ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրական փաթեթը, որը ներառում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքները։ Նոր կարգավորումներով ներդրվել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման՝ «մասնագիտացված կառույցներ-հանրային վերահսկողության խորհուրդ» մոդելը և ոլորտի կարգավորման որոշ գործառույթներ պատվիրակվել են մասնագիտացված կառույցներին, իսկ որոշները՝ հանրային վերահսկողության խորհրդին։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև նշված ոլորոտները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրական փոփոխություններով պայմանավորված իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրություն։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, քանի որ նոր օրենսդրությունը չի նախատեսում նման կարգավորումներ կամ դրանք վերապահված են այլ մարմնի։ Ընդ որում, նոր օրենքների անցումային դրույթներով սահմանվել է նախկինում գործող կարգավորումներից նոր համակարգին անցում կատարելու ժամանակացույցը։ Մասնավորապես, նախկինում կարգավորումների համաձայն տրված հաշվապահի և աուդիտորի որակավորման վկայականների համար սահմանվել է վերջնաժամկետ, որը սպառվել է 2025 թվականի դեկտեմբերին։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են նաև ՀՀ կառավարության որոշումներ, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը, սակայն իրավական առումով շարունակում են գործել։
Միաժամանակ, 2021 թվականի մարտի 4-ին «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու ՀՀ կառավարության լիազորությունը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Վերոգրյալով պայմանավորված, մշակվել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության հետևյալ որոշումները.
1) 1996 թվականի օգոստոսի 8-ի N 245 – որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը, որը դադարել է կիրառվել ՀՀ-ում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման պահից.
2) 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 – որոշմամբ սահմանվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.
3) 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն – որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը։ Այս գործառույթը ներկայումս պատվիրակված է մասնագիտացված կառույցին, իսկ որոշմամբ հաստատված կարգով տրված բոլոր վկայականները ուժը կորցրել են 2025 թվականի դեկտեմբերին.
4) 2005 թվականի փետրվարի 3-ի թիվ 122-Ն - որոշմամբ սահմանվել է աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը և դրանց վարման կարգը։ Գործող օրեսդրությունը նման կարգավորումներ չի նախատեսում.
5) 2005 թվականի փետրվարի 3-ի թիվ 123-Ն - որոշմամբ կանոնակարգվում են աուդիտորների որակավորման հետ կապված հարցեր։ Այս գործառույթը ներկայումս պատվիրակված է մասնագիտացված կառույցին և կարգավորված է համապատասխան որոշումներով.
6) 2008 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1007-Ն – որոշմամբ հաստատվել է աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.
7) 2011 թվականի մարտի 31-ի թիվ 318-Ն - որոշմամբ սահմանվել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, ինչը ներկայումս կարգավորված է օրենքով.
8) 2012 թվականի հունվարի 26-ի թիվ 82-Ն - որոշմամբ հաստատվել է աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը։ Աուդիտորական կազմակերպությունների գործունեության հսկողությունը ներկայումս վերապահված է այն մասնագիտացված կառույցին, որին անդամակցում է և աուդիտորական կազմակերպությունը.
9) 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն և 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 778-Ն - որոշումներով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։ Գործող օրեսդրությամբ աուդիտորական ծառայությունների իրականացումը չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ.
10) 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 89-Ն և թիվ 99-Ն - որոշումներով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները։ Գործող օրեսդրությամբ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման գործառույթը վերպահված է մասնագիտացված կառույցներին և հանրային վերահսկողության խորհրդին, իսկ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորված են համապատասխան իրավական ակտերով.
11) 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 82-Ն – որոշմամբ սահմանվել է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը։ 2021 թվականի մարտի 4-ին «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր «6. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի «6.4 Ինստիտուտների և գործառույթների արդիականացում» կետից՝ նպաստելով հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման առաջադեմ համակարգի ներդրմանը և ապահովելով գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր։
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումները, որոնք չեն բխում ոլորտը կարգավորող գործող օրեսդրության պահանջներից:
7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
27.03.2026 13.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Test
Просмотры 35
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .