Add to favourites

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«----» «-------------------------» 2018 թվականի N---- Ն

 

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ և քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասերով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել թարգմանչի որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումի դեպքում՝ թարգմանիչների որակավորման ստուգման համար ներկայացնել համապատասխան փորձագետների թեկնածությունները:
  3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և առանց որակավորման ստուգում անցնելու երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանալ որակավորման վկայական:
  4. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018թ.

------- թիվ ------ Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

  1. Պետության հաշվին իրավասու մարմնի կողմից որպես թարգմանիչ կարող է ներգրավվել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից անցկացվող թարգմանչի որակավորման ստուգմանը մասնակցած և վկայական ունեցող անձը:
  2. Որակավորման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն լեզվի իմացությունը հավաստող բարձրագույն կրթության կամ համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ):
  3. Դիմողը նախարարություն է ներկայացնում ՝

1) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության  դեպքում).

բ. այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.

գ. դիմողի բնակության և գործունեության վայրերը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն  (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) բարձրագույն կրթության կամ համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:

5) պետական տուրքի և աշխատանքի ստուգման համար վճարի կատարված լինելը հավաստող փաստաթղթերը:

  1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:
  2. 5. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):
  3. 6. Հանձնաժողովը՝

1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.

2) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը, որոնք ենթակա չեն հրապարակման.

3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.

4) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և կարգավորում բողոքարկման հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերը.

5) քննում է դիմողների բողոքները՝ կապված ստուգման կազմակերպման հետ.

6) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.

7) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

  1. 7. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերենին և համապատասխան օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու նրանց գիտելիքները:
  2. 8. Ստուգումները պարտադիր կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ նախարարի հրամանով:
  3. Ոչ ուշ, քան ստուգումն անցկացնելուց քսան աշխատանքային օր առաջ նախարարությունը հրապարակում է հայտարարություն որակավորման ստուգում անցկացնելու մասին: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և նախարարության www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքէջում:
  4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանում է հանձնաժողովը, սակայն սահմանված վերջնաժամկետը չի կարող ավելի ուշ լինել, քան ստուգումն անցկացնելուց տասը աշխատանքային օր առաջ:
  5. Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ` դիմում նշված էլեկտրոնային հասցեով:
  6. Ստուգումն անցկացվում է դռնբաց:
  7. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցից օգտվելու հնարավորության:
  8. Թարգմանությունների ճշտությունն ստուգում են նախարարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առաջադրված՝ համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթուղթ ունեցող մասնագետների ցանկից հանձնաժողովի կողմից ընտրված փորձագետները: Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն՝ թարգմանությունների ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար: Նախարարությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ներկայացնում են փորձագետների թեկնածուներ:
  9. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում նախարարի թույլտվությամբ կարող է անցկացվել նշված լեզվից ստուգում:
  10. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք` հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը:
  11. Փորձագետների աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ յուրաքանչյուրն իր աշխատանքի ստուգման համար 10000 ՀՀ դրամ:
  12. Փորձագետներին թարգմանություններն ուղարկվում են անանուն:
  13. Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
  14. Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է 2 միավորով: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում աշխատանքից պակասեցվում է 1 միավոր: Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում պակասեցվում է 0.5 միավոր: Էական են համարվում այն սխալները, այդ թվում՝ բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման, քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա ազդող շարահյուսական սխալների:
  15. Ստուգումն իրականացվում է քննության անցկացմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
  16. Ստուգումների արդյունքների մասին դիմողիը էլեկտրոնային հասցեով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման արդյունքը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  17. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
  18. Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է նրանց կողմից աշխատանքի ստուգման համար կատարված վճարը և ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:
  19. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով:
  20. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:
  21. Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:
  22. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման արդյունքը նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից տրվում է որակավորման վկայական (այսուհետ` վկայական)(Ձև 1):
  23. Վկայական ստացած անձը պարտավորվում է իրավասու մարմնի կողմից որպես թարգմանիչ ներգրավվելու մասին որոշման դեպքում մասնակցել վարույթին և պատշաճ կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում այդ մասին հայտնել իրավասու մարմնին:
  24. Վկայականում նշվում են`

ա) վկայական տվող մարմնի անվանումը.

բ) վկայականի համարը.

գ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

դ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

ե) այն լեզուն, որով վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանությունները:

  1. Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է նախարարի ստորագրությամբ և նրա կնիքով:
  2. Վկայականը չի կարող օգտագործվել այլ նպատակով, որի մասին նշում է կատարվում վկայականում:
  3. Նախարարության կողմից վարվում է վկայական ստացած անձանց էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝

1) վկայականի համարը.

2) վկայականը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

3) վկայական ստացած անձանց ազգանունը, անունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

4) այն լեզուն (լեզուները), որով վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.

5) վկայական ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.

6) տեղեկություններ վկայականի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին։

  1. Վկայականը տրվում է մեկ օրինակով։ Դրա կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) կամ ոչ պիտանի դառնալու դեպքում անձը վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով դիմում է ներկայացնում նախարարություն:
  2. Նախարարությունը վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է իրեն դիմելու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։
  4. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմել նախարարություն՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար։
  5. Յուրաքանչյուր լեզվից որակավորման ստուգում անցնելու դեպքում թարգմանչին տրվում է նոր վկայական:
  6. Վկայականը տրվում է անժամկետ։
  7. Վկայական ստացած անձանց ցանկը, այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ, վերջինիս գործունեության վայրը, վարույթում ներգրավված լինելու մասին նշումը, ինչպես նաև սույն կետով նախատեսված տեղեկությունների փոփոխությունները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքէջում:
  8. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան։
  9. Իրավասու մարմնի միջնորդությամբ վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ՝ միայն այն դեպքում, երբ պարտականությունների կատարման անհնարինության հանգամանքի բացակայության պայմաններում թարգմանիչը հրաժարվել է կատարել իր պարտականությունները:
  10. Վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին վկայական ստացած անձին պատշաճ ձևով իրազեկվում է քննարկումից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին։
  11. Հարցի քննարկմանը վկայական ստացած անձի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե վկայական ստացած անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում, որը կարող է բավարարվել, եթե նա հարգելի պատճառով չի կարող մասնակցել քննարկմանը։ Նշված հարցը քննարկվում է դռնբաց։
  12. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նախարարություն է վերադարձվում վկայականը, որը կցվում է ստուգում անցած անձի անձնական գործին։
  13. Վկայականի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

 

 

 
 
   

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N-

 

___________________________

(անուն, ազգանուն)

 

 

 (անձնագիր` ________________________________)

 

 

Թարգմանիչ

___________________ լեզու

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար՝

 

____________________________________

 

ՏՐՎԱԾ` __.__.20__թ.                                                                               

 

                                                                                                                                 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք): Օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան 2018 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 395-Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից  «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախա­գիծը մինչև 2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ պետք է ներկայաց­վի Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության աշխատակազմ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասերի պահանջների կատարումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին  Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

  • Discussed

    27.07.2018 - 13.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12005

Print

Suggestions

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

Վերանայել կարգը՝ այն համապատասխանեցնելով նաև ժեստերի լեզվի թարգմանիչների որակավորման առանձնահատկություններին։ Օրինակ՝ հստակեցնել, թե ինչպես է ապահովվելու փորձագետի գնահատմանը ներկայացնելու անանունությունն այս դեպքում։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձ» բառերը փոխարինել «Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հաշվի առնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացնվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների (personal assistant) ծառայությունների ոլորտում, իսկ այս համատեքստում օգնականի հիմնական գործառույթը աուդիոնկարագրություն ապահովելն է, առաջարկում ենք խուսափել հնարավոր կրկնությունից և «օգնականի ծառայություններ մատուցող անձ» բառերի փոխարեն այս համատեքստում գործածել «աուդիոնկարագրողի ծառայություններ մատուցող անձ» բառերը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Սուրդոթարգմանիչ» բառը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանիչ» կամ, նպատակահարմարության դեպքում, «հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» բառերով։ Surdo (surdus) նշանակում է «խուլ», իսկ սուրդոթարգմանիչը՝ խուլի թարգմանիչ։ Եզրն անընդունելի է նույնքան, որքան «ռուսերենի թարգմանչի» փոխարեն «ռուսի թարգմանիչ» արտահայատության կիրառումը։

See more