ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2025թ.-ի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր Կառավարության որոշումներ ընդունելու համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
«Երեխայի իրավունքների մասին» նախկին օրենքում նախատեսված էր համապատասխան լիազորող նորմ, որը չէր ամրագրում հայտնաբերման գործառույթը, ինչը հիմք հանդիսացավ ոչ թե նոր որոշում գրելու, այլ առկա որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին: ՀՀ-ում 26.06.2023թ.-ի ՀՕ-197-Ն օրենքով լրացում է կատարվել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածում, որի համաձայն՝ բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պետության այս մոտեցումն ապահովում է ենթաօրենսդրական պատկան բազայի ձևավորման ստեղծումը և բռնության ենթարկված երեխաների ուղղորդման ինստիտուցիոնալանացումը:
Բացի այդ, 2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է նոր եզրույթներ, կարգավորումներ և գործառույթներ, որոնք ժամանակագրական առումով չէին կարող հաշվի առնվել և նախատեսվեր ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն որոշմամբ, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել քննարկվող որոշումը վերանայել սոցիալական աջակցության տեսակների, այդ գործընթացում ներգրավված մարմինների գործառույթների համատեքստում նույնպես:
Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաև «Հանցագործության զոհերի պաշտպանության, աջակցության և իրավունքների նվազագույն չափանիշների հաստատման մասին և ԵՄ թիվ 2001/220/JHA շրջանակային որոշման փոխարինման մասին» Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի թիվ 2012/29/EU 2012թ.-ի հոկտեմբերի 25-ի hրահանգը, որը սահմանում է երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և հատուկ վերաբերմունքի, հատուկ ընթացակարգերի ապահովումը:
Դեպքի և բռնության ենթարկված անձի հայտնաբերումը և նրա մասին միջգերատեսչական տեղեկությունների փոխանակումն ապահովում է ուղղորդման գործընթացը: Մասնագետների միջամտության համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել երեխան, նրա ծնողները (ծնողներից մեկը) կամ օրինական ներկայացուցիչը, մասնագետը (դաստիարակ, ուսուցիչ, համայնքային և տարածքային մարմնի պատասխանատու, քաղաքացի), իսկ միջամտության առիթ կարող են լինել բուժզննման արդյունքները կամ որևէ այլ լրացուցիչ տեղեկություն: Երեխաների ուղղորդումը, նրանց աջակցության տրամադրումը պետք է լինի կարիքահեն և իրականացվի անհրաժեշտ գնահատումներն իրականացնելուց հետո՝ հասցեական և նպատակային աշխատանք իրականացնելու միջոցով:
Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Շատ կարևոր է, որ այս համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա: Այդ նպատակով մի շարք երկրներում կիրառվում են երեխաների գործի վարման, ներառյալ հարցաքննության միասնական ուղեցույցներ, իսկ քննչական մարմինները կիրառում են այդ ուղեցույցների վրա հիմնված, իրենց ներքին կանոնակարգով սահմանված, երեխաների կարիքների գնահատման ընթացակարգ: Ընթացակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմնի կողմից երեխայի նախնական կարիքների գնահատումը թույլ կտա վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց համապատասխան ուղղորդումներ կատարել: Ներկայումս շատ երկրներում կիրառում են միջոլորտային գործիքաշարեր, որոնք թույլ են տալիս միասնական չափորոշիչներով իրականացնել կարիքի գնահատումը:
Հարկ է նշել, որ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որին հղում է կատարվում քննարկվող որոշման մեջ, և որը պետք է փոխարինել երեխայի խնամքը կարգավորող գործող իրավական ակտով:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է՝
1. ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը,
2. սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը,
3. հստակեցնել որոշման մեջ կիրառվող որոշ եզրույթներ և իրավական տեխնիկայի համատեքստում՝ համահունչությունն այլ իրավական ակտերի հետ:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի փետրվարի 10-ի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-364-Ն և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» N101-Ա որոշման հավելվածի 6-րդ կետից:
-
Duration
09.04.2026 27.04.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 365
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.