նախագծով ստացվում է, որ իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք կարող են ներկայացնել միայն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամը, մինչդեռ փաստաբանական համայնքը բաղկացած է ավելի քան 2000 փաստաբանից և վերջիններս ևս պետք է իրավունք ունենան ստեղծել խումբ և իրենց առաջարկությունները ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, առավել ևս որ մի շարք փաստաբանների կարծիքը կարող է չհամընկնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կամ մի քանի հոգուց բողակացած խորհրդի անդամների կարծիքի հետ, առավել ևս երբ կարող է առկա լինել շահերի բախում: 3. Նախագծի 5-րդ հոդվածում` Օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում…: Նախ անհասկանալի է, թե երբ է ուժի մեջ մտնում փաստաբանների պալատի որոշումը, բացի այդ անհրաժեշտ է բողոքարկման ժամկետի սկիզբը խմբագրել և նախատեսել ոչ թե որոշման ուժի մեջ մտնելը, այլ հասցեատիրոջ կողմից պատշաճ ծանուցվելը: Նույն խնդիրը առկա է նաև Նախագծի 6-րդ հոդվածում /Օրենքի 12-րդ հոդվածի լրացվող 7-րդ մաս/, Նախագծի 7-րդ հոդվածում / Օրենքի 13-րդ հոդվածի լրացվող 12-րդ մասում/ և այլն հոդվածներում: 4. Նույն լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի»: Օրենքի 39.7-րդ հոդվածի համաձայն /Նախագծի 25-րդ հոդված/՝ «Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։» Ամբողջ Նախագիծը եթե խմբագրվի այն տրամաբանությամբ, որ որոշումների բողոքարկման ժամկետները սկսում են հոսել ոչ թե ուժի մտնելու, ստանալու, կամ այլ պահից, այլ բացառապես պատշաճ ծանուցման պահից, ապա կվերանա անհրաժեշտությունը Նախագծի 5-րդ հոդվածում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետում/ նախատեսել բացառություն՝ օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի հետ կպաված: Ավելին, կվերանա խառնաշփոթը և որոշումների բողոքարկման բոլոր դեպքերի համար ժամկետի հաշվարկի սկիզբը կլինի նույնը: 5. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 13-րդ մասում, ճիշտ համարակալման պարագայում՝ 5-րդ մասում/ առաջարկում եմ սահմանել ժամկետ, թե քանի օրում է պալատի խորհուրդը տրամադրում պարզաբանում: Բացի այդ, առաջարկում եմ նման պարզաբանումները հրապարակել պալատի պաշտոնական կայքում, որպեսզի հետագայում խորհուրդը անիմաստ չծանրաբեռնվի և նույն հարցով այլ փաստաբան չդիմի պալատ: Մեկնաբանություն: Ժամկետի սահմանումը հնարավորություն կտա խուսափել փաստաբանի կողմից խախտումը կատարելուց, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ փաստաբանը առնչվել է որևէ խնդրի հետ, որին պետք է արագ լուծում տալ: 6. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետում, ճիշտ համարակալման պարագայում՝ 6-րդ մասի 3-րդ կետում/ առաջարկում ենք ՛՛դատարանի՛՛ բառից հետո լրացնել ՛՛ինչպես նաև գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Փաստաբանը պարտավոր է ոչ միայն դատավորի այլ նաև դատավարության մյուս մասնկիցների, այդ թվում իր գործընկեր փաստաբանների նկատմամբ ևս ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Նման պահանջ ներկայացված է նաև դատավորների համար Դատավորների վարքագծի կանոններում և արժանապատիվ պահվածք և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ ցուցաբերելով փաստաբանը ամրապնդում է նաձանց վստահությունը թե փաստաբանական համայնքի և թե ընդհանրապես արդարադատության նկատմամբ: 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում եմ որպես Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման հիմք նախատեսել նաև փաստաբանի դիմումը: Մեկնաբանություններ: Տարբեր իրավիճակներից ելնելով և ինչ-ինչ անձնական պատճառներով կարող է ծագել անհրաժեշտություն արտոնագիրը կասեցնելու համար /օրինակ անձը չի զբաղվում փաստաբանական գործունեությամբ և հնարավորություն չունի վճարել անդամավճար, կամ երկարաժամկետ մեկնում է երկրից և չի կարող մասնակցել վերապատրաստումների և այլն/: Դա փաստաբանի իրավունքն է, որից վերջինս պետք է օգտվի: 8. Նախագծի 21-րդ հոդվածում /Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում/ առաջարկում եմ ՛՛փաստաբանների պալատին՛՛ բառերը փոխարինել ՛՛փաստաբանների պալատի խորհրդին՛՛ բառերով՝ հաշվի առնելով, որ արտոնգարի գործողությունը կասեցնում է խորհուրդը /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետ/: 9. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 7-րդ մաս/ Նախագծի 21-րդ հոդված/ նախատեսվող լրացումը անընդունելի եմ համարում: Մեկանաբանություն: Փաստաբանը պարտավոր չէ արտոնագրի գործողության կասեցման հիմքերը վերանալուց հետո նորմում նշված ժամկետում արտոնագրի գորոծողությունը վերականգնելու դիմում ներկայացնել, ավելին՝ փաստաբանը ընդհանրապես չի կարող նման պարտավորություն կրել ու դեռ ավելին՝ ուշ ներկայացնելու համար ենթարկվի գույքային պատասխանատվության: Դա փաստաբանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Հնարվաոր է, որ փաստաբանը ընդհանրապես չի ցանկանում վերակականգնել իր արտոնագրի գործողությունը և չի կարող օրենքով դա նրան պարտավորեցվել: 10. Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ/ Նախագծի 21-րդ հոդված/: Առաջարկում եմ բացառություն սահմանել դատավորների համար, քանի որ իրենք իրենց գործունեության բնույթից ելնելով, կարելի է ասել, ամեն օր վերապատրաստվում են: Առաջարկում եմ նաև բացառություն սահմանել արտոնագիրը կասեցրած այն փաստաբանների համար, ովքեր ապացույց կներկայացնեն, որ արտոնագրի գործունեության կասեցման ժամանակահատվածի առնվանզ 2/3-ը զբաղվել են պրակտիկ իրավաբանական գործունեությամբ: Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել, թե որոնք են համարվում պրակտիկ իրավաբանական գործունեության տեսակներ: 11. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 10-րդ մասում առաջարկում ենք ՛՛նախագահին՛՛ բառը փոխարինել ՛՛խորհրդին՛՛ բառով: Մեկնաբանություն: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, ուստի կասեցման ժամկետների հետ կապված հարցերը ևս պետք է կարգավորվի ոչ թե պալատի նախագահի, այլ խորհրդի կողմից: 12. Հետագայում կամայական մոտեցումից խուսափելու նպատակով, առաջարկում եմ սահմանել Օրենքի 39.9-րդ հոդվաի 5-րդ մասում նշված ՛՛ակնհայտ կոպիտ ՛՛ արտահայտության հասկացությունը:
12 Ռուզաննա Ազրոյան 09.08.2018 19:19:59 13. Առաջարկում եմ Նախագծով լրացում կատարել Օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասում և որպես տույժի տեսակ սահմանել նաև ՛՛գրավոր նախազգուշացումը՛՛: Մեկնաբանություն: Փաստաբանների կողմից կարող են թույլ տրվել այնպիսի ոչ էական խախտումներ, որոնց պարագայում ճիշտ չէ կիրառել Օրենքով սահմանված տույժերից որևէ մեկը, քանի որ կխախտվի համաչափության սկզբունքը, սակայն նաև առկա է խախտում, որին պետք է արձագանքել: Նման դեպքերի համար /օրինակ փաստաբանը 90 օր մոռացել է վճարի անդամավճարը/ պետք է մինչև այլ տեսակի տույժ կիրառելը նախապես նախազգուշացնել և հնարավորություն տալ փաստաբանին շտկել իր խախտումը: Նման մոտեցումը նախատեսված է ՀՀ բազում իրավական ակտերում /աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն/: 14. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվել է Օրենքի 39.9-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր հիմք՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը կիրառելու համար, որն ամբողջությամբ անընդունելի է: Մեկնաբաություն: Սանկցիան պետք է համապատասխան լինի կատարված խախտմանը: Արտոնագրի գործողության դադարեցումը դա խստագույն սանկցիա է փաստաբանի համար: Տվյալ պահին գործող Օրենքով նշված սանկցիան կիրառվում է միայն մեկ դեպքում: Օրենսդիրը ժամանակին քաջ գիտակցել է, որ այդ խստագույն սանկցիան կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքում: Անընդունելի է նախագծով նախատեսված՝ արտոնագրի դադարեցման մյուս հիմքը, այն է՝ մեկ տարվա ընթացքում 3 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելը, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից: Սույն նորմը վտանգում է փաստաբանների անկախությունը և անմիջական կախվածության մեջ է դնում պալատից, նախագահից և խորհրդից, և կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարող է խտրական և հայեցողական մոտեցում ցուցաբերվել: Ինչ վերաբերում է ՛՛ անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից՛՛ արտահայտությանը, կարծում եմ այն ընդհանրապես հակասահմանադրական է: 15. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր 7,8,9,10-րդ մասերով, սակայն կրկին խախտված է համարակալումը և նշվել է 7, 28, 29, 30-րդ մասեր: Այդ սխալ համարակալված 30-րդ մասում /որը պետք է լինի 10-րդ մաս/ առաջարկում եմ ՛՛անվճար իրավաբանական օգնություն՛՛ բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. ՛՛…եթե այդ փաստաբանը կամ կազմակերպությունը տվել է իր գրավոր համաձայնությունը, ինչպես նաև այն գործի համարները, որոնց շրջանակներում մատուցվել է անվճար իրավաբանական օգնություն՛՛: Մեկնաբանություն: Միայն փաստաբանի և/կամ կազմակերպության թույլտվությամբ կարող է վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել հմապատասխան ինտերնետային կայքում: Դա նշված անձանց իրավունքն է և վերջններս իրավունք ունեն գաղտնի մնալ: Իսկ գրավոր համաձայնության դեպքում անհրաժեշտ է նշել այն գործի համարները որոնց շրջանակներում այդ անձինք ցուցաբերել են անվճար իրավաբանական օգնության, հակառակ պարագայում կստացվի որ որոշ անձանց ցուցաբերվում է հատուկ տարբերակված մոտեցում և նրանց համար ապահովվում է անվճար գովազդ /իսկ գործի համարների միջոցով հնարով կլինի ճշտել արդյոք վերջիններս ապահովել են անվճար իրավաբանական օգնություն, թե ոչ/: 16. Օրենքում, ինչպես նաև Նախագծում շատ է օգտագործվում ՛՛փաստաբանական ստաժ՛՛ արտահայտությունը: Առաջարկում եմ օրենքով սահմանել այս հասկացությունը, մասնավորապես նշել, թե արդյոք արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածը մասնակցում է փաստաբանական ստաժի հաշվարկմանը, թե՝ ոչ: 17. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 43-րդ հոդվածը: Կարծում եմ գործող նորմը ավելի հստակ է և զերծ է կամայական մոտեցումներից, քանի որ նախատեսում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Այսինքն նախ անհրաժեշտ է ձայների 2/3, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցումը պետք է լինի փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում, մինչդեռ նախագծով լիազորությունների դադարեցման դեպքն ու կարգը վերանում են և տեղիք տալիս կամայական մոտեցման: Ընդհակառակը, կարծում եմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման սպառիչ հիմքերն ու կարգը պետք է սահմանել բացառապես սույն օրենքով: 18. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում: Կարծում եմ դատական կարգով որոշումը վիճարկելու համար նախատեսված ժամկետները բավականին սեղմ են: Առաջարկում եմ սահմանել առնվազն մեկամսյա ժամկետ: 19.Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:». Պետք է նախատեսել հստակ կարգավորումներ, թե ինչպես են ընտրվելու հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները, որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը, ծանոթ-ընկեր-բարեկամ սկզբունքը, չգործի տարբերակված, խտրական մոտեցում և այլն: Սույն խմբագրությամբ ստացվում է, որ հանրային պաշտպանի խնայողությունների կամ հատուկ ֆոնդի հաշվին ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու, փաստաբաններ ընտրելու բացառիկ լիազորությունը առանց որևէ նախապապայմանը, պատկանում է Պալատի նախագահին: 20. Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9, 10, 11-րդ մասերով: Սակայն 9-րդ մասից հետո 10 և 11-րդ մասերը համարակալված են ՛՛35՛՛ և ՛՛36՛՛: Նախագծում և հատկապես վերը նշված սխալ համարակալմամբ մասերում օգտագործվում է ՛՛հատուկ ֆոնդ՛՛ հասկացությունը, մինչդեռ, թե գործող Օրենքով և թե Նախագծով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ ֆոնդը, ինչպես է այն ստեղծվում, ինչ նպատակով, որն է նրա ծախսման ուղղությունները, ով և ինչպես է այն տիրապետում և այլն: Որպես ծախսման ուղղոթյուն միայն նշված է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները՝ կնքված պայմանագրի հիման վրա վարձատրվելու են այդ հատուկ ֆոնդից: Հստակեցման կարիք ունեն վերը նշված հարցադրումները: 21. Նախագծի 32-րդ հոդվածով սխալ համարակալված ՛՛36-րդ՛՛ մասի համաձայն՝ սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից: Սույնով առկա է հակասություն՝ նախ հօգուտ պետական բյուջեի բռնագանձման հայցով դատարան մտնելու իրավունքը վերապահված չէ փաստաբանների պալատին, կամ հանրային պաշտպանի գրասենյակին /պետական շահերի պաշտպանության իրավասությունը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև դատախազությանը/, բացի այդ էլ ՛՛հօգուտ պետական բյուջեի բռնգանձված գումար՛՛ արտահայտությունը արդեն իսկ վկայում է, որ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես ՀՀ պետական բյուջե, այլ ոչ թե ինչ-որ հատուկ ֆոնդ: Բացի այդ, Քաղաքացաիական դատավարության 107-րդ ոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են ՀՀ պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը: Այսինքն, ակնհայտ է որ գումարները գանձվում են ՀՀ պետական բյուջեի օգտին՝ նպատակ ունենալով, որոշ չափով փոխհատուցել /վերականգնել/ արդեն իսկ հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրված գումարները: Հակառակ պարագայում ստացվում է, որ և պետական բյուջեն է նույն գործի շրջանակներում գումար տրամադրում և դրական դատական ակտի դեպքում պարտվող կողմից նույն գործի շրջանակներում գումար է փոխանցվում հատուկ ֆոնդ: Ավելին, նշված օրենսգրքով սահմանված չէ, որ ՛՛պետական բյուջե բռնագանձված գումարները՛՛ իրականում ՛՛տեղափոխվելու են՛՛ հատուկ ֆոնդ: 22. Առաջարկում եմ Օրենքի 45.6-րդ հոդվածում նաև նախատեսել, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել ոչ միայն համապատասխան կրթություն ունեցող անձը, այլ կրթության հետ մեկտեղ վերջինս պետք է ունենա նաև առնվազն 2 տարվա մասնագիտական /իրավաբանի/ ստաժ կամ առնվազն 1 տարի աշխատած լինի որպես փաստաբանի օգնական: Մեկնաբանություն: Փաստաբանի գործունեությունը դա իրավապաշտպան գործունեություն է որն անմիջականորեն ուղղված է անձանց համար իրավուքններ և պարտականություններ առաջացնելուն: Վերջինիս բարձր իրավագիտակցության, պատրաստվածության, հմտության և փորձառության շնորհիվ է նաև պայմանավորված գործի հաջողությունը: Վերջին շրջանը ցույց է տալիս, որ հիմնականում փաստաբանական դպրոցի ունկնդիր են դառնում համապատասխան համալսարանը ավարտած 20-22 տարեկան երիտասարդները, որոնք առանց փորձ ունենալու, ընդամենը 6 ամիս սովորելուց հետո /պրակտիկան գաղտնիք չէ թե ինչպես է անցնում/ դառնում են փաստաբան և ձեռնամուխ լինում անձանց իրավունքների պաշտպանությանը: Պրակտիկան ցույց է տվել որ անփորձ փաստաբանները, օրինակ, չեն կողմոնորոշվում վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների ընտրության մեջ, որի արդյունքում բաց են թողնում հայց նեկայացնելու ժամկետները և անձը ընդմիշտ զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Փաստաբանական դպրոցը պետք է շեշտը դնի ոչ թե քանակի, այլ որակի վրա և անհրաժեշտ է վերանայել տարեկան կտրվածքով փաստաբանական դպրոց ընդունվողների առավելագույն քանակը: 23. Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45.8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և կրկին առկա է համարակալման խնդիր, քանի որ հոդվածը սկսվում է 37-րդ կետից: Վերջին ՛՛40՛՛-րդ կետում առաջարկում եմ ՛՛նախկին'' բառից հետո լրացնել ՛՛փաստաբանի /ով ժամանակին ուներ արտոնագիր/՛՛ բառը: Մեկնաբանություն: Պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնելու հնարավորությունը պետք է տրվի ոչ միայն նախկին դատավորներին և դատախազներին, այլ նաև փաստաբաններին, քանի որ վերջիններս ժամանակին լիենլով փաստաբան միանշանակ ունեն այդ փորձառությունը և իրավունք ունեն նոր երիտասարդ փաստաբաններից տարբերակված մոտեցմամբ ուսում ստանալ դպրոցում: 24. Առաջարկում եմ անցումային դրույթներում ՛՛46՛՛-րդ կետում ՛՛… եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ…՛՛ արտահայտության մեջ ՛՛պալատ՛՛ բառը փոխարինել ՛՛պալատի խորհրդին՛՛ բառերով: